Հա

Քաղաքական

09/11/2022 - 10:40

«Եկել է այն ժամանակը, որ ատամներներս սեղմած ու թեւերներս քշտած, վերականգնենք ուժային հաւասարակշռութիւնը». Չալաբեան

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երէկ, ելոյթ ունենալով ռազմակալւած հայկական Շուշի քաղաքում, թշնամական պետութեան պարագլուխը սպառնալիքների հերթական տարափն է տեղացել Հայաստանի եւ հայութեան հասցէին, յոխորտալով երկու տարի առաջ տարած իր յաղթանակով, եւ նոր կորուստներ եւ զրկանքներ խոստանալով մեր ժողովրդին:

Պէտք է ցաւով արձանագրել, որ անցած երկու տարիները իսկապէս մեզ համար նոր կորուստների շրջան էր: Այն դէպքում, երբ թշնամին ատամները սրած, նոր զօրամասեր էր կառուցում, նոր սպառազինութիւններ էր գնում, նոր մարտական ստորաբաժանումներ պատրաստում, եւ ամէն յարմար առիթի դէպքում աւելի էր մխրճւում էր մեր տարածքը, մեր երկրի ղեկավարութիւնը շարունակաբար բարբաջում էր «խաղաղութեան» դարաշրջանից, կեղծ խոստումներով կերակրելով ժողովրդին, շարունակում էր երկրի ներսում ատելութիւն բորբոքել եւ իրենից դուրս մեղաւորներ փնտրել, եւ փաստացի ոչ մի բան չէր անում դիմագրաւելու եւ սաստելու թշնամուն:

Այս ամէնն էր, որ բերեց սեպտեմբերի 13-ի նոր յարձակմանը Հայաստանի վրայ, որն աննախադէպ էր իր մասշտաբներով եւ կորուստների ծաւալներով: Եւ թերեւս միայն այս, լկտի եւ դաժան յարձակումն էր, որն արթնացրեց մեր հասարակութեան գոնէ գիտակից մասին, յիշեցնելով, որ պատերազմը չի աւարտւել, իսկ այն կարող է աւարտւել, միայն երբ կողմերի միջեւ նորից ուժային հաւասարակշռութիւն է հաստատւել, երբ կողմերից մէկը այլեւս չի կարող անպատիժ սպառնալ միւսին, երբ ցանկացած սադրանք համարժէք պատասխան է ստանում, եւ ագրեսորը այլեւս հնարաւորութիւն չունի իր կամքը պարտադրել:

Այսօր եկել է այն ժամանակը, երբ մենք պէտք է ատամներս սեղմած ու թեւերս քշտած, վերականգնենք այդ ուժային հաւասարակշռութիւնը: Վերջ տանք ատելութեան քարոզին եւ վհուկների որսին, համախմբենք աշխարհով մէկ հայութեան ցփնւած հսկայական ռեսուրսը, ամենուրեք կոշտ հակազդենք թշնամու «խաւիարային» քարոզչութեանը, նոր դաշնակիցներ եւ գործընկերներ ձեռք բերենք, նոր սպառազինութիւն արտադրենք եւ գնենք, նոր տաղանդաւոր եւ խիզախ երիտասարդ սպաներ ներգրաւենք մեր բանակ, նոր պաշտպանական ամրութիւններ կառուցենք ողջ սահմանի երկայնքով, պաշտպանելու մեր զինւորներին, եւ կրթենք ու զարգացնենք նրանց՝ դարձնելու 21-րդ դարի արդիական ռազմիկներ:

Այս ամէնը իրատեսական է եւ հնարաւոր, եւ եթէ մենք դա անենք, այլոց մօտ էլ կը վերականգնենք յարգանքը մեր նկատմամբ, թշնամուն էլ կը ստիպենք (գուցէ նոյնիսկ առանց կրակոց) յետ նահանջել մեր հողից, Արցախը կը պահենք հայկական, եւ ի վերջոյ, մի գեղեցիկ օր, յետ կը վերադարձնենք նաեւ մեր Շուշին: Այս նպատակից աւելի ոգեշնչողը ինձ համար չկայ, եւ ամէն առաւօտ, արթնանալով եւ դուրս գալով տանից, ես փորձում եմ օրն ապրել այնպէս, որ մօտեցնեմ այդ նպատակի կատարումը:

Ես ուրախ եմ նաեւ, որ այս նպատակի մէջ մենակ չեմ, որ այն կիսում են նորանոր մարդիկ, որոնք գիտակցում են, որ միայն մաքառումով, աշխատանքով, եւ փոխադարձ սիրով մենք կը կարողանանք ոտքի կանգնել որպէս ազգ ու պետութիւն, փակել պարտութեան էջը, եւ ճանապարհ բացել մեր նոր յաղթանակների համար, եւ դա կը լինի մեր լաւագոյն պատասխանը այս լկտի եւ նենգ թշնամուն:

Դա կը լինի նաեւ մեր լաւագոյն տուրքը բոլոր այն եղբայրների եւ քոյրերի յիշատակին, որ կռել են մեր անցեալ յաղթանակները, եւ իրենց կեանքով կասեցրել պարտութիւնները: Մինչ այդ, յաւերժ փառք նրանց, ու անմար յիշատակ, իսկ ապրողներին պատգամ՝ շարունակելու նրանց գործը, եւ յաղթանակների դարաշրջան բացելու մեր ազգի համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։