ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր Գեղամ Մանուկեանը խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածւած անգլերէն այն տեքստը, որը լրատւամիջոցները ներկայացնում են` որպէս խաղաղութեան պայմանագրի ամերիկեան տարբերակ: Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում մշակւած եւ Պրահայում Փաշինեանի ու Ալիեւի կողմից հաւանութիւն ստացած ու մի քանի կէտանոց այդ փաստաթղթի մասին իշխանութիւնները որեւէ բան չեն խօսել, չեն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապէս ձեռքերը լւանում է Արցախից` ինքնորոշման իրաւունքի 30-ամեայ պայքարից: Այս մասին «Իրաւունք»-ը զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամաւորի հետ:
«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր Գեղամ Մանուկեանը խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածւած անգլերէն այն տեքստը, որը լրատւամիջոցները ներկայացնում են` որպէս խաղաղութեան պայմանագրի ամերիկեան տարբերակ: Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում մշակւած եւ Պրահայում Փաշինեանի ու Ալիեւի կողմից հաւանութիւն ստացած ու մի քանի կէտանոց այդ փաստաթղթի մասին իշխանութիւնները որեւէ բան չեն խօսել, չեն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապէս ձեռքերը լւանում է Արցախից` ինքնորոշման իրաւունքի 30-ամեայ պայքարից: Այս մասին «Իրաւունք»-ը զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամաւորի հետ:
- Պարոն Մանուկեան, ընդամէնն օրերի հարց է մնացել` ի վերջոյ, եթէ մերժում էք իշխանութեան, այսպէս կոչւած, «խաղաղութեան պայմանագիր» ստորագրելու ճանապարհը, հետեւապէս ի՞նչ էք առաջարկում:
- Նախ դժւար է ասել, թէ օրերի հարց է, որովհետեւ ամէն ինչ անյստակ է: Այնքան է իշխանութիւնը խճճւել արտաքին յարաբերութիւնների եւ մայրաքաղաքների մէջ, որ ինքն էլ չգիտի` ինչ անի: Բայց ամենավտանգաւորն այն է, որ իշխանութիւնը հանրային, ներքին քարոզչութեան մէջ, անգամ Արցախի իշխանութիւնների հետ յարաբերութիւններում փորձում է ստեղծել մի տպաւորութիւն, թէ ամէն ինչ փլուզւած է, եւ ով էլ գա Նիկոլի տեղը, չի կարող իրավիճակ փոխել, ամէն ինչ վերջացած է: Մինչդեռ դրանով նրանք ընդամէնը մէկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանութիւնը: Ես կարող եմ գործողութիւնների շարք ներկայացնել, թէ ինչ պէտք է անել: Նախ իշխանութեան փոփոխութիւնը նոր մի իրավիճակ եւ մթնոլորտ կարող է ստեղծել: Սա հնարաւորութիւն կը տայ ի չիք դարձնել բոլոր բանաւոր խոստումներն ու պայմանաւորւածութիւնները, որոնք ունեցել է Փաշինեանը այս երկու տարւայ ընթացքում: Հէնց այդ բանաւոր պայմանաւորւածութիւնների հետեւանքով էր, որ Զանգեզուրում մեր զօրքերը 20 կմ յետ քաշւեցին, ասում էր, թէ անխօս հասկացողութիւն կայ, որ պէտք է դուրս ելնեն: Այս տարւայ գարնանն ու ամռանը, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում էին խոստումները կատարել, նա վախ ունէր, որ չհասցնի, որովհետեւ «Դիմադրութեան» շարժումը հրապարակում էր: Այնպէս որ, իշխանութեան փոփոխութիւնը եւ Հայաստանի կողմից տարբեր մայրաքաղաքների հետ նոր վստահելի երկխօսողը կարող է իրավիճակ փոխել: Ընդ որում` խօսքը ոչ թէ արհեստական ժամանակ շահելու մասին է, այլ ռեսթարթ անելու եւ ամենակարեւորը` հայեացք ուղղելու երկրի զինւած ուժեր, անվտանգութիւն, հասարական համերաշխութիւն, միասնականութիւն: Սա է հարցերի լուծման ճանապարհը: Մինչդեռ այսօր Հայաստանը գտնւում է մի վիճակում, որ բոլոր մայրաքաղաքները ինչ-որ ճնշումներ են գործադրում: Այս իրավիճակում սեփական երկրի ապագայի մասին մտածող մարդը պէտք է գործի դնէր բոլոր ռեսուրսները` Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ինչպէս եղել է տարիներ շարունակ, այդ թւում` այն հարստութիւնը, որը հայ ժողովուրդն ունեցել է` յանձինս Սփիւռքի: Իսկ ի՞նչ է անում իշխանութիւնը, բաժանումներ է դրել է հայրենիքի ու սփիւռքի միջեւ, ինչ-որ ցնդաբանական տերմիններ օգտագործելով գագաթնաժողով է անում, որտեղ ընտրողաբար են վերաբերւում այն կառոյցներին, որոնք առաւօտից գիշեր տարիներ շարունակ ի շահ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների են աշխատել: Այդ բոլոր կառոյցներին վանում են Հայաստանի Հանրապետութիւնից:
- Սփիւռքի յանձնակատարի գրասենեակը յայտարարութիւն էր տարածել, թէ անհատական եւ անւանական կերպով հրաւէր են ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին, բոլոր քոյր կազմակերպութիւններին, նրան օժանդակող կամ փոխկապակցւած կառոյցների անդամներին, բայց ՀՅԴ Բիւրոն շրջաբերական է տարածել, որով հրահանգ է տրւել բոլոր դաշնակցական կառոյցներին չմասնակցել այդ գագաթնաժողովին: Ի՞նչ կասէք այս մասին:
- Սինանեան Զարեհը ստում է, բառախաղ է անում, որովհետեւ ով-ով, գոնէ նա գիտի, որ Դաշնակցութեանը հրաւիրում են` ՀՅԴ Բիւրոյին հրաւէր ուղարկելով, ոչ թէ ՀՅԴ-ական Պօղոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին անհատապէս: Այսօրւայ իշխանութեան 4 տարւայ քաղաքականութիւնը սա է` Սփիւռքի կայացած կառոյցները շրջանցել եւ անհատների հետ գործ բռնել: Եւ ստացան ապտակը` եղաւ երկու կաթողիկոսների, բազմաթիւ կազմակերպութիւնների յայտարարութիւնը, որոնք անընդունելի համարեցին իրենց մասնակցութիւնն այդ գագաթնաժողովին: Բայց մեր կառոյցները, Հայ Դատի գրասենեակները` Հայրենիքից` Արցախից ու Հայաստանից նեղացող չեն եւ այսօր էլ պատրաստում են եւրոպացի լրագրողների եւ պատգամաւորների այցը Հայաստան: Դրա համար եմ ասում, որ ներքին կեանքում շատ արագ հնարաւոր է փոփոխութիւն, զինւած ուժերում շատ արագ հնարաւոր է հոգեբանական փոփոխութիւն: Անգամ ղեկավարի եւ հռետորաբանութեան փոփոխութիւնն ամբողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կը փոխի զինւած ուժերում:
«Մարդկանց պահում են պատերազմական հոտը քթներին»
- Կարծում էք` այդքան ժամանակ ունե՞նք, երբ զուտ տեխնիկական հարց է դարձել իշխանութեան համար` ամսւայ վերջ Սոչիում, թէ Բրիւսէլում են Փաշինեանն ու Ալիեւը հանդիպելու եւ պայմանագիր ստորագրեն:
- Եթէ այսօր ասենք` դրա ժամանակը չունենք, մենք մի ամիս յետոյ էլ ասելու ենք` կորցրած մի ամիսն ափսոս էր: Երկու տարի այդպէս կորցրել ենք, դրա համար ամէն օրն է թանկ: Տւեալ դէպքում` դժւար է կանխատեսել իրականում հոկտեմբերի 31-ին Սոչիում ինչ է լինելու կամ նոյն օրը Բրիւսէլում, որտեղ, կարծես թէ, առաջարկում են սահմանագծման-սահմանազատման աշխատանքների յանձնաժողովի նիստ անցկացնել: Պէտք է այս խճճւածութիւնից դուրս գալ եւ շատ արագ մթնոլորտ փոխել:
- Մերժելով վաշինգտոնեան խաղաղութեան պայմանագրի տարբերակը` կո՞ղմ էք մոսկովեան տարբերակին, թէ՞ ընդհանրապէս դէմ էք որեւէ տարբերակին:
- Խնդիրն այն է, որ չկայ խաղաղութեան պայմանագիր: Շեշտում եմ` այս իշխանութիւնը չունի խաղաղութեան պայմանագրի նախագիծ: Այս իշխանութիւնը ցանկացած թուղթ ստորագրելով, Արցախից հրաժարւելով, ախորժակները բացելով` պատերազմը շատ աւելի մօտեցնելու է Երեւանին: Պատահական չէր, որ ԱԺ ամբիոնից ասացի, որ իմ Քանաքեռին է մօտենալու: Վստահաբար մետրոյով երթեւեկում էք եւ լսել էք, որ պարբերաբար յայտարարում են, թէ մետրոյի վագոնում, եթէ անծանօթ պայուսակ գտնէք, դիմէք մեքենավարին: Այսինքն` մարդկանց միշտ պահում են պատերազմական հոտը քթներին` ներհայաստանեան կեանքում սեփական ժողովրդին տեռորի ենթարկելով, թէ թշնամին գալու է, ու դուք չէք կարողանալու պաշտպանւել, որպէսզի մարդիկ էլ ասեն` լաւ, ինչ թուղթ կայ ստորագրէք, միայն «պրծնենք»:
«Զատուլինը պինդ կանգնած է Հայաստանի եւ Արցախի կողքին»
- Այն, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելւել է, ՔՊ-ական պատգամաւորները յայտարարում են, թէ տեղին էր, որովհետեւ չպէտք է այլ երկրի պաշտօնեան խառնւի ՀՀ ներքին գործերին: Ինչպէ՞ս էք Դուք վերաբերւում նման որոշմանը:
- Այլ գործչի դէպքում ուրիշ է, բայց Կոնստանտին Զատուլինն այն եզակի նւիրեալներից է մնացել, որ մինչեւ հիմա պինդ կանգնած է Հայաստանի եւ Արցախի կողքին: Լեւոն Տէր-Պետրոսեանին էլ են շատերը տարիներ շարունակ քննադատել, միւս ղեկավարներին էլ, բայց միայն այս իշխանութիւնն է անձնական մօտեցումով առաջնորդւում, եւ նրանց քինախնդրութիւնը սահման չի ճանաչում: Կոնստանտին Զատուլինի մուտքը մերժել էին Հայաստան, ԱԺ-ից էլ նամակ էին ուղարկել, բայց այնքան քինախնդիր են, որ առաջինը շտապել էին Նիկոլ Փաշինեանի ընտանեկան թերթում լուրը հրապարակել: Այսքանից յետոյ` զարմանում եմ, որ դեռ մեր հայրենակիցների մէջ կան մարդիկ, որ ասում են` լաւ, Նիկոլն ի՞նչ անի: Այդպէս են պատերազմը պարտւել, որովհետեւ գործը թողած` «Ֆէյսբուք»-ում ստատուս ու բանաստեղծութիւն էին գրում, ստեր տարածում, պարտութիւնը էլ ինչպէ՞ս է լինում, հէնց այսպէս` մարդկանց թեւաթափ անելով:
- Ըստ Ձեզ` Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ի՞նչ հետեւանքներ կունենայ` առանց այն էլ ճգնաժամի մէջ գտնւող հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ:
- Մենք ունցել ենք մի հայազգի վարորդ, որը ծանր վթարի էր ենթարկել ուղեւորատար աւտոբուսի: Նրան շատ անյարգալից էին վերաբերւել եւ խալաթով բերել էին դատարան: Ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնել, իսկ այս դէպքում` ՌԴ Պետդումայի յանձնաժողովի փոխնախագահի մասին է խօսքը, ինչ-որ «հրաւիրեալ» (гастарбайтер) չէ, պատերազմից փախած ՌԴ քաղաքացի չէ: Մի պահ պատկերացրէք` ի՞նչ կանէինք մենք, եթէ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մէկին չթողնէին մտնել Ռուսաստան կամ Վրաստան:
«Առաջիկայում լինելու է հանրահաւաք»
- Ի դէպ, տեւական դադարից յետոյ` խորհրդարանական ընդդիմութիւնը հոկտեմբերի 25-ին կրկին Ազգային ժողովում էր: Սա նշանակո՞ւմ է վերադարձ խորհրդարան:
- Միշտ ասել ենք` երբ ուզենանք, մեր օրակարգով կը վերադառնանք: Ուզում եմ յիշեցնել, որ երկու շաբաթ առաջ հանրահաւաք էր, եւ յաջորդ օրը խմբակցութիւնով որոշեցինք, եւ ես մտայ դահլիճ ԱԺ ամբիոնից ելոյթ ունեցայ` ներկայացնելով հանրահաւաքում հաւաքւած մարդկանց կարծիքները, կոչերը քաղաքական մեծամասնութեանը, որ հիմա Նիկոլին փրկելու ժամանակը չէ, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է: Հոկտեմբերի 25-ին էլ ԱԺ յայտարարութիւնների ժամին եկել էինք, որովհետեւ կրիտիական հարցեր կան, որոնք պէտք է հնչեցւէին:
- Իսկ փողոցում պայքարի օրակարգ այլեւս չունէ՞ք:
- Բոլոր օրակարգերը մեր զինանոցում կայ, բայց այն պէտք է լինի իմաստալից: Առաջիկայում լինելու է հանրահաւաք, այլ մանրամասներ չեմ ասում:
Հրանտ Սարաֆեան