Հա

Քաղաքական

07/11/2022 - 14:25

Կորսւող գիւղեր՝ «սուվերեն» տարածքում․ Ներքին Հանդ

Ալւինա Աղաբաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Ալւինա Աղաբաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ, ԳՇ պետ Է․ Ասրեանը յայտնեց, որ Ադրբեջանն օկուպացրել է ինքնիշխան Հայաստանի 130 քառ․ կմ տարածք (փորձագէտների հաշւարկով՝ մօտ 200 քկմ)։

Ոչ մի անուն, ոչ մի տարածքի նշում։

130 քկմ։

Զանգւածների ընկալման մէջ 130-ը պարզապէս թիւ է, այն էլ փոքր թիւ, որը բնականաբար ոչ մի ներքին յուզմունք կամ բողոք/ըմբոստութիւն չի կարող առաջացնել եւ լաւագոյն դէպքում կարող է ասոցացւել մի փոքր ամայի տարածքի կամ բլրի հետ՝ «դէ ոչինչ, կորցրել, կորցրել ենք, հօ դրա համար կռիւ չե՞նք տալու» տրամաբանութեամբ (ի դէպ, նոյն քարոզչական հնարքը գործում է նաեւ զոհերի հետ կապւած, երբ միայն թիւ է հրապարակւում)։

Մինչդեռ երբ կորցւած տարածքները տեսնում ես քարտէզի վրայ, երբ իմանում ես՝ օկուպացւած տարածքները որ գիւղերի տարածքներն են, արօտավայրեր են ու մշակովի հողեր, հնավայրեր են ու սրբավայրեր, ջրի ակունքներ են ու ճանապարհային հանգոյցներ, կատարւածի ընկալումը միանգամայն այլ է լինում, բնականաբար՝ արձագանգը նոյնպէս։

Եւ այսպէս՝

Սիւնիքի մարզ, գիւղ Ներքին Հանդ

- 8 ամիս առաջ՝ մարտի 3-5-ը, Ադրբեջանի զինւած ուժերը գրեթէ 1 կմ խորութեամբ ներխուժել էին Ներքին Հանդի տարածք, դիրքաւորւել գիւղի գերեզմանոցի, եկեղեցու եւ խմելու ջրի ակունքին շատ մօտ հատւածում (նշւած է դեղին նշանով) եւ անմիջապէս սկսել ինժեներական ու ամրաշինական աշխատանքները։

Երբ այս մասին բարձրաձայնեցինք, ՊՆ-ն նախ հերքեց դա, ապա ստիպւած եղաւ հաստատել։ Ոչինչ չարւեց թշնամուն յետ շպրտելու համար։

- Կէս տարի անց՝ սեպտեմբերի 13-14-ին, թշնամին, լայնածաւալ յարձակման անցնելով եւ Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սիւնիքի մարզում խորանալով ՀՀ տարածք, եւս 1-2 կմ առաջ եկաւ Ներքին Հանդի հատւածում (ներկայիս դիրքերի մօտաւոր տեղակայումը նշւած է նարնջագոյն նշաններով, կապոյտով նշւած է մեր դիրքը, որը թշնամին գրաւել է)։ Այս պահին թշնամին տեղակայւած է գիւղի տներից ընդամէնը 200-300 մետրի վրայ։

- Սեպտեմբերի 13-ից յետոյ գիւղի կանայք ու երեխաները այդպէս էլ գիւղ չեն վերադարձել, միայն տղամարդիկ են, որոնք հերթապահում են ու հսկում գիւղը։

- Գիւղի բոլոր վարելահողերն ու արօտավայրերը մնացել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողութեան տակ կամ դարձել են չէզոք գօտի՝ «նետրալկա» (շուրջ 240-250 հա տարածք)։

- Թշնամին գրաւել է գիւղի վարչական տարածքի մեծ մասը, «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսութիւնը, գիւղատնտեսական նշանակութեան հողերը, գերեզմանոցը։

- Թշնամուն է անցել նաեւ գիւղը խմելու ջրով ապահովող աղբիւրը, որը թուրքերն արդէն փակել են, ու գիւղացիները ստիպւած գետի ջուրն են խմում։

- Գիւղի տներն ամբողջովին դիտարկւում են թշնամու կողմից։

Եթէ թշնամին յետ չշպրտւի, Ներքին Հանդ գիւղը՝ իր տարածքով, իր պատմամշակութային ու հոգեւոր ժառանգութեամբ ու Սօսիների պուրակով, կարող ենք համարել հայաթափ եւ այլեւս կորսւած, իսկ բնակիչներին հայրենազուրկ ու տնազուրկ սեփական պետութեան ներսում...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։