Հա

Քաղաքական

25/10/2022 - 14:20

«Թշնամուդ կարող ես սիրել այն ժամանակ, երբ իրեն միշտ զսպած ես պահում». Տաւուշի թեմի առաջնորդ

Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը Sputnik Արմենիայի հետ հարցազրոյցում անդրադարձել է հոգեւորականի առաքելութեան, համացանցի միջոցով մարդկանց պատգամներ փոխանցելու, Աստծոյ` «Սիրիր թշնամուդ» պատւիրանի մասին։

«alikonline.ir» - Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը Sputnik Արմենիայի հետ հարցազրոյցում անդրադարձել է հոգեւորականի առաքելութեան, համացանցի միջոցով մարդկանց պատգամներ փոխանցելու, Աստծոյ` «Սիրիր թշնամուդ» պատւիրանի մասին։

 

- Սրբազան Հայր, Դուք այն ճանաչւած հոգեւորականներից էք, որ բաւականին ակտիւ է սոցցացներում, յատկապէս որոշ ժամանցային հարթակներում։ Հաշւի առնելով, որ եկեղեցին բաւականին պահպանողական կառոյց է, ինչպէ՞ս է Ձեր սոցցանցային ակտիւութիւնն ընկալւում եկեղեցու կողմից։

- Մենք ինքնախաբէութեամբ չպէտք է զբաղւենք` մտածելով, որ այսօր միայն անձնական յարաբերութիւնների կամ ֆիզիկական շփման միջոցով է, որ մենք կարողանում ենք ուղերձներ եւ պատգամները փոխանցել։ Մարդկութեան մեծամասնութիւնը բնակւում է սոցցանցերում, եւ մենք, ինչպէս մարդկանց տներն էք այցելում քարոզով, փորձելով մեր ժողովրդին գտնել իրենց բնակավայրերում, սա էլ մի գործիք է, որը բարին է գործադրում` փորձելով ուղերձներն ու պատգամները փոխանցել այդ ճանապարհով։ Այսօրւայ աշխարհն իր պարտադրանքներն ունի, եւ մենք պէտք է ենթարկւենք դրան եւ օգտագործենք բոլոր հնարաւորութիւնները։ Հիմա ուրախ եմ, որ տարբեր հոգեւորականներ օգտագործում են, օրինակ, «Tik Tok»-ն է։ Որքան շատ լցւի այդ հարթակը բարիքով, սիրով, գաղափարներով, արժէքներով, այդքան կը նւազեն այն միտումները, որոնք յատկապէս այդ հարթակներով փոխանցւում են մեր կեանք։

 

- Համացանցում յայտնւեց մի տեսանիւթ, որտեղ Դուք պատգամով դիմում էք մարդկանց` չվախենալ։ Քրիստոնեան ի՞նչ քայլերի պէտք է դիմի, երբ իրեն վախն է պատում։

- Քրիստոնեայի համար վախ գոյութիւն չունի։ Դա կարծես նաեւ չափման միաւոր լինի։ Ուր որ սէրն է, այնտեղ վախ չկայ, երկիւղ չկայ։ Քրիստոնէութիւնն ունի երկու կարեւոր արժէք, որի շուրջ է ամէն ինչ ծաւալւում` սէր եւ անմահութեան գաղափարը։ Սէրը վերացնում է վախը։ Եթէ սիրում ես հայրենիքը, Աստծուն, այնտեղ վախ չի կարող լինել։ Սիրոյ մէջ գտնւող մարդը վախի մէջ չի կարող լինել։ Իսկ անմահութիւնը... Իւրաքանչիւր մարդ կոչւած է մահկանացու լինելու, մենք վախենում ենք մահւան գաղափարից, բայց դա ամենահարազատն է, մեզ հետ ամէն վայրկեան ու ամէն տեղ ապրողն է։ Դա մեր կեանքից աւելի ճշմարիտ է եւ անփոփոխ։ Մեր երկրի եռաբլուրներում մահւան մէջ ապրող մարդիկ չեն, նրանք անմահութեան մէջ ապրող մարդիկ են, անմահութիւնը հագած մարդիկ են, այլապէս չէին գնայ այդ սխրանքի եւ հզօրութեան ճանապարհով։ Վախն իրենց էլ կարող էր փախցնել առաջնագծից տարբեր ուղղութիւններով։ Վախենալ ոչնչից պէտք չէ։

Եռաբլուրը, դժբախտաբար, երկու մասի է բաժանւած, բայց դա երբեք չի նւազեցնում Եռաբլուրում յանգչող մեր սիրելի հերոսների սխրանքը։ Իրականութիւնը հետեւեալն է` Եռաբլուրի մի հատւածում անհատներից պետականութիւն ենք դարձել, միւս հատւածում` պետականութիւնից վերածւել անհատների կենսագրութեան։ Իրենք յաղթել են, մենք մնացել ենք այդ պարտութեան պարտքի տակ։ Այդ տղաներին մենք վարձահատոյց կարող ենք լինել` իրենց հայրենիք վերադարձնելով։

 

- Վերջին ժամանակներում շատ է մեկնաբանւում Աստծոյ պատւիրաններից մէկը` «սիրիր թշնամուդ»։ Ասում են` հայ ազգը միակն է, որ ուղղակիօրէն ընդունել է Աստծոյ այդ պատգամը։

- 27 տարի հոգեւոր ծառայութեան մէջ լինելով` միայն այս օրերին եմ ուղղակի զգացել, խորքով ապրել այն, ինչ մեր տէրը մեզ ասում է` «Սիրիր թշնամուդ, եւ թող ոչ ոք եւ ոչինչ ձեր ուրախութիւնը չգողանայ»։

Այսօր մենք ապրում ենք անսէր եւ գողացւած ուրախութեան ժամանակներում, երբ ուրախութիւնդ գնում է, եւ հոգիդ սնունդ չունի, եւ դատարկւում ես ամբողջութեամբ, ուղղութիւնդ ես կորցնում եւ չգիտես` ինչի մէջ ես ապրում եւ ինչ պէտք է անես։

Թշնամուդ կարող ես սիրել այն ժամանակ, երբ դու իրեն միշտ զսպած ես պահում, երբ դու իրեն պարտադրում ես այդ սէրը քո կողմից` այնքան ուժեղ ես եւ զօրաւոր, որ նոյնիսկ սիրել-չսիրելու կարիքն էլ չունես։ Դա պարտադրանքով է լինում, ստիպելով է լինում, եւ դա թոյլերի եւ խեղճերի գործ չէ։

 

- Այսօր մենք ո՞ր կարգավիճակում ենք։

- Մենք այսօր նւաստի եւ ստորացւած լինելու կարգավիճակում ենք։ Եւ այդ հանգամանքով փորձել սիրել թշնամուն` անպատասխան սիրոյ պատմութիւն կը լինի, եթէ չասեմ` մորթւելու պատմութիւն։ Այո՛, սէրը նաեւ պարտադրանքով է լինում։ Մեր Տէրն էլ իր խաչելութեան պարտադրանքով ցոյց տւեց իր սէրը։ Երբեք որեւէ զիջումի չգնաց, այլ իր սահմանած նպատակի համար գնաց մինչեւ վերջին աստիճանը եւ այդպիսով պարտադրեց, եւ չուշացաւ իր յարութեան յաղթանակը։ Դա սիրոյ պատմութիւն էր, բայց երբեք խեղճի, թշւառի, յանձնւածի ու խնդրողի պատմութիւն չէր, այլ պահանջողի, թելադրողի. սա է սիրելը թշնամուդ։ Իսկ մարդիկ մեկնաբանում են իրենց յարմարեցնելով։

 

- Եկեղեցին մշտապէս իր կարեւորագոյն դերն է ունեցել հայոց պատմութեան ճանապարհին, դարեր շարունակ պետականութեան բացակայութեան պայմաններում ստանձնել է առաջնորդի առաքելութիւնը։ Ի՞նչ էք կարծում` չի՞ հասունացել պահը` կրկնելու պատմութիւնը։

- Եկեղեցին այնքանով, որքանով պահանջւած է լինելու, իր առաքելութիւնը կը կատարի։ Եթէ հասունանում է պահը առաջնորդութիւնը ստանձնելու, ես առաւել համոզւած եմ, որ դա տեղի կունենայ, թէպէտ կուզէի` այդպէս չլինէր։ Եկեղեցին երկուհազարամեայ պատմութեան ընթացքում շատ յաճախ ակամայից է ստիպւած եղել պետականութիւնը կրելու, փորձելու իր ֆիզիկական հայրենիքի վրայ պահպանել ու փայփայել ժողովրդին` երազում տեսիլք ունենալով, որ մի օր այդ ֆիզիկական հայրենիքի վրայ կը կառուցւի նաեւ իր պետականութիւնը։ Որքան էլ այսօր կամ ընդհանրապէս վերջին ժամանակներում փորձում են տարբեր իմաստներով հարւածել եւ եկեղեցին համարել պետականաքանդ, կա՛մ միտումնաւոր են անում, կա՛մ լաւ չգիտեն, կա՛մ մենք ենք թերացել։ Սահակ Պարթեւի խօսքը` «ես չեմ կարող իմ հիւանդ գառնուկին փոխել առողջ գայլի հետ, որի գոյութիւնն արդէն իսկ սպառնալիք է մեզ համար», բանաձեւ է, որը կարմիր թելով որպէս գործողութիւն անցնում է բոլոր ժամանակներով։ Եկեղեցին միշտ է մտածել ազգի թէ՛ հոգեւոր, թէ՛ ֆիզիկական անվտանգութեան եւ զարգացման մասին։ Այո՛, վնասել է եկեղեցին իր բուն առաքելութիւնը, բայց կարողացել է ֆիզիկական գոյութիւնը պահպանելով` հասցնել 21-րդ դար եւ կանգուն մնալ։

 

- Ձեր հարցազրոյցներից մէկում ասել էք, որ հոգեւոր Հայաստանը պարտւեց «նոր Հայաստանին», ինչո՞ւմն էր թուլութիւնը։

- Հոգեւոր Հայաստանն այն բարձր արժէքներն են, որտեղ մարդը լայն իմաստով իր կոչման համաձայն աստւածային դառնալու ճանապարհի մէջ է մտնում, չի վախենում սիրելուց եւ զոհաբերւելուց։ Հոգեւոր Հայաստանն այնտեղ է, որտեղ հայրենիք ես սիրում, որտեղ քո հայրենիքը քեզ համար միայն բնակավայր, արօտավայր կամ սուպերմարկետ դառնալու միջավայր չէ, այլ սրաբազան իրականութիւն, որքան էլ այն ծաղրեն։ Ցաւալիօրէն «Նոր Հայաստանում կայ գերադրական աստիճանի ատելութիւն, թշնամութիւն, հպարտութիւն` հպարտ քաղաքացիներից կազմւած, որի տակ ոչինչ չկայ դատարկութիւնից բացի։ Աստւած մարդուն մէկ բերանով եւ երկու ականջով է ստեղծել` շատ լսելու եւ քիչ խօսելու, բայց այսօրւայ ժամանակաշրջանում մարդն աւելի շատ բերանով է մտածում։ Այսպիսին է «նոր Հայաստանը»։ Ասել եմ` հոգեւոր Հայաստանը պարտւել է «նոր Հայաստանին», որովհետեւ մենք պարտւել ենք մեղքին, որովհետեւ իրական Հայաստանը պարտւել է ֆէյսբուքեան Հայաստանին, որովհետեւ տաճարը պարտւել է փողոցին, ճշմարտութիւնը` ստին, հոգին` «դուխին», իսկ ես ասում եմ, որ հոգեւոր Հայաստանը պէտք է յաղթի «նոր Հայաստանին»։ Դա ոչ միայն ցանկութիւն է, այլ նաեւ անհրաժեշտութիւն եւ պարտադրանք։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։