Հա

Քաղաքական

20/10/2022 - 12:25

«Օսմանցի գիտնական կրօնապետի ուշագրաւ վկայութիւնը Կովկասի մասին». Կարէն Խանլարեան

Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Կարէն Խանլարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Օսմանցի բարձրաստիճան հոգեւորական, գիտաշխատող եւ հետազօտող՝ Մեհմետ Շերեֆ ուլ-դին Եալթղայան (1879-1947թթ․) հանդիսանում է Օսմանեան Կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան այն բացառիկ կրօնապետերից, ով դաւանաբանական ճոխ հետազօտութիւններից զատ հեղինակն է նաեւ գիտական բազմաթիւ աշխատութիւնների եւ դասագրքերի։ Եալթղայան 1924 թւականից եղել է Թուրքիայի պետական համալսարանների աստւածաբանութեան, պատմութեան եւ գրականութեան դասախօս։ 1933թ․ Զբաղեցրել է Թուրքիայի «Կրօնական հարցերի գրասենեակ»-ի տնորէնի պաշտօնը, մինչեւ մահ։ Այս կրօնապետն է ղեկավարել Քեմալ Աթաթուրքի յուղարկաւորման կրօնական ծիսակատարութիւնը, 1938թ․։

Եալթղայայի նշանակալի աշխատութիւնների շարքին է դասւում՝ «Ռեսըմլի խառիթասի ջուղրաֆիայէ ումումի» (Քարտէզով պատկերազարդ ընդհանուր աշխարհագրութիւն) դասգիրքը, որը տպագրւել է «Քիթաբհանեյէ ասքերի» (բանակի գրադարան) հրատարակչութեան կողմից Ստանբուլում, 1914թ․։ Այս դասգրքում առկայ է «Ումումէ մեմալիքէ օսմանիյէ» (Ընդհանուր օսմանեան պետութիւն) քարտէզը, որի աջ մասում երեւում է՝ Կովկասը։

Սոյն մասում, «Ղուռ» (Կուր) գետի հարաւային եւ «Առաս» (Արաքս) գետի հիւսիսային բաժնում, խոշոր տառատեսակով, նշւած է միմիայն «Էռմենիստան»-ը (Հայաստան), ընդորում միջին տառատեսակով նշւած է նաեւ «Ղառէ բաղ»-ը (Արցախ) եւ փոքր տառատեսակով՝ «հուքեմդարիէ Իռեւան» (կուսակալական Երեւան), «Շուշա» (Շուշի), «Ելիզաւեթպոլ» (Գանձակ) եւ «Ջուլֆա» (Ջուղա) քաղաքաների անունը։

Նոյն մասում, Կուր գետի հիւսիսային բաժնում, խոշոր տառատեսակով, նշւած է «Ղաֆղասիէ»-ն (Կովկասը), միջին տառատեսակով՝ «Դաղեստան»-ը եւ փոքր տառատեսակով՝ «Թիֆլիս», «Բաքու», «Փութ» (Փոթի) եւ «Բաթում» քաղաքաների անունը։

Այստեղ չկա՛յ «Ադրբեջան»-ը։ Իսկ Իրանի տարածքում, Արաքս գետի հարաւային բաժնում միայն երեւում է՝ «Ազերբիջան»-ը (Ատրպատական)։

Ահա թէ օսմանցին ինչպէս էր պատկերացնում Հայաստանն ու Արցախը Կովկասում, 1914թ․։ Ահա թէ ինչպէս կարելի է հիմք ընդունել նման վկայութիւններն այսօր, եթէ իհարկէ առկայ են համապատասխան գաղափարական համոզումը, քաղաքական կամքն ու դիւանագիտական հմտութիւնը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։