«Մեր պետութիւնը հիմա նստած է վառօդի տակառի վրայ, որն ամէն օր կարող է պայթել»,- երէկ՝ նոյեմբերի 7-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակութիւն` հանրահաւաքներից յետոյ» թեմայով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։
«alikonline.ir» - «Մեր պետութիւնը հիմա նստած է վառօդի տակառի վրայ, որն ամէն օր կարող է պայթել»,- երէկ՝ նոյեմբերի 7-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակութիւն` հանրահաւաքներից յետոյ» թեմայով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։ Գրում է Panorama.am-ը:
Նրա խօսքով, երբ ու ոնց կը պայթի այդ տակառը, որեւէ մէկն ասել չի կարող, բայց փաստն այն է, որ առկայ պրոբլեմները չեն լուծւում, մինչդեռ ձեռքերը ծալած նստելու, հանգստանալու որեւէ իրաւունք չունենք։
Այս առումով նա կարեւորում է հայկական գործօնի առկայութիւնը բանակցութիւններում, տարածաշրջանում։
«Այս պարագայում պետութիւնը իջել է հայկական տարածքներ ձեւակերպման մակարդակի, ինչի պարագայում շարունակելու ենք տարածքներ կորցնել։ Մեզ պէտք է հայկական գործօն։ Շատ լաւ կը լինէր, որ դրա բարձրացման գործում ազդեցութիւն ունենար իշխանութիւնը, բայց դրա համար պէտք է փոխւած լինի իշխանութիւնը»,-ասաց նա՝ աւելացնելով, որ այսօր իշխանութիւնը զբաղւած չէ հայկական գործօնի ձեւաւորմամբ, իսկ իշխանութիւնը կազմւած է մէկ մարդուց։
Ուստի, ըստ նրա, հայկական գործօնի ձեւաւորումն այսօր ոչ իշխանական համակարգի անելիքն է։
Վահէ Յովհաննիսեանի խօսքով, Հայաստանն այժմ գտնւում է տրամաբանական զարգացումների ու վատ անակնկալների խաչմերուկում, եթէ լուրջ աշխատանք տարւի, կոնսենսուս ձեւաւորւի աշխատանքի նոր ֆորմատների շուրջ, ապա դա կը բերի հայկական կոնսենսուսի։
«Եթէ լուրջ աշխատեցինք, գտանք նոր ֆորմատների շուրջ կոնսենսուսի, կը գնանք տրամաբանական զարգացումների ուղիով, դա կը բերի հայկական գործօնի ուժեղացմանը, ինչն էլ կը բերի մէջքները շտկելուն։ Եթէ աշխատանք չտարւի, ապա պէտք է սպասել ճակատագրի անակնկալներին, թէ ոնց կը լինեն դրանք, որեւէ մէկը չգիտի»,- ասաց բանախօսը։