Ռուսաստանի հնարաւորութիւններն արդէն աւելի յարաճուն են դառնում, ինչը հանարաւորութիւն է տալիս Կրեմլին առաւել կտրուկ արձագանգել զարգացումներին Անդրկովկասում: Երկրորդ, ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է, որ հաւաքական Արեւմուտքը հնարաւորին ու անհնարին ջանքերը գործադրում է՝ պոկելու Հայաստանը Ռուսաստանից»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը:
«alikonline.ir» - «Ռուսաստանի հնարաւորութիւններն արդէն աւելի յարաճուն են դառնում, ինչը հանարաւորութիւն է տալիս Կրեմլին առաւել կտրուկ արձագանգել զարգացումներին Անդրկովկասում: Երկրորդ, ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է, որ հաւաքական Արեւմուտքը հնարաւորին ու անհնարին ջանքերը գործադրում է՝ պոկելու Հայաստանը Ռուսաստանից»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելութեան ֆոնին ռուսական ակտիւութեանը եւ մասնաւորապէս, Մարիա Զախարովայի յայտարարութեանը, թէ նախատեսւում է ՀԱՊԿ հաւաքական անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստ գումարել եւ քննարկել Հայաստանին տրամադրւելիք աջակցութեան հարցը:
Միեւնոյն ժամանակ, ռազմական փորձագէտը նկատում է, որ գործադրւող ջանքերով ու շտապողականութեամբ հանդերձ, Արեւմուտքը շատ անկեղծ է: «Կոնգրեսականներն եկան ու ասացին, որ Արցախը պէտք է մնայ Ադրբեջանի կազմում, Տոյւօ Կլաարը յայտարարում է, թէ պէտք է լուրջ քննարկել Արցախի հայութեան իրաւունքների հարցը եւ այլն: Մենք պէտք է ֆիքսենք հետեւեալը՝ հաւաքական Արեւմուտքի դիրքորոշումն այն է, որ Արցախը պէտք է լինի Ադրբեջանի կազմում, աւելին, շարունակութիւն կայ՝ Սիւնիքն էլ պէտք է լինի կամ Ադրբեջանի կազմում կամ նւազագոյնը, Սիւնիքի կոմունիկացիաները պէտք է միջանցքի տրամաբանութեամբ գործեն, պարզապէս, այդ երկրորդ հատւածը բացայայտ չեն հասում՝ հասկանալով, որ պատերազմի սթրեսի մէջ ժողովրդին չի կարելի մատուցել այդ ամբողջ հակահայկականութեան ծաւալը»:
Ջամալեանի խօսքով, ԵՄ առաքելութիւնը գրոշի արժէք, իրականում, չի կարող ունենալ, որովհետեւ, լաւագոյն դէպքում այն կարող է զեկոյց հրապարակել, որի վրայ Ադրբեջանը թքած ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը եւ փաստին, որ նա հրաժարւել է իր սահմանին տեղակայել ԵՄ դիտորդներին, Ջամալեանի խօսքով վկայում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանը, մի կողմից չի ցանկանում յարաբերութիւնները փչացնել ՌԴ-ի հետ, միւս կողմից էլ՝ Բաքւում հասկանում են, որ այդ ամէնը հայ հասարակութեանը մոլորեցնելու համար է, իսկ իրականում արեւմտեան դիրքորոշումը պրոադրբեջանական է:
«Դա ընդամէնը արւում է հայ հասարակութեանը արեւմտամէտ դարձնելու եւ մոլորեցնելու համար: Ինչ վերաբերում է ռուս-իրանական հակազդեցութեանը, ապա այն օրինաչափ է եւ աւելի յարաճուն է դառնալու: Առողջ հայրենասիրական ուժերը պէտք է յստակ դնեն հարցը, որ Արցախը չպէտք է լինի Ադրբեջանի կազմում: Այդ դիրքորոշումը համահունչ է տարածաշրջանում դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի հեռահար շահին: Թուլացած Հայաստանի պարագայում Արցախի հայապատկանութեան երաշխաւորը դաշնակից Ռուսաստանն ու բարեկամ Իրանն են, աւելին, թուլացած Հայաստանի ռեսուրսների վերականգնման երաշխիքը նրանց հետ յարաբերութիւնների խորացումն է»,- կարծում է Ջամալեանը:
Հարցին, թէ արդեօ՞ք, սառոյցը, այսպէս ասած հալեցնում է գործող իշխանութիւնը՝ Իրանից ԱԹՍ-ների գնման յայտով, ռազմական փորձագէտ պատասխանեց. «Մինչեւ առաջին իրանական ԱԹՍ-ը չպայթի ադրբեջանական մի յենակէտի վրայ, ես չեմ հաւատայ, թէեւ, սկզբունքօրէն չեմ բացառում, որ բարեկամ եւ դաշնակից երկրների ճնշման ներքոյ նիկոլական իշխանութիւնը գնայ ինչ-որ քայլերի, բայց մինչեւ այդ ԱԹՍ-ները գործնական կիրառում չստանան, ես չեմ հաւատայ, որովհետեւ, տրամաբանական հարց է առաջանում, թէ ինչու չէր նախկինում դա արւում: Այսուհանդերձ, եթէ այդ քայլն արւել է, շատ լաւ է, դա մեր զինւորների կեանքին է առնչւում»:
Ամփոփելով Ջամալեանը եւս մէկ անգամ շեշտեց, որ ՌԴ-ն աւելի ինտենսիւ է հետեւում զարգացումներին, աւելի կտրուկ է ընդգծում իր տեղն ու դերը ռեգիոնում եւ հաշւի առնելով բարեկամ Իրանի աննախադէպ հայամէտ դիրքորոշումը, պէտք է հետեւեալ եզրակացութիւնն անենք. «Իշխանափոխութիւնից յետոյ կայ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան վերականգնման լրջագոյն աշխարհաքաղաքական ռեսուրս, որը պէտք է խելամիտ օգտագործել: Այդ դէպքում մենք կունենանք հայապատկան Արցախ՝ իր նախկին սահմաններով եւ գուցէ շատ աւելի մեծ յաջողութիւններ, որոնց մասին հիմա խօսելը, գուցէ անիրական թւայ»: