Հա

Քաղաքական

28/10/2022 - 14:30

Երբեք Սփիւռքը հայրենիքից այսքան օտարւած եւ այսքան յուսահատւած չի եղել

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

 

- Հայաստան-Սփիւռք աւանդական համաժողովը նոր անւանումով` «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» անունով կը կայանայ եւ այս տարի տեղի կունենայ հոկտեմբերի 28-31-ն ընկած ժամանակահատւածում: Համաժողովը ենթադրում է սփիւռքի համախմբում, աշխարհասփիւռ հայութեան միասնականութեան ցուցադրում, սակայն Զարեհ Սինանեանը սփիւռքը համախմբել չի կարողանում: Շատերն անգամ մեղադրում են, որ պառակտում է, ոչ թէ համախմբում։ Եկէք համեմատական անցկացնենք նախկին համաժողովների, սփիւռքի նախարարութեան եւ վերջին 4 տարիներին գործող սփիւռքի յանձնակատարի գրասենեակի գործունէութեան միջեւ: Ինչպէ՞ս է ստացւում, որ ինչ-որ բաներ նախկինում յաջողւում էր, հիմա՝ ոչ:

- Համախմբում երեւոյթն այս իշխանութիւններին խորթ է: Նրանք իշխանութեան են եկել ատելութեան, պառակտումի եւ ուրացման էներգիայով եւ շարունակում են նոյն ոգով: Ներազգային պառակտումը երբեք այսքան ցաւալի եւ սպառնալի չի եղել, որքան սրանց օրօք: Հարցը ծաւալուն է, անգամ համեմատութեան եզրեր չկան: Հայաստան-Սփիւռք համաժողովները սկսել են կազմակերպւել 1999 թւականից: Մեր համազգային կեանքում սփիւռքի բացառիկ դերակատարմամբ, ռազմավարական նպատակների գիտակցումով էր պայմանաւորւած 2008-ին կառավարութեան կազմում սփիւռքի նախարարութեան ստեղծումը: Ահռելի աշխատանք է կատարւել, ոչ միայն վեց համաժողով է կազմակերպւել, վերջինն էլ՝ 2017-ին, այլեւ ամառային դպրոցներ, հիւրախաղեր, մշակութային ու կրթական հարիւրաւոր ձեռնարկներ, հրատարակչական գործ, փառատօներ, փոխանակման ծրագրեր: Սփիւռքի հետ յարաբերութիւնների հայեցակարգ է մշակվել: Իհարկէ, միշտ կարելի է աւելին ակնկալել, թերութիւններ մատնանշել, բայց ներկայ ընթացքի հետ համեմատելու եզրեր անգամ չկան: Որեւէ ակնառու գործ յիշատակելի չէ. յանձնակատարն էլ, սրանց հանգոյն, լծւած է անցեալի մերժումով ու պառակտիչ գործունէութեամբ: Գիտակցումի եւ քաղաքական արժեհամակարգի խնդիր է. ռազմավարական մտածողութեան հարց, գուցէեւ ծրագրաւորւած յանձնարարութիւն՝ թուլացնել ազգային դիմադրողականութիւնն ու ազգային ինստիտուտները…

Չգիտակցել հայ իրականութեան մէջ սփիւռքի դերակատարումը, նշանակում է ծառայել եւ սպասարկել օտար շահեր:

 

- Սինանեանը յայտարարում է, որ անհատապէս դաշնակցականներին հրաւէր է ուղարկել: Դուք ստացե՞լ էք հրաւէր, ովքե՞ր են ստացել:

- Զաւեշտական է եւ մանկամիտ. ինչպէ՞ս կարող է Սինանեանը բոլոր դաշնակցականներին հրաւէր ուղարկել: Ոչ, հրաւէր չեմ ստացել:

 

- Ինչո՞ւ է Սինանեանն այդպէս յայտարարում:

- Չկայ այդպիսի բան, հաւանաբար՝ խորամանկում է: Բայց միթէ՞ գագաթնաժողով յորջորջւող երեւոյթն անհատական հրաւվրներով է: Ո՞ւր մնացին սփիւռքի աւանդական կառոյցները: Միթէ՞ սա չի նշանակում՝ չգիտակցել սփիւռքեան կառոյցների ահռելի դերակատարումը կամ դիտաւորեալ նսեմացնել նրանց դերը… Աւելի մեծ ռեսուրս, քան համահայկականութեան միասնութիւնն է՝ չունենք։ Սփիւռքի հետ այսպէս չեն աշխատում… Սա քանդիչ ձեռագիր է. պատահական չէ, որ երբեք սփիւռքն այսքան օտարւած չի եղել հայրենիքից եւ այսքան յուսահատւած: Սա ծանր հարւած է մեր ազգային, պետական շահին: Ի դէպ, գագաթնաժողովի կազմակերպման համար, «հրատապ մէկ անձից» ընթացակարգով, կառավարութիւնը յատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ: Վերջին՝ 2017-ին նախկինների կազմակերպած խորհրդաժողովին 3,5 անգամ աւելի քիչ գումար էր յատկացւել:

 

- Ձեր գործընկերներից ովքե՞ր են ստացել հրաւէր:

- Անհատական հրաւէրներից տեղեակ չեմ, եւ հետաքրքիր էլ չէ… Դաշնակցութեան համահայկական կառոյցը, ի դէպ, նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին՝ երկու կաթողիկոսները, մերժել են մասնակցութիւնը՝ նաեւ վերապահութիւններ ունենալով հէնց կազմակերպչական ձեւի եւ համազգային սպառնալիքների նկատմամբ յանձնակատարի, նրա գրասենեակի որդեգրած կեցւածքի առնչութեամբ:

 

- Դուք վերադարձել էք պառլամենտ: Շատերը սա համարում են ընդդիմութեան պարտութիւնը։ Համաձա՞յն էք…

- Մենք հեռացել ենք ոչ թէ պառլամենտից, այլ՝ կեղծ օրակարգերից: Ազգային, պետական օրակարգերն են մերը, եւ այս պահին այն գոյութենական սպառնալիքը, որի մէջ յայտնւել է հայոց պետականութիւնն ու հայ մարդը: Ի՞նչ պարտութեան մասին է խօսքը, պայքարը շարունակւում է… ԱԺ կանոնակարգի այն բոլոր գործիքները, որոնք կը ծառայեն մեր օրակարգերին եւ ազգային շահերին, կիրառել ենք եւ կիրառելու ենք: Առաջիկայում աւելի մանրամասներ կը լինեն:

 

Հայկ Գէորգեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։