Հա

Քաղաքական

30/10/2022 - 14:15

«Աստանայից մինչեւ Սոչի. Պուտինն՝ ընդդէմ Ալիեւի ու Փաշինեանի». Անդրանիկ Թեւանեան

Փաստօրէն, ստացւում է, որ ոչ թէ Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիւ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիեւի-Փաշինեան զոյգի դէմ, այսինքն՝ մենակ է լինելու։ Այս մասին իր ֆէսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:

«alikonline.ir» - Փաստօրէն, ստացւում է, որ ոչ թէ Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիւ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիեւի-Փաշինեան զոյգի դէմ, այսինքն՝ մենակ է լինելու։ Այս մասին իր ֆէսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:

«Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունենալիք Պուտին-Ալիեւ-Փաշինեան հանդիպումից առաջ ՔՊ-ի համագումարում Նիկոլի հնչեցրած խօսքը ծրագրային էր, գաղափարական եւ ինչպէս միշտ՝ ստի, մանիպուլեացիաների, դեմագոգիայի մեծ դոզայով։

1. Ուշադրութի՛ւն դարձրէք. Նիկոլ Փաշինեանն ու իր թիմակիցները զրօ արձագանգ տւեցին Աստանայում հնչեցրած Ալիեւի խօսքին։ Ո՛չ Աստանայում, ո՛չ յետոյ Փաշինեանը չասաց, թէ Ալիեւը ստում է, նման բան չկայ։

Յիշեցնեմ, որ Ալիեւն Աստանայում ասել էր, որ Փաշինեանը, Միշէլը, Մակրոնը Պրահայում համաձայնել են իր հետ, որ Ղարաբաղի հարց այլեւս չկայ, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, եւ որ Բաքուն ղարաբաղցիների հետ կը վարւի իր ներքին օրէնսդրութեան համաձայն։

Ալիեւին չարձագանգեցին, սակայն արձագանգեցին Պուտինին, ով ասաց այն, ինչ ասել էր Ալիեւն Աստանայում։ Պուտինն ասաց, որ եթէ ՀՀ իշխանութիւնները համաձայնել են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա դա նրանց ու հայ ժողովրդի գործն է։

Ալիեւի ասածները տեղաւորւում էին հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման վաշինգտոնեան մոդելի մէջ։

Հիմա Փաշինեանը, ՔՊ-ականներն ու նրանց կից մանկլաւիկները յայտարարում է, թէ, իբր, չկայ վաշինգտոնեան փաստաթուղթ եւ իրենք համաձայն են մոսկովեան առաջարկներին։

2. Սեփական իշխանութեան համար դողացող, որեւէ մէկին չվստահող Նիկոլ Փաշինեանը վերջ տւեց ձեւականութիւններին ու դարձաւ ՔՊ վարչութեան նախագահ։ Եւ ահա կուսղեկավարն ասում է, որ ինքը կողմ է մոսկովեան առաջարկներին եւ յուսով է, որ դրանք կը պաշտպանւեն Պուտինի կողմից։

Նիկոլը բլեֆ է անում։ Եթէ ինքը կողմ է մոսկովեան տարբերակին (որն, ի դէպ, արեւմտեանից լաւն է, բայց մեր, մեղմ ասած, մեր երազանքների փաստաթուղթը չէ), ապա ինչո՞ւ չի յայտարարում, որ դէմ է վաշինգտոնեանին։ ՔՊ համագումարում նա, մոսկովեանին կողմ լինելով, կողմ արտայայտւեց նաեւ արեւմտեանին։

Փաստօրէն, ստացւում է, որ ոչ թէ Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիւ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիեւի-Փաշինեան զոյգի դէմ, այսինքն՝ մենակ է լինելու։

3. Վաշինգտոնեան ու մոսկովեան տարբերակների էական տարբերութիւնն այն է, որ առաջին տարբերակով Ղարաբաղի հարցը վերջնականապէս փակւում է՝ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս, ինչը աւտոմատ կերպով բերելու է ռուս խաղաղապահների դուրս բերմանը, ինչին էլ ձգտում է Արեւմուտքը՝ առանձնապէս չմտահոգւելով, թէ ինչ կը լինի դրանից յետոյ Հայաստանի ու Արցախի հետ։

Մոսկովեան տարբերում արձանագրւում է, որ կայ Ղարաբաղեան խնդիր, բայց խնդրի լուծման համար հիմա լաւ ժամանակներ չեն ու պէտք է այն թողնել հետագային։ Այսինքն՝ Մոսկւան կողմ է ներկայ ստատուս քւոյի պահպանմանը, քանզի այդ դէպքում միայն կարող է պահել իր զօրքերն Արցախում, ինչը մեր շահերից է բխում։

4. Փաշինեանը ղարաբաղցիների աչքին մի փոքր ռեաբիլիտացւելու համար յայտարարում է, որ կողմ է Արցախում ռուս խաղաղապահների ժամկէտի երկարաձգմանը։ Ասում է՝ ես այդ առաջարկը Սոչիում կանեմ, եթէ Ռուսաստանը պաշտպանի այդ առաջարկը, ապա մենք մեծամասնութիւն կը լինենք։

Նիկոլը շատ լաւ գիտի, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ինքը համաձայնել է այն կէտին, ըստ որի՝ ռուս խաղաղապահների մանդատը 5 տարով է եւ եթէ կողմերից որեւէ մէկն այդ ժամկէտը լրանալուց 6 ամիս առաջ յայտարարի, որ դէմ են խաղաղապահ մանդատի երկարաձգմանը, ապա խաղաղապահները պէտք է լքեն տարածքը։

Ալիեւը չի էլ թաքցնում, որ սպասում է ժամկէտը մօտենալուն, որպէսզի հեռացնի խաղաղապահներին։ Նիկոլ Փաշինեանը, համաձայնելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, միացել է Ալիեւի ցանկութեանը։ Այնպէս որ թող ձեւեր չթափի, թէ բա՝ կողմ եմ, որ 20 տարի մնան խաղաղապահները։ Դա նրա հետագայ «կռուտիտների» համար է արւում։

5. «Ես պատրաստ եմ ստորագրել»։ ՔՊ համագումարում Նիկոլն այս նախադասութիւնն օգտագործեց մի քանի անգամ։

Խնդիրն այն է, որ նա պատրաստ է ստորագրել ամէն ինչ՝ վաշինգտոնեանը, մոսկովեանը։ Ինքը պատրաստ է ամէն ինչ ստորագրել, միայն թէ անձնական երաշխիքներ ստանայ։ Արեւմուտքում նրան հակառուսական քաղքականութեանը միանալու համար անձնական երաշխիքներ տալիս են։ Դրա համար էլ Փաշինեանը հոգով ու մարմնով վաշինգտոնեանի հետ է, բայց համ էլ վախից կողմ է արտայայտւում մոսկովեանին՝ շատ լաւ իմանալով, որ Ալիեւը դրան չի համաձայնելու, քանզի իրենք երկուսով համաձայնել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։

Պուտինի ցանկացած խօսքին Սոչիում Ալիեւը հակադարձելու է Փաշինեանի յայտարարութիւններով, նրա տւած խոստումներով ու արւած հակահայկական ձեւակերպումներով։

Փաշինեանի գոյութիւնը ՀՀ իշխանութեան ղեկին Ալիեւի համար Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու միակ երաշխիքն է։ Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանն այդ երաշխիքին ատամներով են պահում ՀՀ վարչապետի աթոռին։

6. Եւ ամենակարեւորի մասին։

Նիկոլ Փաշինեանը դեմոգոգիայով էր զբաղւած։ Ասում է՝ ես ՀՀ անկախութեան հռչակագիրն էի ուզում պաշտպանել, բայց նախկիններն այնքան ծանր բեռ էին գցել «գրպանս», որ տակից չկարողացայ դուրս գալ, բայց դէ հիմա արդէն պէտք է հրաժարւել այդ հռչակագրից ու պետութեան նոր նախագիծ առաջարկել։

Նրա ու իր թիմակիցների ամբողջ խօսքի կոնտեքստից ելնելով՝ կարող ենք ասել, որ Նիկոլի պատկերացրած նոր պետութիւնն առանց Ղարաբաղի է, առանց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման է, առանց հայ-ռուսական յարաբերութիւնների է, առանց պատմական յիշողութեան է։ Այլ կերպ ասած՝ առանց պատմական կարծրատիպերի է։ Մանկուրտային է։ Այնպէս, ինչպէս Ջոն Բոլթոնն էր հրահանգել։

Նիկոլը ՔՊ-ի համագումարում «հիմնաւորում» էր, որ մեր բոլոր զոհերը յանուն ոչնչի են եղել ու պէտք է թաղել հայ ժողովրդի հազարամեակների պատմութիւնը։ Ի դէպ, նրա կինը հէնց դա էր քարոզում։ Աննա Յակոբեանը ՔՊ-ում հնչեցւելիք Նիկոլի խօսքից առաջ անոնս արեց «նոր պետութեան» հայեցակարգը՝ թաղել մեռելին։ Իրենց պատկերացրած մեռելները՝ Հայաստանն ու Արցախն են։

Աւելի բաց տեքստով նմանատիպ հակահայկական ծրագիր հնչել է միայն դոկտոր Նազիմի շուրթերից»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։