ՀՅԴ Արցախի երիտասարդական միուեան նախաձեռնութեամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում գտնւող ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան երիտասարդական կենտրոնն անւանակոչւել է դաշնակցական ընկեր, ՀՅԴ ԱԵՄ-ի, ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտեութեան եւ ՀՄԸՄ Արցախի միաւորի վարչութեան անդամ Արտակ Իշխանեանի անունով։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միուեան նախաձեռնութեամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում գտնւող ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան երիտասարդական կենտրոնն անւանակոչւել է դաշնակցական ընկեր, ՀՅԴ ԱԵՄ-ի, ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան եւ ՀՄԸՄ Արցախի միաւորի վարչութեան անդամ Արտակ Իշխանեանի անունով։
Միջոցառմանը ներկայ էին Արտակ Իշխանեանի ծնողներն ու հարազատները, կուսակցական եւ գաղափարակից ընկերները, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ եւ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան անդամները, ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամները, ՀՄԸՄ եւ ՀՕՄ Արցախի միաւորների ներկայացուցիչները։
ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան նախկին անդամ Տաթեւիկ Աղաջանեանը, ողջունելով հիւրերին, նշեց, որ ներկաներից շատերն արդէն իսկ ծանօթ են Արտակ Իշխանեանին, սակայն հարկ համարեց բոլորին ծանօթացնելու Արտակ Իշխանեանի կենսագրութեանն ու գործունէութեանը։
«Արտակ Իշխանեանը ծնւել է 1993թ․ յուլիսի 3-ին Մարտունու շրջանի Աշան գիւղում։ Յաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, որն աւարտելով՝ ընդունւել է Արցախի Պետական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժինը։
Աշխատել է ԱՀ ԿԳՄՍ նախարարութիւնում, այնուհետեւ «Պարկ հոթել Արցախ» հիւրանոցում
Արտակ Իշխանեանը ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում, մասնակցել է 2016թ․ քառօրեայ եւ 2020թ․ քառասունչորսօրեայ պատերազմներին։
Առաւել հարուստ է նրա կուսակցական եւ հասարակական գործունէութիւնը․ ՀՅԴ պատանեկան շարքերում էր դեռեւս Աշանում՝ դպրոցական տարիներին, իսկ ուսանողական տարիներին անդամակցել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեանը, եղել է ՀՅԴ «Արամ Մանուկեան» ուսանողական միութեան ատենապետ, ՀՄԸՄ Արցախի միաւորի Կենտրոնական վարչութեան անդամ»,- նշել է Տ․ Աղաջանեանը։
Նրա խօսքով՝ Արտակը ոչ միայն կառոյցների շարքերում սովորական անդամ էր, այլեւ կառոյցներն առաջ մղող նւիրեալներից մէկը։
Տ․ Աղաջանեանը յիշում է, որ ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցչի պաշտօնում միշտ Արտակ Իշխանեանն էր առաջադրւում, սակայն նա կտրականապէս մերժում էր՝ ասելով, որ ինքը կանի իրենից կախւած ամէն բան, սակայն ներկայացուցչի պաշտօն զբաղեցնել չի ուզում։
«Պատասխանատւութեամբ էր մօտենում իրեն վստահւած բոլոր գործերին, սակայն չէր սիրում աչքի ընկնել։ Կեանքում երբեւիցէ հարցազրոյց տւած չկայ։ Նկատած կը լինէք, որ աւանդական ջահաերթի եւ միւս միջոցառումների կազմակերպիչը նա էր, սակայն երբեք հարցազրոյց տւած չկայ, միշտ մեզ էր ասում, որ պատասխանենք հարցերին»,- ասել է Տ․ Աղաջանեանը։
ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդական կենտրոնը վերանորոգելը Արտակ Իշխանեանի ցանկութիւններից մէկն էր։ Այսօր արդէն այն իրականութիւն է, սակայն առանց նրա․
«Մենք միասին եկամտաբեր ծրագրեր էինք իրականացնում, որոնցից որոշակի գումար էր գոյացել, եւ Արտակը միշտ առաջարկում էր այդ գումարով կենտրոնը վերանորոգել, արժէքաւոր գոյք գնել կենտրոնի համար, եւ մենք որոշեցինք նրա այդ գաղափարն իրականութիւն դարձնել։ ՀՅԴ Արցախի ԿԿ աջակցութեամբ վերանորոգեցինք եւ Արտակ Իշխանեանի անունով անւանակոչեցինք այս երիտասարդական կենտրոնը։ Նպատակն այն է, որ եկող սերունդները եւս իմանան ու ճանաչեն Արտակ Իշխանեանին»,- նշել է Տաթեւիկ Աղաջանեանը։
Միջոցառմանը ներկայ էր նաեւ Արտակ Իշխանեանի մանկության ընկերը՝ Արթուր Գաբրիէլեանը։ Նրա խօսքով՝ Արտակի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն նա ցանկացավ ներկաներին պատմել, թէ ինչպէս է սկսւել իրենց ընկերութիւնը։
«2002 կամ 2003թ․ սեպտեմբերի 30-ն էր։ Մեր դպրոցում մի աւանդոյթ կար․ ծննդեան օրերին ծնողները քաղցրաւենիք էին բերում, ու երեխաները դասարանով նշում էին։ Այդ օրը մեր ընկերոջ՝ Յակոբ Գրիգորեանի ծննդեան օրն էր։ Մենք մի դասարանից չէինք, սակայն երբ որ իմացանք այդ մասին, ես, Արտակն ու Էդոն որոշեցինք գնալ տուն, նւէր վերցնել եւ գնալ Յակոբի տուն, գնանք ու ասենք, որ մենք չորսս ընկերներ ենք։ Այդպէս առանց հրաւէրի գնացինք Յակոբի տուն, ասացինք, որ մենք քո ընկերներն ենք եւ եկել ենք ծնունդ նշելու․ այդտեղից էլ սկսւեց մեր ընկերութիւնը, եւ առ այսօր ու միչև իմ կեանքի վերջ կը մնանք ընկերներ»,- ասել է Ա․ Գաբրիէլեանը։
Նրա խօսքով՝ Արտակն այնպիսի անձնաւորութիւն էր, ումից պէտք է միշտ օրինակ վերցնել։
«Արտակը միշտ էլ օրինակ էր ընկերների համար, ցանկացած հարցում հասկանում ու ընդառաջում էր։ Միշտ լաւատես էր եւ իրենից կախեալ ամեն բան անում էր թէ՛ հարազատներին, թէ՛ ընկերներին, թէ՛ համագյուղացիներին օգնելու համար»,- նշել է Արթուր Գաբրիէլեանը։
Արտակի հետ ունեցած իր յիշողութիւններով կիսւել է նաեւ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը։ Նա նշեց, որ երբեւէ չէր պատկերացնի, որ Արտակ Իշխանեանին նւիրւած կենտրոն կը բացւի։
«2008թ.-ից Արտակը եղել է մեր կրտսեր ընկերը։ Ինձ բախտ է վիճակւել նաեւ նրա հետ աշխատել ԱՀ Մշակոյթի նախարարութիւնում․ նա եղել է իմ օգնականը։ Բացի իմ ընտանիքի անդամներից աւելի քան 8 ամիս առաջին բարեւ տւողն ու վերջին հրաժեշտ տւողն Արտակն էր։
Յիշում եմ նրա խօսքերը, երբ որ 2018թ․ հոկտեմբերին առաջին անգամ պաշտօնական այցով մեկնեցինք Երեւան եւ հանդիպումներ ունեցանք, դուրս գալուց յետոյ ասաց՝ ընկեր Յովհաննիսեան, այս մանկապարտէզը որտեղի՞ց են հաւաքել։ Երեւի գիտէր, որ այդ մանկապարէզզը վերջում մեր գլխին դաժան խաղ էր խաղալու, նաեւ՝ իր արեան գնով»,- ասել է Լ․ Յովհաննիսեանը։
ԱՀ ԱԺ պատգամաւոր Վահրամ Բալայեանն էլ իր խօսքում նշեց, որ հայոց երկիրը 5000 տարւայ պատմութիւն ունի եւ այն ապրել է անգին նահատակներ ունենալու գնով։
«Ցաւօք սրտի, կեանքի փիլիսոփայութիւնն այդպիսինն է, երեւի աստւած մարդուն այդպէս է ստեղծել, որ հայրենիքը միշտ կանգուն է լինում արժանաւոր զաւակներ ունենալու պարագայում։ Արտակն այդ զաւակներից մէկն էր, որ չվարանեց իր կեանքը զոհաբերելու, որ Արցախն ապրի։
Երբ մենք շրջում ենք Արցախի տարբեր գիւղերում, բնակավայրերում, մասնաւորապէս Շուշիում, տեսնում ենք քարերի վրայ գրւած՝ «Կեանքս տւի հայրենիքի փրկութեան համար»։ Դա պատահական չէ, քանի որ այն գենետիկան, որը փոխանցւել է եւ այսօր էլ շարունակում է մեր երիտասարդութեան մէջ մնալ, հնարաւորութիւն է տալիս, որ Արցախը վերընձիւղւի, նորից ապրի»,- նշել է Վ․ Բալայեանը։
Նրա խօսքով՝ այսպիսի միջոցառումներով հերոսները շարունակում են ապրել մեր շարքերում եւ օրինակ ծառայում միւսների համար։
«Արտակի գործն իսկապէս անմար է մնալու, որովհետեւ այն արիւնը, որ թափւել է հայրենիքի համար, հէնց այնպէս չի կորչում․ դառնում է որակ, նոր կեանք, որն արտացոլւում է իր որդու աչքերի մէջ, ով, ապրելով Արցախում, շարունակելու է իր հօր գործը, շարունակելու է Իշխանեանների գերդաստանը, որը պտղաբեր է ու հայրենիքի համար նւիրական գործեր է բերում»,-ասել է պատգամաւորը։
ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանն էլ իր խօսքում նշեց, որ իր մօտ երկւութիւն կայ ե՛ւ որպէս հարազատի, ե՛ւ որպէս կուսակցական ընկերոջ, պատասխանատու մարդու։
«Արժէքը կորցնելուց յետոյ ենք սկսում գնահատել այն․ ցաւօք սրտի այդպիսինն է մարդը։ Այդ համոզումը ինձ մօտ չի մտել Արտակի կորստից յետոյ, այլ 90-ականներին, երբ մեր շարքերում կորցնում էինք մեր ընկերներին։
1991թ.-ին առաջին զոհերն ունենալով մեր կողքին՝ շատ դժւար էր․ որպէս մարդ արարած փորձում ես գնահատել այն, ինչ որ կայ, հասկանալ որդեգրած ճանապարհը, որով շարժւում ես։ 23-24 տարեկան երիտասարդների համար դժւար է դեռեւս կենսափորձ չունենալով՝ հասկանալ, թէ ինչ ճանապարհ ենք մենք որդեգրել։
Ես զարմանում եւ նաեւ ոգեւորւում էի, երբ տեսնում էի՝ ինչպէս են իմ սերնդակիցների, զոհւած ընկերների երեխաները միմեանց հետ ընկերութիւն անում։ Այդ ընկերութիւնը ե՛ւ կուսակցութեան ներսում էր, ե՛ւ դրանից դուրս, ու այստեղ պատահականութիւն չկայ։ Ինչպէս քիչ առաջ ասւեց, գեները փոխանցւում են։
Ես յիշում եմ՝ 90-ականներին առաջին անգամ մենք կարդում ու լսում էինք, որ մեր գենոֆոնդը փորձում են ոչնչացնել, մեր գենոֆոնդը քչանում է։ Սրանք պատահական բառեր չեն, սա տեսակի հարց է, տեսակի խնդիր է, գիտակցման խնդիր է։ Մեզանից իւրաքանչիւրը պէտք է հասկանայ, ընդունի եւ խորքային ընկալի, որ մեր տեսակը, լաւագոյն տեսակը, մեր դաշնակցական ընտանիքի գենոֆոնդը պէտք է պահպանւի եւ միմեանց փոխանցւի։
Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ մեր զաւակները մեր գործի շարունակողն են։ Գուցէ մի քիչ զգացմունքային ստացւի, բայց ընդհանրութեան մէջ ճանապարհը, որը մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժւարին է լինելու, սա պէտք է գիտակցի իւրաքանչիւրը։
Երբ որ խօսում ենք գենոֆոնդի մասին, տեսնում ենք Արտակի որդի Ռուբէնին, մեր միւս նահատակների զաւակներին, որ մեր շարքերում են՝ իրենց արժանի ծնողներին փոխարինելու»,- ասել է Դ․ Իշխանեանը։
Նրա խօսքով՝ այսպիսի միջոցառումները կուսակցութեան մէջ ընդունւած են, որը դաստիարակութեան միջոց է։
«Իւրաքանչիւր ոք՝ ծնող, ընկեր, հարազատ, ՀՅԴ ԱԵՄ մուտք գործած երիտասարդ պէտք է գիտակցի, որ ճանապարհն այսպիսին է։ Այսօրւայ իրավիճակը մեզ թելադրում է, որ պէտք է մենք շարունակենք այն գործը, որ մեր աւագ ընկերները, մեր սերնդակիցները, մեր նախնիները որդեգրել են։ Այդ գործի շարունակողներից մէկն էլ Արտակն էր։
Իմ խոնարհումը բերելով Արտակի ծնողներին, հարազատներին ու ընկերներին՝ վստահ եմ, որ այդ նպատակը, որի համար մենք տւել ենք թանկ կորուստներ, պիտի փորձենք իրականացնել իւրաքանչիւրս մեր գործով, մեր առաքելութեամբ եւ ամենօրեայ աշխատանքով»,- նշել է Դ․ Իշխանեանը։
Ելոյթներից յետոյ ներկաները դիտել են ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ նկարահանւած Արտակ Իշխանեանի մասին պատմող ֆիլմը։
Արտակ Իշխանեանը զոհւել է 2020թ. հոկտեմբերի 31-ին Արցախի Մարտունի քաղաքի մօտակայքում։ Յետմահու պարգեւատրւել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։
Արտակ Իշխանեանի մարմինն ամփոփւած է Եռաբլուր զինւորական պանթէոնում։ Ամուսնացած է, ունի մէկ որդի։
Arfd.am