168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի նախկին արտգործնախարար Կարէն Միրզոյեանը, խօսելով արցախեան այս գործընթացների մասին, ընդգծեց.
«alikonline.ir» - Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովն արտահերթ նիստով ընդունեց յայտարարութիւն՝ կոչով դիմելով Հայաստանի Հանրապետութեանն ու Ռուսաստանի Դաշնութեանը։
Հայաստանի իշխանութիւնից Արցախի ԱԺ բոլոր խմբակցութիւնները պահանջեցին չհրաժարւել Արցախի անվտանգութեան երաշխաւորի՝ Հայաստանի առաքելութիւնից, իսկ Ռուսաստանին կոչ արեցին հաշւի առնելով արցախահայութեան անվտանգութեան խնդիրը՝ աւելացնել ռազմական եւ քաղաքական լծակները։
Արցախի Ազգային ժողովը՝ յայտարարութեամբ, իսկ աւելի ուշ նաեւ Վերածննդի հրապարակում հաւաքւած տասնեակ-հազարաւոր արցախցիները յստակ արձանագրեցին, որ իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի նախկին արտգործնախարար Կարէն Միրզոյեանը, խօսելով արցախեան այս գործընթացների մասին, ընդգծեց.
«Արցախցին իր ընդվզումն արտայայտեց ընդդէմ այն սցենարների, որոնք փաթաթում են իր պարանոցին։ Արցախահայութիւնն իր ապագայի մասին շատ յստակ պատկերացում ունի, ուստի ես չեմ տեսնում արցախցու մէջ իր տեսլականից հրաժարւելու պատրաստակամութիւն, փոխարէնը՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից արւում են հակասական յայտարարութիւններ, որոնք հնչեցւում են ընդամէնն օրւայ զարգացումներին ի պատասխան. յայտարարութիւններն արւում են՝ հիմքում չդնելով որեւէ երկարաժամկէտ զարգացում, եւ այս իշխանութեան վարած արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը հէնց այդպիսին է։ Սրանով հանդերձ՝ չեմ կարծում, որ այն տեսակէտը, որն Արցախի հարցում արտայայտում է այս իշխանութիւնը, արտայայտում է ամբողջ հայ ժողովրդի կարծիքը»,- ասաց Միրզոյեանը։
Նրա դիտարկմամբ՝ արցախցին այսօր ոչ թէ ընդունում է իր խնդրի լուծման ռուսական տարբերակը եւ մերժում արեւմտեանը, այլ պարզապէս առաջ է տանում իր տեսլականը, այն է՝ ապրել Ադրբեջանի կազմից դուրս: Ուստի վտանգաւոր է նաեւ հարցադրումը, թէ Արցախի հարցի կարգաւորման հարցում առաջարկւող տարբերակներից ո՞րը պէտք է ընտրել։
«Շատ վտանգաւոր է. այդ հարցադրումը Արցախի խնդիրը տեղափոխում է մեծ տէրութիւնների մրցակցութեան դաշտ, ինչը կարող է մեզ համար ունենալ վտանգաւոր հետեւանքներ։ Պէտք է յիշել, որ խօսքը նրա մասին է, որ արցախցին չի ցանկանում զիջել իր այն նւաճումները, որոնք ձեռք է բերել իր զաւակների արեան գնով եւ որոնք հիմա իր ձեռքից փորձում են տանել բռնի ուժով»,- ասաց Կարէն Միրզոյեանը՝ յատուկ ուշադրութիւն հրաւիրելով յատկապէս Սոչիի յայտարարութիւնից յետոյ տարածւող թէզերին, թե Ռուսաստանի իշխանութիւնները չեն կարողացել պնդել իրենց առաջարկները։
«Սոչիի յայտարարարութիւնից յետոյ հանրութեան կարծիքը մանիպուլացնում են՝ ասելով, թէ Հայաստանի իշխանութիւնը պատրաստակամ էր, բայց Ռուսաստանը չկարողացաւ պաշտպանել իր առաջարկները։ Այդ ինչի՞ հիման վրայ է Հայաստանը Ռուսաստանից բան պահանջում, երբ յայտարարել է, որ այլեւս Արցախի անվտանգութեան երաշխաւորը չէ։ Չէ՞ որ Ռուսաստանը Արցախի հակամարտութեան կողմ չէ, ընդամէնը միջնորդ է, հետեւապէս, չի կարող պարտադրել որեւէ սցենար, եթէ կողմերը դրան համաձայնութեան չեն հասնում, ուստի Հայաստանի իշխանութիւնները իրենց քաղաքականութեամբ եկել հասել են մի իրավիճակի, որ չեն կարողանում Ադրբեջանի հետ հաւասարը հաւասարի պէս խօսել, իսկ Ադրբեջանը գործադրում է ռազմաքաղաքական ճնշումներ, որովհետեւ գիտի՝ ցանկացած ճնշում բերելու է արդիւնքի։ Ադրբեջանն այսօր բանակցութիւնների շահագրգռութիւն չունի. հակւած է շարունակել շանտաժի եւ ուժի սպառնալիքի քաղաքականութիւնը»,- ասաց Կարէն Միրզոյեանը։
Աղաւնի Սուքիասեան