Հա

Քաղաքական

30/10/2022 - 13:50

«Արցախում սպասւում է հուժկու հանրահաւաք. կը սահմանւեն մեր կարմիր գծերը». Յակոբ Յակոբեան

«Արցախի Հանրապետութեան բոլոր քաղաքական մարմինները, իշխանութիւնները, ողջ հանրութիւնը չէին կարող ձեռքերը ծալած նստել, ուստի հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերը հրաւիրել են հանրահաւաք, որին նախորդելու է ԱԺ արտահերթ նիստ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան համանախագահ Յակոբ Յակոբեանը:

«alikonline.ir» - «Արցախի Հանրապետութեան բոլոր քաղաքական մարմինները, իշխանութիւնները, ողջ հանրութիւնը չէին կարող ձեռքերը ծալած նստել, ուստի հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերը հրաւիրել են հանրահաւաք, որին նախորդելու է ԱԺ արտահերթ նիստ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան համանախագահ Յակոբ Յակոբեանը:

Նրա խօսքով՝ Արցախի ԱԺ արտահերթ նիստին կընդունւի մի յայտարարութիւն, որով կը սահմանւեն Արցախի կարմիր գծերը. «Այդ յայտարարութեան մէջ նշւած կը լինեն արցախահայութեան բոլոր նպատակներն ու իղձերը եւ այն կարմիր գծերը, որոնք պէտք է սահմանւեն: Բոլորը պարտաւոր պէտք է լինեն հաշւի նստել այդ կարմիր գծերի հետ, քանզի այդ բանակցութիւնների արդիւնքում ձեւաւորւած պայմանաւորւածութիւններն ուղղակի վերաբերում են Արցախում բնակւող իւրաքանչիւր քաղաքացու»:

Յակոբ Յակոբեանը նշեց, որ իրենց մտավախութիւնն այն է, որ այսօր Հայաստանի եւ Արցախի շահերը միջազգային ատեաններում ներկայացնում է Նիկոլ Փաշինեանը. «Նա իր այս մի քանի տարւայ գործունէութեան արդիւնքում հասցրեց նրան, որ այսօր բանակցում են Արցախի եւ Հայաստանի մասին, բայց այդ բանակցութիւններում իր որոշիչ խօսքը չունի ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը: Հայաստանի իշխանութիւնները բազմիցս փորձելով խուսանաւել կամ ժողովրդին մանիպուլացնելու արդիւնքում իրենց թերութիւնը ծածկելով՝ մէկ յայտարարում են, որ կայ միջազգային հանրութիւն, որը ստիպում է իջեցնել նշաձողը, մէկ յայտարարում են, որ չկայ որեւիցէ փաստաթուղթ, որը դրւած է բանակցութիւնների սեղանին, այնուհետեւ յայտարարում են, որ կան Ադրբեջանի կողմից ներկայացւած առաջարկութիւններ, եւ մենք այդպէս էլ չլսեցինք, որ կայ Հայաստանի կողմից ներկայացւած ամփոփ մի փաստաթուղթ, որտեղ ներկայացւած են մեր ցանկութիւններն ու որոշումները, եւ այդ հայկական թուղթն էլ է դրւած բանակցային սեղանին: Արդիւնքում ստացւում է, որ բանակցային սեղանին դրւած են Հայաստանը եւ Արցախը, եւ միջազգային հանրութիւնը, հաւաքական Արեւմուտքը, ՌԴ-ն կամ հէնց Ադրբեջանը քննարկում են, թէ ինչ պէտք է լինի մեզ հետ: Անհանգստացնողը դա է»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինեանի վերջին թւիթերեան գրառումը ցոյց է տալիս, որ Հայաստանը համաձայն կը լինի ռուսական տարբերակին, եթէ Ռուսաստանը կարողանայ հասնել դրան. «Այսինքն՝ հոկտեմբերի 31-ին, մեծ հաշւով, բանակցութիւններն ու քննարկումները լինելու են ոչ թէ եռակողմ, այլ երկկողմ՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, եւ Նիկոլ Փաշինեանը նստած սպասելու է, թէ արդեօ՞ք ՌԴ ղեկավարը կարողանալու է համոզել Ադրբեջանի նախագահին ընդունել մի այնպիսի փաստաթուղթ, որին իբր թէ Նիկոլ Փաշինեանը համաձայն է»:

Նա նկատեց, որ Արցախի իշխանութիւնները, իրենց բոլոր թերութիւններով հանդերձ, այսօր կիսում են այն կարծիքը, ինչ ողջ արցախահայութիւնը. «Նրանց համար նոյնպէս կարմիր գիծ է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ, որ Արցախի Հանրապետութիւնը կայացած հանրապետութիւն է՝ իր բոլոր ինստիտուտներով, եւ պէտք է հնարաւորութիւն ունենայ իր ինքնիշխանութիւնը, իր պետութեան գոյութիւնը շարունակելու»:

Յակոբ Յակոբեանը համոզւած է, որ Արցախի համար առոչինչ է ցանկացած փաստաթուղթ, որտեղ նշւած կը լինի, որ Արցախն Ադրբեջանի մաս է. «Որեւիցէ մի փաստաթուղթ չի կարողանալու դադարեցնել մեր պայքարը, որեւիցէ փաստաթղթի արդիւնքում չենք ընդունելու, որ Ադրբեջանի մաս ենք կազմում: Ցանկացած նման փաստաթուղթ համարելու ենք առոչինչ եւ պայքարելու ենք ոչ միայն մեր թշնամու, այլ նաեւ այդ փաստաթուղթը կերտողների դէմ: Վաղը (հոկտ. 30-ին, Խմբ.) մենք ականատես կը լինենք բազմահազարանոց հուժկու հաւաքի, որտեղ արցախահայութիւնն իր այդ գործողութեամբ ցոյց է տալու, որ Արցախում բնակւող իւրաքանչիւր հայ պատրաստ է ապրել իր հողի վրայ եւ ոչ մի գնով դա չի զիջելու Ադրբեջանին՝ անկախ նրանից, թէ ինչ փաստաթուղթ կը ստորագրւի: Թող մեզ ո՛չ միջազգային հանրութիւնը, ո՛չ Հայաստանի իշխանութիւնները չվախեցնեն իրենց փաստաթղթերով: Արցախի Հանրապետութիւնը կերտւել է մեր բազմահազար քաջորդիների արիւնով, այստեղ այնքան խիտ է այդ էներգետիկան, որ դրա վրայ ոչ մի փաստաթուղթ չի կարողանալու ազդել: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։