Հա

Քաղաքական

31/10/2022 - 13:00

«Նախնիներս Արցախից են, արմատներս միշտ կը մնան Արցախի հետ, շարունակելու եմ իմ քրտինքն ու արցունքը թափել Արցախի համար». Թելմա Ղազարեան-Ալթուն

168.am-ի հետ զրոյցում Թելմա Ղազարեան-Ալթունը պատմեց իր այսօրւայ գործունէութեան, Արցախի համար անելիքների, 44-օրեայ պատերազմի օրերին ունեցած ցաւի ու կարոտի մասին։

«alikonline.ir» - Ամերիկահայ ուլտրամարաթոն վազորդ Թելմա Ղազարեան-Ալթունը 2017 թւականին վազքով հատեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. նպատակն Արցախի ձայնը աշխարհին լսելի դարձնելն էր։ 2017 թւականին արդէն Թելման աշխարհի տարբեր անկիւններում մասնակցել էր մարաթոնեան վազքի մրցոյթներին, բայց առաջին անգամ էր վազելու իր նախնիների հողում՝ Արցախում։ 2017 թւականին Թելման 3 օրում անցնելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ կատարել էր իր վաղեմի երազանքներից մէկը՝ կապւած նախնիների հայրենիքի հետ, նա տարբեր առիթներով ասում է՝ «Արցունքներս ու քրտինքս պէտք է ծառայեցնեմ հայրենիքիս»։

168.am-ի հետ զրոյցում Թելմա Ղազարեան-Ալթունը պատմեց իր այսօրւայ գործունէութեան, Արցախի համար անելիքների, 44-օրեայ պատերազմի օրերին ունեցած ցաւի ու կարոտի մասին։

«Ես ուրախ էի վազել Արցախի համար եւ աշխարհին ցոյց տալ մեր գեղեցիկ հայրենիքը, ինչպէս արեցի 2017 թւականին: 2017 թւականի մրցավազքն աշխարհի ուշադրութիւնը հրաւիրեց մեր գեղեցիկ արահետների, լեռների, գիւղերի, քաղաքների, մշակոյթի, երաժշտութեան, կերակրատեսակների եւ յատկապէս Արցախի գեղեցիկ բնակչութեան վրայ: Ինչպէս յայտնի է՝ Արցախում մրցավազք անցկացնելը հետաքրքրութիւն էր առաջացրել մրցարշաւների կազմակերպիչ՝ ամերիկացի Քրիս Կոստմանի մօտ, ով վերջին 30 տարիների ընթացքում միջազգային մրցարշաւներ է անցկացրել ամբողջ աշխարհում։ Նա էլ ցանկացաւ Արցախում վազքի միջոցառում կազմակերպել եւ այն էլ աւելի տեսանելի դարձնել աշխարհին։ Իմ առաջին վազքից յետոյ բազմաթիւ միջազգային վազորդներ գրանցւեցին եւ պատրաստ էին գալ Արցախ եւ մասնակցել այս եզակի վազքի միջոցառմանը, սակայն 44-օրեայ պատերազմը թոյլ չտւեց, որպէսզի դա իրականութիւն դառնար, քանի որ վազքուղու 75%-ը եւ Արցախի մի մասը գրաււեց: Այդ ժամանակից ի վեր ես սգում եմ մեր երիտասարդների կեանքերի ու հայրենի հողի կորստի համար»,- պատմեց Թելման:

2017 թւականին իր վազքարշաւի 3 օրերի ընթացքում Թելմա Ղազարեան-Ալթունը Վարդենիսից-Մարտակերտ ընկած ճանապարհի վրայ եղած գրեթէ բոլոր գիւղերում եղել է, ծանօթացել բնակիչների հետ, նրանց հետ ճաշել, այսօր այդ օրերը մի կողմից՝ ցաւով, բայց նաեւ սիրով ու կարօտով է յիշում։

«2017 թւականի իմ վազքի ընթացքում թափւած իմ քրտինքն ու արցունքները եղել եւ մնում են մեր հայրենիքի հանդէպ ունեցած մեր ջանքերի եւ սիրոյ պատկերը: Իմ նախնիներն Արցախից են: Իմ արիւնը, արմատները միշտ կը մնան Արցախի հետ: Այո, ես դեռ պնդում եմ, որ մենք բոլորս պէտք է թափենք քրտինք, արցունք, տքնաջան աշխատանք, նւիրում եւ ամենակարեւորը՝ ձեռք բերենք ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ, որպէսզի միասին աւելի ուժեղ ընթանանք, որպէսզի հնարաւորութիւն ընձեռւի օգնելու Արցախին գոյատեւել այս ժամանակահատւածում եւ, ի վերջոյ, եւս մէկ անգամ բարգաւաճել»,- յաւելեց Թելման։

44-օրեայ պատերազմից յետոյ Թելման Արցախ չի գնացել, պատմում էր, որ Միացեալ Նահանգներից սարսափով էր հետեւում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գործողութիւններին։

«Սարսափով էինք հետեւում ԱՄՆ-ից, թէ ինչ էր տեղի ունենում: Ցաւալի էր ամէն օր դիտել եւ լսել մեր կորցրած երիտասարդ կեանքերի եւ խլւած հողի իւրաքանչիւր մասնիկի մասին: Ես ամէն օր լաց էի լինում: Ես ամէն օր զանգում էի այն ընտանիքներին, որոնց հետ արդէն բարեկամացել էի իմ ճամբորդութիւնների ժամանակ՝ տարիների ընթացքում: Ես ընկայ խորը յուսահատութեան մէջ, նաեւ հասկացայ, որ այն իրադարձութիւնը, որին մենք պատրստւում էինք 3-4 տարի, յօդս ցնդեց պատերազմի հետ: Սա կործանարար էր ինձ համար, եւ միջազգային վազորդները, ովքեր ոգեւորւած էին Արցախ գալու, այն ուսումնասիրելու եւ վազելու մտքից, կորցրին դա անելու իրենց հնարաւորութիւնը եւ, դեռ աւելին, նրանց պէտք էր պատմել պատերազմի եւ դրա հետեւանքների մասին:

Արցախի ձայնն այսօր լսելի չէ աշխարհին։ 90-ականների Արցախեան պատերազմից ի վեր, յաջորդ 3 տասնամեակները ծախսւեցին մեր Արցախը վերականգնելու վրայ, եւ ես, ինչպէս շատերը, տպաւորութիւն ունէինք, թէ մենք խաղաղութիւն ունենք եւ յետ ենք նւաճելու մեր հողը, եւ հաւատում էի, որ աշխարհը կը ճանաչի Արցախը: Ես ականատես եղայ, թէ ինչպէս շատ օտարերկրացիներ ներդրումներ արեցին Արցախի համար, եւ մեր պետական պաշտօնեաներն ինչպէս էին անխոնջ աշխատում մեր երկիրը ներկայացնելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Թելման վստահ է, որ կրկին ամբողջական Արցախ ունենալու համար պէտք է համախմբւած հայ ազգ լինի համաշխարհային մասշտաբով:

«Մենք պէտք է համախմբւած լինենք Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում, պայքարենք նոյն գործի համար, լինենք նոյն թիմում եւ լինենք ՄԻԱՒՈՐՒԱԾ: Եթէ հասնենք դրան, ապա կը հասնենք միասնական ու անվտանգ Արցախին ու Հայաստանին։

Հայաստանում, սահմանին տեղի ունեցողը մխիթարելի չէ, ազնւօրէն: Դա միայն աւելացնում է մեր յուսահատութիւնը սփիւռքում։ Մենք բոլորս պէտք է համախմբւենք եւ շարունակենք պայքարել եւ չյանձնւել՝ մեր գոյութիւնն ու հողը փրկելու համար։ Մենք պէտք է երեխաներ ծնենք ու մեծացնենք, ովքեր կանեն նոյնը: Մենք պէտք է աշխարհում տարբեր քաղաքական ազդեցիկ պաշտօններ զբաղեցնենք, որպէսզի յարգանք պահանջենք մեր հողի եւ մշակոյթի նկատմամբ»,- շեշտեց նա։

Թելման այսօր շարունակում է իր կարիերայով զբաղւել՝ աշխատում է Լոս Անջելէսում:

«Մարզւում եմ իմ հետագայ մրցումների համար եւ մրցում եմ, երբ հնարաւորութիւն կայ: Մեծացնում եմ իմ 2 երեխաներին։ Անկեղծ ասած, շատ գաղափարներ եւ ցանկութիւններ ունեմ Արցախի հետ կապւած, բայց դրանցից ոչ մէկը նշանակութիւն չունի, քանի որ չեմ ապրում Արցախում։ Իրականում արցախցիների կարիքները եւ նրանց գաղափարները պէտք է հաշւի առնել, այլ ոչ թէ իմը: Ես շարունակելու եմ իմ քրտինքն ու արցունքը թափել Արցախի համար: Նաեւ կը շարունակեմ ներկայացնել Արցախը բոլոր այն վազքարշաւներին, որոնց կը մասնակցեմ ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Թելմա Ղազարեան-Ալթունը։

 

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։