Հա

Քաղաքական

23/10/2022 - 13:20

Հայաստանը կործանման նախաշեմին. ի՞նչ է տեղի ունենում երկրի ներսում եւ շուրջը

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ու ԵԽ նախագահ Շառլ Միշէլը հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ, որում նշւում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»:

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ու ԵԽ նախագահ Շառլ Միշէլը հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ, որում նշւում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»(1):

Սա մի ձեւակերպում է, որը բացայայտում է ադրբեջանա-հայկական բանակցութիւնների հետագայ ողջ ընթացքը։ Հայ հանրութիւնը տարակուսած է՝ ինչ է նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Արցա՞խն էլ է մաս կազմում այդ ամբողջականութեանը՝ տարբեր հարթակներում հարցնում են հայ քաղաքացիները՝ կարծես չցանկանալով հաւատալ, որ անցած երեսուն տարւայ պայքարը կարող է այսպիսի անփառունակ աւարտ ունենալ։ Եւ ոչ ոք կարծես չի համարձակւում խոստովանել, որ այո՛, այս փաստաթղթով Փաշինեանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Բայց որպէսզի իր հասցէին ուղղւած մեղադրանքներն ու քննադատութիւնները որոշ չափով մեղմելու հնարաւորութիւն ունենայ, Հայաստանի գործող ղեկավարը երկու փոքրիկ հնարք է կիրառում.

ա) Ասում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը Հայաստանը ճանաչել է դեռեւս 1991թ., երբ անդամակցում էր ԱՊՀ-ին։

բ) Խօսում է «Բաքւի եւ Ստեփանակերտի միջեւ քննարկումների մեխանիզմներ» ստեղծելու անհրաժեշտութեան մասին(2)։

Այս երկու պնդումն էլ, իհարկէ, մանիպուլեատիւ են եւ բխում են բացառապէս Ադրբեջանի շահերից։ Սակայն սեփական ընտրազանգւածի առաջ արդարանալու տեսանկիւնից լիովին աշխատող են Փաշինեանի համար, որը վստահ է, որ այդ կերպ կարող է Ադրբեջանի «տարածքային ամբողջականութեան» ճանաչման մեղքը գցել նախկինների վրայ, իսկ Արցախի համար տալ այնպիսի խոստումներ, որոնք կը համոզեն իր էլեկտորատին, թէ իբր ինքն ամէն ինչ անում է, որպէսզի արցախահայութեան շահերը պաշտպանւած լինեն։ Ընդ որում, պէտք է նշել, որ Ալիեւի շարունակ կրկնւող յայտարարութիւններն այն մասին, որ Ստեփանակերտի հետ Բաքւի յարաբերութիւններն Ադրբեջանի ներքին գործն են, եւ իրենք թոյլ չեն տայ, որ որեւէ այլ երկիր փորձի միջամտել դրանց, Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնութեան համար լսելի չեն։ Այս առումով Փաշինեանն ու իր քարոզչամեքենան իսկապէս լաւ են աշխատում։

Ինչեւէ, հայկական պետութիւնների առջեւ այսօր ծառացած հիմնական մարտահրաւէրը նոյնիսկ Պրահայում ընդունւած քառակողմ յայտարարութիւնը չէ, այլ այն, թէ իրականում ինչ օրակարգով է Ադրբեջանը ներկայանում բանակցութիւնների։

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինեանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ուշագրաւ մի նիւթ հրապարակեց, որում «Հաւաստի աղբիւր» կեղծանւամբ հանդէս եկող հեղինակը, որը, ամենայն հաւանականութեամբ, հէնց ինքը՝ Փաշինեանն է, ներկայացրել է Հայաստանին ուղղւած Ադրբեջանի պահանջները՝

- ԼՂ պաշտպանութեան բանակի լուծարում,

- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ, նոյնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով,

- միջանցք Հայաստանի տարածքով,

- սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թւականների քարտէզներով (առայժմ յայտնի չէ, թէ կոնկրետ որ քարտէզների մասին է խօսքը),

- անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, ինչը, հնարաւոր է, ունի հետագայում Հայաստանին պատերազմական յանցագործութիւնների մէջ մեղադրելու միտում(3):

Նշւած կէտերից իւրաքանչիւրը, առանձին վերցրած, վկայում է միայն այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականութեան նպատակը ոչ թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն է, այլ հայկական երկու պետութիւնների ոչնչացումը կամ առնւազն Արցախի պետականութեան ոչնչացումն ու Հայաստանի նկատմամբ լիարժէք վերահսկողութիւնը։ Ի՞նչ է սրան հակադրում պաշտօնական Երեւանը։ Ցաւօք, ոչինչ։ Բառացիօրէն ոչինչ։

Երկրի վարչապետը սեպտեմբերի 14-ին ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ յստակ յայտարարել է, որ «ծանր որոշումների» գնալու պատասխանատւութիւն է վերցրել իր վրայ. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդիւնքում մեզ լիքը մարդ կը քննադատի, լիքը մարդ կը հայհոյի, լիքը մարդ դաւաճան կասի, նոյնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանութիւնից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կը լինենք, որ դրա արդիւնքում ՀՀ-ն 29,800 ք/կմ տարածքով ստանայ տեւական խաղաղութիւն եւ անվտանգութիւն։ Ես շատ յստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ յստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կը լինի յետոյ ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կը լինի յետոյ ՀՀ-ի հետ»(4)։ Եւ ահա այս յայտարարութիւնից մի քանի օր անց «Հայկական ժամանակ»-ում հրապարակւում է Ադրբեջանի պահանջների մասին վերը յիշատակւած նիւթը…

Իշխանական շրջանակներից անընդհատ լուրեր են հասնում, որ Փաշինեանն իսկապէս պատրաստւում է կատարելու թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջները։ Աւելին՝ իշխող թիմի վերնախաւը կողմ է դրան եւ նոյնիսկ պահանջում է Փաշինեանից հնարաւորինս շուտ խաղաղութեան պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Հարցը, սակայն, ձգձգւում է այն պատճառով, որ պաշտօնական Երեւանը չի կարողանում կողմնորոշւել, թէ աշխարհաքաղաքական կենտրոններից որի հովանու տակ կատարի այդ քայլը՝ Ռուսաստանի՞, թէ՞ Արեւմուտքի։ Երկրորդ խնդիրն էլ, որ ծառացել է Փաշինեանի առջեւ, այսպէս կոչւած «խաղաղութեան» պայմանագրի ստորագրումից յետոյ իշխանութեան պահպանումն է։ Այդ է պատճառը, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը փորձում է Ադրբեջանի պահանջներից գոնէ մէկը՝ ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումը, անկատար թողնել։ Յաջողելու պարագայում նա այդ փաստը կօգտագործի՝ ցոյց տալու, որ կարողացել է «միջանկեալ» լուծում ապահովել, եւ կը յայտարարի, որ հասել է իր նպատակին՝ «խաղաղութեան դարաշրջանի» հաստատմանը։

Իրենց արդիւնաւէտութեամբ, ցաւօք, չեն առանձնանում նաեւ հայկական ընդդիմութեան լուծումները։ Այս թեմաներով Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում բաւական ակտիւ քննարկումներ են ընթանում։ Յատկապէս ուշագրաւ էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանի նախկին նախագահներին, Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապէս բոլոր կարող ուժերին արւած առաջարկը՝ հանդէս գալ միասնական ճակատով, վարչապետի պաշտօնից հեռացնել Նիկոլ Փաշինեանին եւ, միաւորելով ազգային ողջ ռեսուրսը, լուծել Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները(5)։ Այս կոչից յետոյ Սաղաթելեանը բաւական ծաւալուն ու դժւար աշխատանք է տարել եւ կարողացել է համոզել կաթողիկոսին, ՀՀ ու Արցախի նախկին նախագահներին նստել մէկ սեղանի շուրջ ու ելքեր փնտրել։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում։ Սակայն, ցաւօք, մինչ այս պահը հանդիպման մասնակիցները որեւէ արդիւնքի չեն հասել եւ որեւէ առաջարկով հանդէս չեն եկել։ Աւելին՝ պարզ դարձաւ, որ ստեղծւած իրավիճակում Լեւոն Տէր-Պետրոսեանի առաջարկը Փաշինեանին աջակցելն ու նոր կապիտուլեացիա ստորագրելն է(6)։ Մինչդեռ Հայաստանն արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին բաւական մեծ ներուժ ունի։ Հարցն այդ ռեսուրսը կազմակերպելն ու երկրի անվտանգային խնդիրներին ծառայեցնելն է։ Սակայն սա մի ճանապարհ է, որով իշխանութիւնները չեն ցանկանում գնալ, իսկ ընդդիմութիւնը դեռեւս չի կարող։

Մէկ այլ կարեւոր խնդիր է Հայաստանի արտաքին միջավայրը։ Ինչպէս յայտնի է, 2013թ. սկիզբ առած ռուս-ուկրայինական ճգնաժամը խափանել է մեր տարածաշրջանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի՝ նախկինում բաւական կայուն հիմքերի վրայ դրւած համագործակցութիւնը։ Ըստ էութեան, արդէն 2014թ. առաջին ամիսներից աշխարհաքաղաքական այդ երկու կենտրոնները դադարել են Հարաւային Կովկասում հակամարտութիւնների զսպման մեխանիզմների գործադրման հարցում իրենց կարեւոր բաժինը կատարելուց։ 2014 թւականից ընդհուպ մինչեւ 2020թ. 44-օրեայ պատերազմը այդ գործառոյթը կատարել են բացառապէս հայկական զինւած ուժերը: 2020թ. վերջից փոխւել է ոչ միայն այդ իրողութիւնը, այլեւ ընդհանրապէս մեր տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքականութիւնը։ Փոխւել են նաեւ ուժերի յարաբերակցութիւնը, հակամարտութիւնների զսպման մեխանիզմները, տարածաշրջանային պետութիւնների ձգտումներն ու ախորժակները, հարեւան տէրութիւնների շահերն ու հնարաւորութիւնները։ Այդ փոփոխութիւններն էլ աւելի ակնյայտ դարձան սոյն թւականի փետրւարի վերջին Ռուսաստանի՝ Ուկրայինայում ռազմական յատուկ գործողութիւն սկսելու հետեւանքով։

Հիմա արդէն պարզ է, եւ ռուսական դիւանագիտական ու փորձագիտական շրջանակները այլեւս չեն էլ փորձում թաքցնել, որ Հարաւային Կովկասում, ի դէմս Թուրքիայի, ի յայտ է եկել նոր մեծ եւ ուժեղ դերակատար։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պարտաւոր է անվտանգային նոր հայեցակարգ մշակել ու ստեղծւած իրողութիւններին համարժէք քաղաքականութիւն վարել։

Ռուս-ուկրայինական պատերազմը հնարաւորինս լաւ բացայայտում է նոր իրողութիւնների տրամաբանութիւնը։ Այսպէս՝ ս.թ. մարտի վերջին, երբ պարզ դարձաւ, որ Ռուսաստանը չի կարող արագ լուծել Ուկրայինայում իր առջեւ դրւած ռազմական խնդիրները, Ադրբեջանի զինւած ուժերն Արցախում ներխուժեցին ռուս խաղաղապահների պատասխանատւութեան գօտի եւ գրաւեցին Փարուխ գիւղն ու Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Իսկ սեպտեմբերի կէսերին, երբ ռուսական բանակը մի շարք պարտութիւններ կրեց Խարկովի ուղղութեամբ, Ադրբեջանը յարձակւեց Հայաստանի արեւելեան սահմանների վրայ, եւ քիչ էր մնում՝ գրաւէր Ջերմուկ քաղաքը։ Ակնյայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իր գործողութիւնները դիտարկում է աշխարհաքաղաքական վերափոխումների լոյսի ներքոյ եւ ներդաշնակեցնում իր քայլերն այն իրողութիւնների հետ, որոնք ձեւաւորւում են յարակից տարածաշրջաններում։ Սա գլոբալ նշանակութեան մի գործընթաց է, որի հետեւանքով, ըստ տարածւած կարծիքի, ձեւաւորւելու է նոր աշխարհակարգ։ Պարզ է, որ վերջին տարիներին տնտեսական եւ քաղաքական մեծ հնարաւորութիւններ ձեռք բերած Թուրքիան ամէն ինչ անելու է աշխարհաքաղաքական այդ մրցավազքում առաւելագոյն արդիւնքների հասնելու համար։ Այդ է պատճառը, որ Ռուսաստանի իւրաքանչիւր ձախողում թուրք-ադրբեջանական դաշինքին մեր տարածաշրջանում էլ աւելի ուժեղանալու, նոր դիրքեր գրաւելու եւ սեփական հնարաւորութիւններն աւելացնելու առիթ է տալիս։

Պաշտօնական Երեւանը սա կարծես չի նկատում։ Արցախի եւ ընդհանրապէս մեր տարածաշրջանի խնդիրները Փաշինեանի կառավարութիւնը դիտարկում է բացառապէս հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների տիրոյթում՝ յընթացս փորձելով իր համար լուծումներ գտնել մէ՛կ Մոսկւայում, մէ՛կ Բրիւսէլում եւ մէ՛կ Վաշինգտոնում։ ՀՀ իշխանութիւններն այդպէս էլ չհասկացան, որ եկել է ընտրութիւն կատարելու ժամանակը։ Ադրբեջանը, օրինակ, այդ ընտրութիւնն արդէն կատարել է. Ալիեւն իր երկրի ապագան տեսնում է փոփոխւող այս աշխարհում Թուրքիայի կողմից ձեւաւորւող նոր աշխարհաքաղաքական բեւեռում։ Այդ է պատճառը, որ Ալիեւը չի խորշում ժամանակ առ ժամանակ դէմ գնալ Ռուսաստանի տարածաշրջանային շահերին եւ նոյնիսկ հակամարտութեան մէջ մտնել Կրեմլի հետ։ Հայաստանում նման որոշում չկայ։ Փաշինեանը կարող է գնալ եւ «համբուրել» Պուտինի ձեռքերը, իսկ յաջորդ պահին լուրջ հարւած հասցնել նոյն Ռուսաստանին։ Նոյն կերպ է Փաշինեանն աշխատում նաեւ Իրանի հետ, որը, ի դէպ, վերջին մէկ տարւայ ընթացքում սկսել է հանդէս գալ որպէս Հայաստանի ֆիզիկական անվտանգութեան ապահովման բաւական ազդեցիկ դերակատար։

Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական պայքարում լուրջ դերակատարում է ստանձնել նաեւ Արեւմուտքը, որի հիմնական խնդիրը Հարաւային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումն է։ Փաշինեանի կառավարութիւնն անմասն չէ նաեւ այս զարգացումներից։ Յամենայնդէպս, ակնյայտ է, որ վերջին ամիսներին հայկական կողմն աւելի ակտիւ համագործակցում է հէնց Բրիւսէլի, Փարիզի եւ Վաշինգտոնի հետ։ Ընդ որում, կարեւոր է նշել, որ այդ համագործակցութիւնն ընթանում է հէնց Արեւմուտքի քաղաքական օրակարգերի շրջանակներում։ Հայկական շահն այստեղ նոյնպէս իսպառ բացակայում է։ Ամէն դէպքում արդէն փաստ է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականութիւնը» Հայաստանը ճանաչել է Պրահայում կայացած «Եւրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման ժամանակ՝ Ֆրանսիայի եւ ԵԽ նախագահների անմիջական մասնակցութեամբ տեղի ունեցած Ալիեւ-Փաշինեան հանդիպմանն ի հետեւանք։

Իհարկէ, վերոնշեալ փաստերը չեն նշանակում, թէ հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման ռուսական առաջարկները, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արդէն փոխանցւել են Հայաստանին ու Ադրբեջանին, աւելի լաւն են, քան Արեւմուտքինը: Դա այդպէս չէ։ Բայց այստեղ կարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը զբաղւած է ոչ թէ հայամէտ, այլ իր համար նւազագոյնս ցաւոտ լուծումների որոնումով։ Մինչդեռ, ինչպէս արդէն նշւեց, Հայաստանն ունի մարտահրաւէրներին դիմագրաւելու ներքին եւ արտաքին լուծումներ։ Օրինակ՝ պաշտօնական Երեւանը կարող է եւ պարտաւոր է կրկին քաղաքական օրակարգ վերադարձնել ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը կամ նւազագոյնը զբաղւել սեփական զինւած ուժերի վերականգնման եւ վերակազմակերպման խիստ անհրաժեշտ գործով։ Ինչո՞ւ այս ամէնը չի արւում։ Կարծում եմ՝ պատասխանն ակնյայտ է. Փաշինեանին ու իր թիմակիցներին հետաքրքրում է բացառապէս սեփական իշխանութիւնը։

Ստեղծւած իրավիճակից ելքերի մասին արդէն բաւական շատ է խօսւել։ Առաջին քայլը, անկասկած, դաւաճան իշխանութիւնների հեռացումն է։ Սակայն մենք տեսնում ենք, որ չափազանց ակնյայտ այս քայլը, տարբեր, կարծում եմ՝ հիմնականում արտաքին գործօններով պայմանաւորւած, յետաձգւում է։ Ցաւօք, հայ քաղաքական էլիտաները մինչ այս պահը բացարձակ անկարողութիւն եւ թոյլութիւն են հանդէս բերել։ Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ ես չեմ կարող եւ չեմ ուզում հաւատալ, որ կաթողիկոսի, նախագահների, մտաւորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ, բացի Լեւոն Տէր-Պետրոսեանի կապիտուլեացիայի օրակարգից, չի ծնւում։ Չի կարող նման բան լինել։ Սա աներեւակայելի փաստ է։ Եւ որքան ուշանում է այդ առաջարկը, այնքան Հայաստանի վիճակն աւելի օրհասական է դառնում։

 

_______________________________________

Յղումներ

1. Վարչապետ Փաշինեանի, նախագահ Ալիեւի, նախագահ Մակրոնի եւ նախագահ Միշէլի՝ 2022 թւականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման յայտարարութիւնը, 06.10.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/ (մուտք՝ 08.10.2022)։

2. Երեւանը յայտարարում է Ստեփանակերտի եւ Բաքւի միջեւ քննարկումների մեխանիզմների մասին, 03.10.2022, https://www.azatutyun.am/a/32062951.html (մուտք՝ 04.10.2022)։

3. Ի գիտութիւն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրութեան. ի՞նչ է ուզում Ադրբեջանը, 03.10.2022, https://armtimes.com/hy/article/245285 (մուտք՝ 04.10.2022)։

4. Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդիւնքում լիքը մարդ դաւաճան կասի. չի հետաքրքրում՝ ինչ կը լինի ինձ հետ. Փաշինեան, 14.09.2022, https://lurer.com/?p=481372&l=am (մուտք՝ 15.09.2022)։

5. Վիճակն օրհասական է, մէկ սեղանի շուրջ պէտք է հաւաքւեն ՀՀ նախկին նախագահները, պաշտպանութեան նախարարները, կաթողիկոսը․ Իշխան Սաղաթելեան, 13.09.2022, https://www.tert.am/am/news/2022/09/13/saghatelyan/3839144 (մուտք՝ 15.09.2022)։

6. Եկել է հազարապատիկ լրջանալու պահը։ Հարցազրոյց Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ, 26.09.2022, Հանրային հեռուստաընկերութիւն, Լուրեր, https://youtu.be/kTeWytVBdVI (մուտք՝ 27.09.2022)։

 

«Դրօշակ» թիւ 10, 2022թ. 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։