«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.
«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.
«Պուտինի հնչեցրած ձեւակերպումներից յետոյ մենք թեւակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական եւ ազգային։ Հակառակը, պէտք է առաւելագոյնս սառնասիրտ հասկանալ նոր իրողութիւնը.
Հայաստանը նստած է վառօդի տակառի վրայ։ Պուտինի խօսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։
Նիկոլը ամէն ինչ շատ լաւ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրայեղ ռիսկերի մասին։ Իշխանութեան 95 տոկոսը իրավիճակը չի պատկերացնում, բայց դա չի փոխելու պատմութեան ընթացքը՝ թէ ինչ կարող է լինել պետութեան հետ, ու նաեւ՝ իրենց։ Նիկոլը երբեք նրանց ճիշտը չի ասի։
Ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը չի հասկանում իրավիճակը։ Դա նորմալ է. ուկրայինացի ժողովուրդն էլ մինչեւ փետրւարի 23-ը չէր հասկանում, աւելին՝ չէր լսում բաց տեքստերով ասւածը։ Սովորաբար ժողովուրդները չեն հասկանում իրավիճակը մինչեւ փաստը չկատարւի։ Դա յետոյ 10 միլիոնից աւել մարդ կարտագաղթի, կը քանդւեն հազարաւոր բնակավայրեր, շքեղ քաղաքները, ընտանիքները, ճակատագրերը։
Ակտիւ ընդդիմադիրների մի զգալի մասը նոյնպէս չի հասկանում իրավիճակի ողջ խորութիւնը։ Ու հէնց այդ պատճառով է, որ կամ արտասանում են «դէմ ենք վաշինգտոնեան պայմանագրին, կողմ՝ ռուսականին», շուտասելուկը, կամ՝ «ոչ մի ճանապարհ չպէտք է տալ» եւ այլն։ Խաղաղութեան պայմանագիրը պոնչիկանոցի պոնչիկ չէ, որ «ընտրես ջեմովը, մերժես՝ կրեմովը»։ Աւելի լուրջ է պէտք լինել։
Ժամացոյցը միացւած է
Ամենավտանգաւոր խնդիրը այսօրւայ իշխանութեան կառուցւածքն է։ ՄԷԿ հոգին ունի հնարաւորութիւն՝ որոշելու ողջ պետութեան, միլիոնաւոր մարդկանց եւ գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պէտք վախենալ, եւ ոչ թէ՝ հնարաւոր պայմանագրից։ Սա աւելի վտանգաւոր է, քան թուրքական սպառնալիքը, յատկապէս որ որեւէ մէկը չունի պատկերացում, թէ ինչ է ծրագրում նա իրականում։
Ըստ այդմ, ՄԷԿ հոգին կարող է ստորագրել «վաշինգտոնեան տարբերակը», կարող է ստորագրել ռուսականը, որը ոչ ոք չգիտի, թէ ինչ է, կարող է չստորագրել ոչ մէկը։ Առաջին դէպքում մենք ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլեւ թուրքական ներխուժումը Հայաստան ամիսների խնդիր է լինելու։ Բոլորին «ֆռցնելու» եւ ոչինչ չստորագրելու դէպքում մենք մնում ենք օդում կախւած պետութիւն, որը ոչ միայն չի ստանալու որեւէ միջազգային աջակցութիւն, այլեւ ընկալւելու է որպէս պատերազմ հրահրող, ապակառուցողական կողմ։ Չարեաց փոքրագոյնը, թերեւս, ռուսական տարբերակի շուրջ գրագէտ բանակցելն է եւ իրական հողի վրայ իրական երաշխիքներ պահանջելը։
Բայց եթէ այդ մէկ հոգին իր մէջ արդէն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել միւս բոլոր պոզիտիւ հնարաւորութիւնները։ Մենք արդէն իսկ թոյլ ենք տւել, որ ՄԷԿ հոգին հարիւր անգամ յայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է 2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսւած ծայրայեղ սուտ է, եւ այդ ստով ահռելի վնաս է հասցւել պետութեանը։ Թոյլ ենք տւել, որ պրահաներում ու բրիւսէլներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապէս դժւարացրել է թէ´ Սոչիի, թէ´ հետագայ բանակցութիւնների մեր դիրքերը. Ալիեւն ամէն անգամ ցիտելու է ՄԷԿ հոգուն։
ՄԷԿ հոգու այլընտրանքը
Իրավիճակը կը լինէր նւազ վտանգաւոր եւ աւելի կանխատեսելի, եթէ ձեւաւորւած լինէր ՄԷԿ հոգու այլընտրանքը։ Եթէ հնարաւոր լինէր հասարակութեանը եւ միջնորդներին ներկայացնել, թէ որն է ՄԵՐ՝ միւսներիս տեսակէտը, մեր դիրքորոշումը։ Եթէ իշխանութեան լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպէս ենք պատկերացնում, ինչպէ՞ս ենք բանակցելու, ինչպէ՞ս ենք պատկերացնում խաղաղութեան հաստատումը եւ Հարաւային Կովկասի ճարտարապետութիւնը՝ ընդհանրապէս։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանութեան է, սրա պատճառով է, որ հասարակութիւնը չի հասկանում, թէ ո´ր տաբերակը ուր է տանում, եւ ինչ պէտք է անել՝ Ուկրայինայի ու Դամասկոսի չվերածւելու համար։
Չկայ միասնական տեսակէտ, չկայ միասնական բովանդակութիւն, չկայ միասնական տեսլական. նման պայմաններում ուզում էք ժողովրդական համախմբո՞ւմ։ Ինչի՞ շուրջ, եթէ մարդիկ չեն հասկանում, թէ ի´նչ էք ասում։ Նոյնիսկ նոյն խմբակցութեան պատգամաւորները նոյն առանցքային հարցի վերաբերեալ լրիւ տարբեր բաներ են ասում։ Սա լուրջ չէ։
Լրջութիւնը գործ է, որը պէտք է արւի
1. Օրւայ հրամայական է ընդդիմադիր նոր ձեւաչափի ստեղծումը։
2. Օրւայ հրամայական է տեղեկատւական միասնական կենտրոնի ստեղծումը։ Այս երկու կէտերը կտրուկ կը լրջացնեն ՄԷԿ հոգու այլընտրանքի գաղափարը, դրան կը հաղորդեն երեւացող ուրւագծեր։
3. Չխեղդւելու համար վաշիգտոնեան եւ ռուսական տարբերակների միջեւ եւ խուսափելու համար աղէտից՝ մեզ պէտք է ունենալ խաղաղութեան պայմանագրի, դելիմիտացիայի, Արցախի ճակատագրի, կոմունիկացիաների բացման, անվտանգութեան երաշխիքների՝ մեր կողմից մշակւած սկզբունքները, բայց ոչ թէ անցեալ կեանքի, այլ՝ այսօրւայ իրականութիւնը հաշւի առնող։ Լինենք լուրջ, եւ մեզ լուրջ կը վերաբերւեն։ Դատարկախօսների կաստաները այլեւս չպէտք է անելիք ունենան։
4. Ամենահրատապը, հարցերի հարցը մնում է՝ ՄԷԿ հոգուն չլիազօրել 3 մլն հայութեան եւ ողջ պետութեան ճակատագիրը միակամ որոշելու, խափանել այդ մեխանիզմը։ Սա կարեւոր է նաեւ հէնց ի´ր համար, եթէ նոյնիսկ նա այս պահին չի հասկանում»։