Հա

Քաղաքական

24/10/2022 - 14:45

Կոչ ենք անում մերժել միասնականութիւնը խաթարող նախաձեռնութիւնները

Համազգային միասնութիւնը, իրօք որ, հայ ժողովրդի համար միակ փրկութիւնը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատւածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանութիւնները իրենց յայտարարութիւններում ու կոչերում միշտ էլ կարեւորել են եռամիասնութեան գաղափարը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկւող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իրականացման համար կարեւորագոյն հանգրւաններ են եղել մայր հայրենիքում եւ Արցախում տարբեր ձեւաչափերով կազմակերպւած համաժողովներն ու քննարկումները: 

Յայտարարութիւն

 

Համազգային միասնութիւնը, իրօք որ, հայ ժողովրդի համար միակ փրկութիւնը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատւածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանութիւնները իրենց յայտարարութիւններում ու կոչերում միշտ էլ կարեւորել են եռամիասնութեան գաղափարը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկւող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իրականացման համար կարեւորագոյն հանգրւաններ են եղել մայր հայրենիքում եւ Արցախում տարբեր ձեւաչափերով կազմակերպւած համաժողովներն ու քննարկումները: Այդ հաւաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ յանուն անանց արժէքների եւ կենսական կարեւորութիւն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկիւնում էլ լինի, պատրաստ է զոհողութեան ու նւիրումի, համախմբման ու բռունցքւելու: Անցած տասնամեակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնաւորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսւել եւ Արցախով իմաստաւորւել իւրաքանչիւր համախմբման կոչ, իւրաքանչիւր համահայկական գաղափար:

44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ Արցախի պետականութեան պահպանման, ամրապնդման եւ վէրքերի ապաքինման առումով համոզւած ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժէքների ու եռամիասնութեան գաղափարի շուրջ համախմբումը: Սոյն թւականի հոկտեմբերի 28-31-ը Երեւանում նախատեսւում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին եւ կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտայայտել Հայ Առաքելական Եկեղեցու հովւապետները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսութիւնները: Գագաթնաժողովին չեն հրաւիրւել կամ բոյկոտել են Սփիւռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւններ ու անհատներ:

Գագաթնաժողովի օրակարգը եւ նախատեսւած միջոցառումները պատշաճ ու համարժէք չեն անդրադառնում Արցախին եւ նրա առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պէտք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանութիւնները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թէ՛ միջազգային, եւ թէ՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշւած իրականութեան եւս մէկ ապացոյցն է: Արցախն անտեսող եւ կեղծ համահայկականութեամբ քողարկւած այս ժողովը անընդունելի պէտք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականութիւնը եւ նրա ամրութիւնն ապահովող հիմնասիւները:

Հիմք ընդունելով վերը նշւած իրողութիւնները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականութիւնը խաթարող նախաձեռնութիւնները:

 

Արդարութիւն կուսակցութիւն

Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն

ՀՅԴ Արցախի կառոյց

24 հոկտեմբերի, 2022թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։