Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատւամիջոցը, որը գործունէութիւն է ծաւալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրութիւն է հրապարակել, որտեղ մի շարք բացայայտումներ է արւում 44-օրեայ պատերազմի եւ դրանում ադրբեջանական զօրքերի խնդիրների վերաբերեալ։
«alikonline.ir» - Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատւամիջոցը, որը գործունէութիւն է ծաւալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրութիւն է հրապարակել, որտեղ մի շարք բացայայտումներ է արւում 44-օրեայ պատերազմի եւ դրանում ադրբեջանական զօրքերի խնդիրների վերաբերեալ։
Ձայնագրութիւնը պատկանում է 2020թ. նոյեմբերի 23-ին օկուպացւած Մատաղիսում ականի վրայ պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրութիւնն արւել է Սամիդլիի մահւանից օրեր առաջ։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինւորականը փաստում է, որ ադրբեջանական զօրքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրեայ պատերազմին, որ հայկական զօրքերն ունեցել են 30 տարւայ պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինութիւն եւ զինամթերք, հետեւաբար հայկական կողմի պարտութեան պատճառները պէտք է որոնել ոչ թէ ռազմի, այլ քաղաքական դաշտում։
Այս ձայնագրութիւնը կարեւոր է նաեւ հայ հասարակութեան մէջ սեփական բանակի նկատմամբ վստահութեան բարձրացման տեսանկիւնից՝ չնայած հայաստանեան իշխանութիւնների՝ բանակը քանդելուն եւ հեղինակազրկելուն ուղղւած շարունակական քայլերին։
Ստորեւ ներկայացնում ենք Yerkir.am-ի կողմից ձայնագրութեան թարգմանութիւնը (որոշակի կրճատումներով)։
«Պատրաստութիւն պատերազմին
Գեներալ-լէյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիւ վարչութեան պետ) մեզ շատ էր ճնշում։ Նա մեզ ստիպում էր, որ թշնամու վերաբերեալ ստացած տեղեկութիւնների քանակը քիչ ցոյց տանք։ Միայն թէ զեկուցեն Գերագոյն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայութիւնը ապահովել ենք եւ պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դէմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դէմ ես պէտք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցոյց տանք։
Մեր հրամանատարն էլ չէր ցանկանում դա անել, սկսեցին (Հասանովը) նրան վիրաւորել. «Պամպերս հագիր դու, վախկոտ»։ Նա էլ ասում էր. «Ես վախկոտ չեմ, պրոֆեսիոնալ զինւորական եմ։ Ես եթէ յարձակւում եմ, պէտք է եռապատիկ առաւելութիւն ունենամ, որպէսզի զինւորներս շատ չմեռնեն»։ Ես 6 գումարտակով յարձակւել եմ 9 գումարտակի դէմ, բայց չպէտք է այդպէս լինէր։ Որովհետեւ կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին պաշտպանութեան է նստած եւ 30 տարւայ պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մեզ ստիպում էին, որպէսզի օգոստոսին, Թովուզի դէպքերին (Տաւուշում յուլիսեան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրութիւններում թշնամու քանակը քիչ ցոյց տայինք։
Եթէ թուրքերը չգային... Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացաւ ասել։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիեար փաշան (նկատի ունի Բահթիեար Էրսոյին՝ Ադրբեջանում թուրքական զօրակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զօրքերի օպերատիւ գծով հրամանատար, գեներալ-մայոր) կը գնայ ու Էրդողանին կը պատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպէս չէ։ Նրանից յետոյ Բայրաքթարը (ԱԹՍ) եկաւ։ Բայրաքթարը չգար, առաւելութիւն չէինք կարողանայ ապահովէինք։ Յարձակման ժամանակ անյաջողութիւն կը կրէինք։
Մոբիլիզացիա
- Ինչպէս է անցել մոբիլիզացիան…
- Դրանք խայտառակ վիճակում են։ Ինչպէս արդէն ասացի, ցուցակներում ասւում էր, որ պէտք է զօրակոչւեն վերջին 3 տարում զօրացրւածները, ովքեր չեն մոռացել զէնք բռնել, կռւել։ Բայց նրանք բերեցին 2005, 2006, 2008թ. զօրացրւածներին, զօրացրւել են 10-15 տարի առաջ։ Նրանք ոչինչ չեն յիշում ծառայութիւնից։ Նաեւ նրանց ֆիզիկական հնարաւորութիւններն են թուլացել, նրանք արդէն տարիքով են։ Ինձ (սեպտեմբերի) 21-ին (մոբիլիզացւած զօրք) բերեցին, 26-ի գիշերը յարձակման անցայ։ 5 օրում ինչ կարող էի սովորացնել զինւորին։ 5 օրում ինչ կը հասցնէի, նրանց ընդունեցի, հագցրեցի, զէնք տւեցի։ Չկարողացայ ոչ մի պատրաստութիւն անցկացնել։ Բայց եթէ նրանց ինձ տային 10-15 օր առաջ, ես նրանց կը պատրաստէի կռւի, պատերազմը 44 օր չէր տեւի, 20 օրում կը վերջանար։ Պատերազմի ամէն օրը երկրին միլիարդաւոր դոլարներ են արժեցել։ Ամէն օր։ Ինչքան պատերազմը երկարում էր, մեր տնտեսութիւնը տուժում էր։
44 օր
- Ինչու 44 օր տեւեց։
- Գլխաւոր պատճառներից մէկը հրետանային կրակի գերակայութիւնն էր։ Թշնամու մօտ էր այն։ Որովհետեւ մենք շատ Դ30-Դ44 ունէինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ունէր Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձնից թնդանոթները 15 կմ առաջ էր տեղակայում, ես արկը լիցքաւորում ու չէի կարողանում նրան խփել, իսկ ինքը ինձնիցն 15 կմ յետ էր խփում։ Իմ դիւիզիոնները նոյնպէս։ Եւ դա դանդաղեցնում էր իմ յարձակումը։ (Պատերազմի) Երկար ձգւելու հիմնական պատճառներից մէկն այս էր։ Ամենամեծ պատճառը այն էր, որ նրանք (ադրբեջանցի գեներալները)… հարւածային գումարտակներ, լեռնային դեսանտային բրիգադներ չէին պատրաստել։ Միայն հետեւակ էին պատրաստել։ Հետեւակն էլ ինչ պէտք է անէր այս տարածքում։ Յատուկ զօրքեր են պէտք լեռներում, անտառներում կռւելու համար։ Իմ բանակային կորպուսում մէկ հետախուզական գումարտակ ունէի՝ 300 անդամով։ Այն ունի նաեւ երկու ստորաբաժանում՝ յատուկ նշանակութեան։
Անհրաժեշտ էր քանակն աւելացնել։ Քանի առաջարկներ էինք գրել, մասնաւորապէս ապրիլեան բախումներից յետոյ… հարւածային գումարտակներ են մեզ պէտք։ Թող իմանան լեռնային հատւածում կրակել, կռւել։ Մեզ դա չտւեցին։ Չթողեցին անձնակազմին սովորացնել դա։
- Դո՞ւք էիք կրակում 15 կմ։
- Այո, նրանք Դ20 ունէին։
- Ինչու մերոնք չէին գնել այդ 30 կմ կրակող հրետանուց։
- Խնդիրն այն է, որ Բելառուսը Դ20 էր վաճառում, դրանք չգնեցին, գնացին ՌԴ-ից Դ30 գնեցին։ Այդ Դ20-ները Բելառուսը Հայաստանին վաճառեց։ Ինչքան վնաս են մեզ տւել այդ Դ20-ները պատերազմում։
Անբաւարարութիւն
- Մենք չե՞նք ունեցել սաղաւարտներ։
- Զրահաբաճկոններ, սաղաւարտները չէին բաւականացնում, իսկ զինամթերքը սպառւել էր երկու շաբաթում…
Զրահաբաճկոններով 62 տոկոս էինք ապահովւած, կապի սարքաւորումները՝ 49 տոկոսով, 51 տոկոսի պակաս ունէի կապի սարքաւորումների։ Կռւից 3 օր առաջ Տ55 տանկեր էին ուղարկել։ Ոչ մէկ կապի սարք չունէր։ Տանկը տանկի հետ չէր կարողանում կապ ապահովէր։ Այսինքն մենք այս կերպ ենք յաղթել։ Մեծ դժւարութիւններով։ Նրանց նպատակը (նկատի ունի ադրբեջանցի բարձրաստիճան զինւորականների) պարոն նախագահի կամքը կոտրելն էր եւ Ղարաբաղը յանձնել։ Կարծես ուժերը չբաւականացրեց։
GPS սարքից կորպուսում 7 հատ կար, նւազագոյնը 100 է պէտք, ամէն հրամանատար պէտք է ունենայ։ Գնացիր լեռ, անտառ, պէտք է կորդինատներ տաս եւ հրետանային աջակցութիւն ուզես։ Բայց չկայ… Սովորական սարք է GPS-ը, աշխարհի բոլոր բանակներում կան, իսկ մեր 20 հազարանոց կորպուսում 7 հատ է։
Դիպուկահարներ
Մինչեւ 2019թ. մենք ունէինք դիպուկահարների ստորաբաժանումներ։ Մենք ստեղծել եւ սովորացնում էինք դիպուկահարներ։ Բայց Հայաստանը դիպուկահարների երկու դպրոց ունի։ Մեզ դիպուկահարների մէկ դպրոց չթողեցին սարքել։ Կազմակերպել են 45-օրեայ կուրսեր։ Գիտէք, որ 45 օրում դիպուկահար պատրաստել հնարաւոր չէ։ Դիպուկահարին պատրաստելու համար պէտք է 6 ամսից 12 ամիս։ Մենք ինքնուս էինք։ Անցեալ տարի կար Վասեակը՝ բելառուս, խախոլ (ուկրայինացի), Ալեքսանդր Պետրովիչ Վասեակ, որին բերել էր Նեջմեդդինը (Սադիգով)։ Մեր նախարարութիւնում նրան գեներալ էին դարձրել։ Նա վերցրեց եւ վերացրեց դիպուկահարների ստորաբաժանումը…»։
Ա. Ե.