«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.
«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.
«Հիմա բոլորը խօսում են սպասւող աղէտի մասին. «Բարի գալուստ աղէտ» հոգեվիճակում գտւող ազգերը, որպէս կանոն, ի վերջոյ ստանում են այդ աղէտը։ Ամենապարզ ընտրութեան առաջ ենք. սպասել աղէտի՞ն, թէ՞ կանխել աղէտը։
Ի՞նչ է աղէտը
Կարեւորագոյն քայլը աղէտի յստակ ձեւակերպումն է։ Հնարաւոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թէ ինչը։ Ըստ իս, ստեղծւած իրականութեան մէջ մեզ համար աղէտ է.
- Արցախը յօշոտման յանձնելը
- Նոր պատերազմը
- Հայաստանի տարածքների օկուպացիան
Գուցէ այլոք այլ տարբերակներ կը նշեն՝ աւելի հայրենասիրական ձեւակերպումներով, բայց կայ իրականութիւն, որից չես փախչի։
Այս կէտերից ցանկացածը աղէտ է, հետեւաբար՝ աղէտ կանխելը այս պահին, այսօրւայ աշխարհում նշանակում է՝ թոյլ չտալ կէտերից որեւէ մէկի՝ իրականութիւն դառնալը։ Դա հնարաւոր է։ Եւ եթէ մեր պետական մտածողութիւնն այս ալգորիթմի մէջ լինի, մենք կը խուսափենք դրանից։
Չքաղաքականացնե՞լ Օւերչուկին
Մի հրէշաւոր անտեսանելի ձեռք հայ ժողովրդի թիւ 1 խնդիրը սարքեց կոմունիկացիաների ապաշրջափակման կամ «միջանցքի» գաղափարը։ Կարծես՝ վերը նշւած երեք սպառնալիքները վերացել էին, ու հիմա ազգային պայքարը միայն սրա շուրջ է։ Իրականում սա չափազանց վտանգաւոր ծուղակ է, որ կարող է տանել դէպի վերը նշւած աղէտ-սցենարները։
Պետական մտածողութիւնից զուրկ հայ հասարակութիւնը, նրա՝ անգամ կրթւած շերտերը հեշտութեամբ տրւում են սրան։
Ռուսաստանի փոխվարչապետ Օւերչուկը յայտարարում է. «Հարաւային Կովկասում ձեւաւորւում է «Հիւսիս-Հարաւ» եւ «Արեւելք-Արեւմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթէ այն ստեղծւի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսութիւնները կը սկսեն լրացուցիչ վարձակալութիւն ստանալ՝ կապւած Եւրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առաւելութիւնների հետ: Այս առումով էական դեր կը խաղայ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կը կապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու յարմար տեղաշարժն Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Երկաթուղու եւ աւտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանութիւնը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախւած է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդէն իսկ կառուցւում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թւականին մօտ պատրաստ կը լինի եւ հնարաւորութիւն կը տայ մուտք գործել Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եւրոպայի շուկաներ»։
Մեզ պարզ առաջարկւում է, առանց ճանապարհների ինքնիշխանութիւնը կասկածի տակ դնելու, գնալ լուծումների, որոնք կը բերեն տնտեսական շահ եւ գրեթէ երաշխաւորւած դէէսկալացիա տարածաշրջանում։
Իշխանութիւնը սրան արձագանգեց ՀԺ-ում հերթական կեղծանունով յօդւածով։ Ասել է թէ՝ իշխանութիւնը, հայրենասէրի վեղարը հագնելով, վերայայտարարում է ՄԷԿ հոգու նոր կոնցեպտը՝ «ոչ մի միջանցք, բայց դէ Արցախի կորուստը, նոր պատերազմը, եւ ՀՀ տարածքների օկուպացիան աւելի քան ռէալ են. դա կանխելու լուծումներ չունենք»։
Չքաղաքականացնե՞լ ընդդիմութիւնը
ՄԷԿ հոգու իշխանութեան անոմալիան դէպի աղէտ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հէնց այս մեխանի´զմը պէտք է խափանի ընդդիմութիւնը։ Օւերչուկի յայտարարութիւնից յետոյ խորհրդարանական ընդդիմութիւնը պարտաւոր է.
- Օգտագործելով իր զգալի մեդիա ռեսուրսը՝ խօսել ժողովրդի հետ, բացատրել ռիսկերը, բացատրել աղէտի՝ իրական լինելը, քննարկել Օւերչուկի ասածը։
- ԱԺ-ում իշխանութեանը պատին դէմ տալով՝ պահանջել բացատրութիւններ՝ ՄԵԿ հոգուց, փոխվարչապետ Մհեր Գրիգորեանից եւ արտգործանախարարից, պահանջել եւ ստանալ լրացուցիչ պարզաբանումներ։ Եթէ Օւերչուկը ասում է ողջ ճշմարտութիւնը, ապա բացւում է բանակցելու եւ դէէսկալացիայի լաւ տարբերակ, եթէ Օւերչուկը չի ասում ողջ ճշմարտութիւնը, ապա պէտք է հասկանալ, թէ յատկապէս ի´նչը չի ասում, եւ բանակցել այդ ուղղութեամբ։ Եթէ Օւերչուկը ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ մենք չենք գնում այդ ուղղութեամբ եւ ի՞նչ ենք էլ անում Պրահայում, իսկ եթէ ճիշտ չի ասում, ապա հրապարակային ինչո՞ւ չի պատասխանում պաշտօնական Երեւանը։
- Դրանից յետոյ խօսել ժողովրդի հետ եւ ձեւակերպել ընդդիմութեան յստակ տեսակէտը՝ տարածաշրջանային դէէսկալացիայի, աղէտից խուսափելու հնարաւոր ճանապարհների շուրջ։
Ինչո՞ւ սա չի արւում, ինչո՞ւ է ընդդիմութիւնն ինքն իր համար որոշել «չքաղաքականացւել»։ Մեր վիճակի դիպուկ գնահատական էր տւել ԱԺ պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը. «Միջազգային աւանտիւրիզմ. Հայաստանը Մոսկւայի եւ Վաշինգտոնի արանքում մատաղացու գառ սարքելը յանցագործութիւն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաեւ՝ միջազգային աւանտիւրիզմ»։
Ինստիտուցիոնալ ընդդիմութեան նպատակը պէտք է լինի սա խափանելը, ՄԷԿ հոգու՝ անարգել ճակատագրական որոշումներ կայացնելու մեխանիզմը խափանելը, ժողովրդին այլընտրանքային յստակ տարբերակ ներկայացնելը՝ այնպիսին, որ ընկալելի կը լինի միջազգային հանրութեան համար։
Ժողովուրդը չի հասկանում, որ մենք ոչ միայն վերը նշւած՝ աղէտի երեք կէտերից մէկի իրականացմանն ենք մօտ, այլեւ՝ բոլոր երեքի միաժամանակ։ Հայ ժողովուրդը մոլորւել է Տոյւօ Կլաարի, սկանդինաւեան խաղաղապահների, Մակրոնի յայտարարութիւնների եւ միւս կողմից՝ Ալիեւի ու Էրդողանի յայտարարութիւնների միջեւ։ ՄԷԿ հոգու կամքով մարդիկ սկսել են «ռուսերէն չհասկանալ», պարսկերէնը՝ հատւածաբար։ Նիկոլը ժամանակին մի ամբողջական տեսութիւն էր զարգացրել «Եւրոեոնջաների եւ եւրովնգստացողների» մասին։ Հիմա անում է դրա լրիւ հակառակը։
Հայաստանը պէտք է դուրս հանել գերտէրութիւնների բախման էպիկենտրոնից. սա մեր օրւայ հրամայականն է, մեր ազգային անվտանգութեան լրջագոյն խնդիրը։ Հայաստանը դարձել է գերտէրութիւնների յատուկ ծառայութիւնների վերնիսաժ։ Աննորմալութիւն է՝ սահմաններին միաժամանակ ունենալ եւրոպական դիտորդներ ու ռուսական բազա, կեանքի ճանապարհդ ապահովեն ռուսական խաղաղապահները, իսկ երկրի ներսում գեներացւի հակառուսական արշաւ։ Այսպէս որ գնայ, վաղը կարող է իսրայէլական դիտորդներ բերենք հայ-իրանական սահման, իսկ Գիւմրիում տեղակայենք ամերիկեան մոնիտորինգային խումբ։ Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրայինայի արիւնոտ ճակատագիրը, թւում է, պիտի բաւարար լինէր, թէ ինչ կարող է կատարւել շահերի բախման կենտրոնում յայտնւած երկրի հետ՝ չափերով եւ նշանակութեամբ մեզնից անհամեմատ աւելի մեծ։ Նոր Ուկրայինա դառնալուն մեզ հինգ րոպէ է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունութեան, որը հնարաւոր է միայն նոր սոլիդ իշխանութեան դէպքում»։