Կապանում բացւել է Իրանի հիւպատոսութիւնը: Արարողութեանը մասնակցում էր Իրանի արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը: Դա, անշուշտ, աշխարհաքաղաքական ուղերձ է պարունակում, որն առաջին հերթին ուղղւած է թուրք-ադրբեջանական ալեանսին: Իրանի արտգործնախարարը եւս մէկ անգամ ընդգծել է, որ իր երկիրը թոյլ չի տայ այս տարածաշրջանում սահմանների փոփոխութիւն՝ նկատի ունենալով, իհարկէ, Սիւնիքի մարզի վերաբերեալ մեր հարեւանների յաւակնութիւնները: Մի խօսքով, այս առումով, երէկ տեղի ունեցած իրադարձութիւնը կարելի է միայն դրական գնահատել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Սակայն, կարծում եմ, սխալւում են մեր որոշ վերլուծաբաններ, թէ իբր Հայաստանի հարցում Միացեալ Նահանգների եւ Իրանի շահերը համընկնում են: Այդ պնդումը գուցէ պայմանաւորւած է միամտութեամբ կամ ցանկալին իրականի տեղ դնելու ցանկութեամբ: Այդ երկու երկրների շահերը հակադիր են ամենուր, նաեւ՝ մեր տարածաշրջանում, եւ ես խիստ կասկածում եմ, որ Իրանի ակտիւութիւնը դրական է ընկալւում Միացեալ Նահանգների կողմից:
Դրա վկայութիւնները բազմաթիւ են. օրինակ, վերջերս ԱՄՆ Պետքարտուղարութեան փոխխօսնակ Վեդենթ Փաթըլը նշել է, որ Իրանը յայտնի է տարածաշրջանում իր ապակայունացնող գործունէութեամբ: Նա նաեւ յաւելել է, որ ՄԱԿ-ի 2231 բանաձեւն արգելում է Իրանին որեւէ երկրի զէնք վաճառել: Համատեքստն, իհարկէ, իրանական ԱԹՍ-ներով Կիեւի եւ ուկրայինական այլ քաղաքների՝ Ռուսաստանի կողմից իրականացւող հրետակոծութիւնն է, բայց ընդհանուր վերաբերմունքն այդ խնդրին, կարծում եմ, ակնյայտ է: Այդ առիթով յիշեցնեմ իրանցի գեներալ Սաւաֆիի յայտարարութիւնն այն մասին, որ 22 երկրներ (որոշ աղբիւրներ նշում են, թէ դրանց թւում է նաեւ Հայաստանը), յայտ են ներկայացրել իրանական ԱԹՍ-ներ գնելու:
Մի խօսքով, ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը խիստ տարբեր են: Միացեալ Նահանգները, թէեւ մեր երկրի նկատմամբ, ընդհանուր առմամբ, բարեացակամ է տրամադրւած, շահ ունի նախեւառաջ Իրանին թուլացնելու: Իսկ Հայաստանի դէպքում՝ ինչպէս որ ստացւի: Ովկիանոսից այն կողմ, ինչպէս նաեւ Եւրոպայում, շատ չեն տխրի, եթէ հայկական պետութիւնը վերանայ՝ մեր պետականութեան պահպանման հարցը նրանց առաջնահերթութիւնների մէջ չի մտնում: Իրանը, հակառակը, շահագրգռւած է, որ մենք անկախ պետութիւն ունենանք:
Դա նաեւ որոշ չափով Ռուսաստանի շահերից է բխում, չնայած Կրեմլը ցանկանում է, որ մենք լինենք, բայց՝ որպէս նրանց արբանեակ (այդ առումով լիովին վստահում եմ Հաւաստի Աղբիւրին): Ինչպէս գլուխ հանել այդ դժւարին ռեբուսից, պէտք է մտածի մեր դիւանագիտութիւնը եւ կառավարութիւնն ընդհանրապէս: Բայց եթէ այնտեղ վստահում են մեր վերլուծաբաններին, ըստ որոնց, հնարաւոր է ստեղծել հայ-ամերիկա-իրանական ալեանս՝ ընդդէմ Թուրքիայի, ապա նրանք, մեղմ ասած, սխալ ճանապարհի վրայ են:
Aravot.am