«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը իր հերթական յօդւածում ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից աւելի մեծ աղէտ էր սեպտեմբերի 27-ը եւ պատերազմի հնարաւորութիւն ստեղծելը։
«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը իր հերթական յօդւածում ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից աւելի մեծ աղէտ էր սեպտեմբերի 27-ը եւ պատերազմի հնարաւորութիւն ստեղծելը։
Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ․
«Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ ամէն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել յետպատերազմեան փուլ եւ սկսել վերականգնումը։
Մենք այդպէս էլ չհասկացանք ու չձեւակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թէ նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկիւնաքարային հարց է։ Եթէ մեր քաղաքական եւ հաւաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-ից յետոյ մեր քաղաքական բանաձեւերը, կարգախօսները, նախընտրական բովանդակութիւնը կը լինէր լրիւ ուրիշ, եւ իշխանութիւնը վաղուց փոխւած կը լինէր։
Նոյեմբերի 9-ից յետոյ հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացւած լինելով ոչ հասարակութեան լայն շերտերի մօտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծւեց սխալ տպաւորութիւն, թէ ընդդիմութիւնը խաղաղութեանը դէմ է, իսկ միջնորդները ընդհանրապէս չէին հասկանում, թէ ինչ է ուզում ընդդիմութիւնը։
Աղէտը սեպտեմբերի 27-էր։ Պատերազմի հնարաւորութիւն ստեղծելը, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ակտիւ միջնորդութեան պարագայում, դեռեւս «նախաուկրայինական» աշխարհում, չափազանց բարդ էր, գրեթէ՝ անհնար։
2018-2020 ընթացքում թոյլ են տրւել բոլոր սարսափելի սխալները, բանակցութիւնները մտցւել են փակուղի, սխալներ, որոնց հետեւանքով միջնորդները չկարողացան Ադրբեջանին սաստել եւ նոյնիսկ պատերազմի օրերին դատապարտել ագրեսորին, թոյլ են տրւել աններելի պրովոկացիաներ՝ սկսած յայտնի ձեւակերպումներից մինչեւ տաւուշեան դէպքերի պետական ֆետիշացում։
Բոլոր կորուստների, ողբերգութիւնների, պետութեան փլուզման հիմքում սա էր։ Մենք մեր տուն մեր ձեռքով պատերազմ բերեցինք։
Նախորդ բոլոր իշխանութիւնները հասկանում էին, որ պատերազմ չի կարելի թոյլ տալ։ Եւ դրա համար էլ պատերազմ չէր լինում, իսկ բախումներն արագ կանգնեցւում էին։
Նոյեմբերի 9-ը, կոպիտ ասած, նոյեմբերի 8-ի տրամաբանական աւարտն էր, իսկ սեպտեմբերի 27-ը ամենեւին նախորդ 26 տարւայ տրամաբանութիւնը չէր։ Սա մի պատերազմ էր, որը չպէտք է լինէր։
Զարմանալիօրէն, դրանից յետոյ իրար յաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղէտը ոչ թէ նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։
Դրա համար էլ պատերազմ ու աղէտ բերած իշխանութիւնը ցինիկաբար մեղադրում է այլոց՝ ռազմատենչութեան ու պատերազմ ցանկանալու մէջ, եւ անգամ կարողանում է ժողովրդի մի մասին համոզել։ Դրա համար էլ հարթակների ձեւակերպումները եւ կարգախօսները չընկալւեցին հասարակութեան մեծ մասի եւ արտաքին աշխարհի կողմից։
Եթէ առաջիկայում ձեւաւորւի նոր պրոցես, կայանան նոր ընդդիմադիր ձեւաչափեր, ապա առաջին հիմնական վերանայումներից մէկը պէտք է լինի հենց դա։ Սա առաջին կարեւոր քայլն է՝ նոր իրականութիւնը ճիշտ ընկալելու եւ պատերազմից յետոյ պետութեան առողջ ու ռացիոնալ տեսլական ձեւաւորելու համար»։