Հա

Քաղաքական

26/10/2022 - 12:50

«Այսպիսի սադրանքները անհետեւանք չեն անցնում». Չալաբեան

Շատերդ երէկ արդէն հասցրել էք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինի հետ կապւած պատմութեան մասին: Յիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչութեան ղեկավար, ոմն Տիգրան Սէյրանեանը նրան նամակ է յղել, որով յայտնել է, որ նրա ներկայութիւնը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջեւ բարեկամական եւ դաշնակցային յարաբերութիւնների զարգացմանը»:

«alikonline.ir» - Քաղաքական-հասարակական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Շատերդ երէկ արդէն հասցրել էք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինի հետ կապւած պատմութեան մասին: Յիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչութեան ղեկավար, ոմն Տիգրան Սէյրանեանը նրան նամակ է յղել, որով յայտնել է, որ նրա ներկայութիւնը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջեւ բարեկամական եւ դաշնակցային յարաբերութիւնների զարգացմանը»:

Երբ կարդում ես այս աբսուրդային եւ ցինիկ հիմնաւորումը, գրած ինչ որ մի անձի կողմից, որը նոյնիսկ պաշտօնական որեւէ իրաւասութիւն չունի այլոց մուտքը երկիր արգելելու, մտածում ես, որ սա կամ լկտի սադրանք է կոնկրետ այդ անձի կողմից, կամ էլ Կոնստանտին Զատուլինը իսկապէս թուրք-ազերի տանդեմին ծախւած մի կերպար է, որին պէտք էր դեմոնստրատիւ այսպիսի շառաչուն ապտակ հասցնել: Սակայն Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առաւել հետեւողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամեակներով մշտապէս հանդէս է եկել Հայաստանի եւ Արցախի շահերի դիրքերից, եւ եթէ նոյնիսկ քննադատել է Հայաստանի իշխանութիւններին, ապա դրանց պաշտպանութեան մէջ բաւարար հետեւողական չլինելու համար: Ուստի սա ակնյայտօրէն սադրանք է:

Ակնյայտ է նաեւ, որ այս սադրանքը Տիգրան Սէյրանեանի անձնական նախաձեռնութիւնը չի, այլ կազմակերպւած է անձամբ Նիկոլ Փաշինեանի հրահանգով, եւ ուղղւած է ոչ թէ պարզապէս Զատուլինի դէմ, այլ Ռուսաստանի Դաշնութեան: Անկախ նրանից, ինչպէս ենք մենք վերաբերւում Ռուսաստանի Դաշնութեանը, նրա քաղաքականութեանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետեւանք չեն անցնում: Եթէ վաղը Ալիեւը նոր տարածքներ գրաւի, մեր զինւորները զոհւեն, գերի ընկնեն եւ խոշտանգւեն, իսկ ռուսները սառը չէզոքութիւն պահպանեն, դրա պատճառները պէտք է փնտրել այս եւ նմանատիպ այլ սադրանքներում, եւ հայ-ռուսական յարաբերութիւնների ակնառու վատթարացման մէջ:

Այս իշխանութիւնները հիմա փորձելու են հիմնաւորել, որ Զատուլինը խօսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, եւ որ Ռուսաստանի Դաշնութիւնը ընդհանրապէս ճնշում է գործադրում Հայաստանի վրայ միջանցքի հարցում: Ցաւալի իրականութիւնն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացւած է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թէեւ այն այդպէս չի կոչւում, բայց նկարագրութիւնը համապատասխանում է դրան), եւ դրա տակ հէնց Փաշինեանի ստորագրութիւնն է: Եթէ մենք ցանկանում ենք դրանից իսկապէս հրաժարւել (իսկ պէտք է ի վերջոյ հրաժարւենք), ապա պէտք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել եւ արդիականացնել բանակը, եւ յետ շպրտել Ալիեւին մեր բոլոր տարածքներից՝ այդ դէպքում նրա ուժային շանտաժը այլեւս չի գործի, եւ ոչ ոք չի կարողանայ մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել:

Այլապէս, եթէ այս իշխանութիւնը անարգել շարունակի ինքն իրեն պարգեւավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշւին ուռճացնել ոստիկանութիւնը, կալանաւորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի եւ օտար գործիչների համար, 150000 դոլարով քաղաքացիութիւն տալ թշնամիներին, մօտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կը տանք, այլեւ ողջ երկիրը կը դառնայ թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծւարած խեղճ տնւոր:

Ամէն անգամ, երբ այս իշխանութիւնը ազգային շահերին դէմ ուղղւած հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանութիւնը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողութիւնները, ալիքն իջնում է, եւ երկիրը շարունակում է աներեւոյթ գլորւել դէպի անդունդ:

Միայն հետեւողական պայքարն այս իշխանութեան դէմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրեայ կոշտ հակազդեցութիւնը, եւ հասարակութեան մոբիլիզացիան ազգային յարատեւ շահի շուրջը թոյլ կը տան փոխել այս ընթացքը, եւ ապահովել մեր երկրի անվտանգութիւնը եւ զարգացումը: Եթէ դուք էլ գիտակցում դա, մի սպասէք, մինչեւ ձեզ կալանաւորեն, զրկեն քաղաքացիութիւնից, կամ երկիր ձեր մուտքն էլ արգելեն, միացէք պայքարին հիմա, եւ օգնէք փոխել մեր իրականութիւնը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։