Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պօլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «ԱՀ Բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհրդի» կազմակերպած շնորհանդէս-միջոցառումը, որի ընթացքում ցուցադրւեցին Շուշիի գեղարւեստի գործերի կորուսեալ հաւաքածուները։
«alikonline.ir» - Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պօլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «ԱՀ Բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհրդի» կազմակերպած շնորհանդէս-միջոցառումը, որի ընթացքում ցուցադրւեցին Շուշիի գեղարւեստի գործերի կորուսեալ հաւաքածուները։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
«ԱՀ Բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհուրդ»-ը ստեղծւել է 2022թ.-ի մայիսի 30-ին՝ նախագահի հրամանագրով։ Խորհուրդը բաղկացած է 15 անդամներից։
Իր ելոյթում Խորհրդի նախագահ, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը նշեց, որ այս շնորհանդէսում ներկայացւած են կատարւած աշխատանքների մի մասը, որը հիմնականում վերաբերում է գեղարւեստի գործերի կորուսեալ հաւաքածուներին։ «Կայ գործողութիւնների յստակ պլան, որով էլ առաջնորդւում է Խորհուրդը։ Առաջիկայ ամիսներին շատ աւելի մեծ արդիւնքներ կունենանք՝ ցուցակների աւելի ամփոփ, պրոֆեսիոնալ կազմման եւ բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան վանդալիզմի, ոչնչացման դէպքերի մշտադիտարկման արդիւնքների ներկայացման միջոցով, որոնք հասանելի կը լինեն հայաստանեան եւ օտարերկրեայ լսարաններին։ Այս շրջանակներում կարեւոր է բոլորի աջակցութիւնը՝ մասնագիտական աջակցութեան եւ իրազեկման տեսքով։ Առնւազն իւրաքանչիւր ոք իր շրջանակներում՝ Հայաստանում եւ արտասահմանում պէտք է հնարաւորինս տարածի այս նիւթերը, որպէսզի պարբերաբար մենք թեման թէժ պահենք, ներկայացնենք, թէ ինչ ենք կորցրել, ինչ կայ վտանգւած, եւ ինչ կարող ենք կորցնել ապագայում։ Կանխարգելումը ենթադրում է նաեւ նախորդ դէպքերի պատժում, որպէսզի ապագայում նման խնդիրներ չառաջանան»,- մասնաւորապէս նշեց Ա․ Բեգլարեանը։
Խորհրդի աշխատանքները համակարգող, «Մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպութեան նախագահ Սերգէյ Շահվերդեանը մանրամասն ներկայացրել է կատարւած բոլոր աշխատանքները։ Ըստ նրա՝ մինչ հիմնական աշխատանքներին անցնելը խնդիր էր դրւած բացայայտելու բռնազաւթւած տարածքներում մնացած բոլոր հաւաքածուները։ Դա մեծ խնդիր էր, որովհետեւ բացի պետական թանգարաններից ու հաւաքածուներից, կային նաեւ բազմաթիւ մասնաւոր հաւաքածուներ։ Մինչ այժմ ցուցակագրւել են Շուշիի 13 հաւաքածուներ։ Դրանք ե՛ւ գեղարւեստի գործեր են, ե՛ւ թանգարանային նմուշներ։ Դրանք են՝ Շուշիի Կերպարւեստի պետական թանգարանի, Շուշի քաղաքի պատմութեան պետական թանգարանի, Շուշիի երկրաբանութեան պետական թանգարանի, Շուշիի պատկերասրահի, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակի, Շուշիի Արւեստի կենտրոնի ցուցասրահի, Արցախեան գորգի թանգարանի, Շուշիի դրամագիտութեան թանգարանի, Նարեկացի արւեստի միութեան, Սամուէլ Թաւադեանի արւեստանոց-ցուցասրահի, Արտակ Պօղոսեանի արւեստանոց-ցուցասրահի, Դաւիթ Աւագիմեանի արւեստանոց-ցուցասրահի, Վարդան Դուշմանի տուն-թանգարանի, հաւաքածուներ։
«Մեր կարծիքով այս ցանկը վերջնական չէ, հնարաւոր է՝ այս հաւաքածուների շնորհանդէսից յետոյ ի յայտ գան մարդիկ, որոնք այնտեղ ունէին հաւաքածուներ։ Բաւականին դժւար գործ էր նաեւ բացայայտել իւրաքանչիւր հաւաքածուի մէջ ժամանակին ընդգրկւած մշակութային արժէքները։ Շուշիի գրաւման ժամանակ Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային հաւաքածուները, այլեւ դրանց ցանկերը, կատալոգները եւ միւս փաստաթղթերը, ուստի մենք զրոյից ենք հաւաքագրում այդ փաստաթղթերը։ Մեր կողմից կազմւած ցանկերը ցուցակներ են, որոնք ունեն նաեւ ապացուցողական հիմք։ Սրանք պաշտօնական տւեալներ են, այսուհետ պէտք է օգտագործւեն այն անւանումներն ու ձեւակերպումները, որոնք այսօր հրապարակւում են»,- նշեց Ս. Շահվերդեանը՝ աւելացնելով, որ շնորհանդէսին ներկայացւել են Շուշիի 13 հաւաքածուներից 7-ը։
Խորհրդի համակարգողի խօսքով՝ Շուշիի Պատկերասրահի հաւաքածուի մասին տւեալներ չեն կարողացել ստանալ այնտեղի պաշտօնեաների կողմից, եւ ներգործութեան այլ միջոցներ պիտի գործադրւեն։
Կորուսեալ հաւաքածուների թւային պատկերը հետեւեալն է՝ Շուշիի Կերպարւեստի պետական թանգարան՝ 648 ցուցանմուշ, Սամուէ Թաւադեանի արւեստանոց-ցուցասրահի հաւաքածու՝ 168 ցուցանմուշ, Շուշիի Արւեստի կենտրոնի հաւաքածու՝ 66 ցուցանմուշ, Շուշիի քանդակի միջազգային պուրակի հաւաքածու՝ 51 ցուցանմուշ, Դաւիթ Աւագիմեանի արւեստանոց-ցուցասրահի հաւաքածու՝ 37 ցուցանմուշ, Նարեկացի արւեստի միութեան հաւաքածու՝ 36 ցուցանմուշ, Արտակ Պօղոսեանի արւեստանոց-ցուցասրահի հաւաքածու՝ 20 ցուցանմուշ։ «Փաստացի այս պահին Ադրբեջանի վերահսկողութեան տակ է անցել ապացուցողական հիմքով հաւաքագրւած 1026 գեղարւեստի նմուշ։ Թիւրըմբռնում կայ, որ Շուշիի թանգարանների գեղարւեստի գործերի մեծ մասը անհատների նւիրատւութիւններ են, այնինչ դրանք պարզապէս տրամադրւել էին ժամանակաւոր ցուցադրութեան համար։ Այդ երեւոյթին ականատես եղանք Կերպարւեստի պետական թանգարանի, Երկրաբանութեան պետական թանգարանի դէպքում»,- տեղեկացրել է Խորհրդի համակարգողը։
Իւրաքանչիւր հաւաքածուի համար կազմւել են հետեւեալ ձեւաչափով ցանկեր՝ առարկայի անւանումը, նոյնականացման համար անհրաժեշտ տւեալները, արւեստի գործի չափերը եւ այն նիւթը, որից պատրաստւած է։ Իւրաքանչիւր առարկայի տրւած է նոյնականացման չկրկնւող կոդ։ Ցանկերի հիման վրայ ստեղծւել են շնորհանդէսային նիւթեր եւ տեսանիւթեր։ Խորհուրդը նախատեսում է ստեղծել թւային հարթակ, որտեղ կենտրոնացւած են լինելու շարժական եւ անշարժ մշակութային արժէքների վերաբերեալ տեղեկատւութիւններ։ Սա եւս երկար գործընթաց է, որի աշխատանքները կարող են սկսւել միայն հաւաքագրման աշխատանքներն աւարտելուց յետոյ։
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Խորհրդի փոխնախագահ Լեռնիկ Յովհաննիսեանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներ են նաեւ ՀՀ մշակութաբաններ եւ միջազգային իրաւունքի մասնագէտներ: Աշխատանքներ են տարւում Հայաստանում եւ այլ վայրերում այս նոյն շնորհանդէսը կազմակերպելու համար։ «Մարդու իրաւունքների միջազգային դատարանում արդէն երկու գործ կայ, որոնցից մէկը վերաբերում է Հադրութի Ս. Յարութիւն եկեղեցուն, միւսը՝ Քարին Տակի Ս. Աստւածածին եկեղեցու պղծման եւ վանդալիզմի դէպքերին։ Ադրբեջանի կողմից ներկայացւում են հակընդդէմ հայցեր։ Պէտք է պատրաստ լինենք նաեւ պայքարել դրանց դէմ»,- նշեց Լ. Յովհաննիսեանը՝ պատասխանելով վանդալիզմի դէպքերը դատապարտելու մասին հարցին։
Շնորհանդէսին ներկայ էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Յակոբեանը, խորհրդի անդամներ, լրագրողներ։
Լենա Խաչատրեան