«Որեւէ զարմանալու բան չկայ, նրա ելոյթն ունի ընդամէնը մէկ նպատակ՝ գալիք արհաւիրքներից, երբ դրանք լինեն, կանգնի եւ ասի՝ ինչպէս ես ասել էի նոյեմբերի 10-ի կառավարութեան նիստում, ես այդ մասին զգուշացրել էի։ Աւելին ասեմ՝ Նիկոլ Փաշինեանը երկու ելոյթ է գրել՝ մէկը՝ կառավարութեան նոյեմբերի 10-ի ելոյթն է, միւսը՝ այն, որը կունենայ արհաւիրքից յետոյ»,- 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Մամիջանեանը՝ շեշտելով՝ Փաշինեանի ելոյթը ներքին սպառման համար էր, մեղաւորներ կարգելու մասին եւ ոչ աւելին։
«alikonline.ir» - Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը պնդում է՝ Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 10-ին կառավարութեան նիստում հանդէս եկաւ մի ելոյթով, որն ունէր բացառապէս մէկ նպատակ՝ երբ լինի արհաւիրքը, կանգնի եւ յայտարարի՝«ես այդ մասին ասել էի»։
«Որեւէ զարմանալու բան չկայ, նրա ելոյթն ունի ընդամէնը մէկ նպատակ՝ գալիք արհաւիրքներից, երբ դրանք լինեն, կանգնի եւ ասի՝ ինչպէս ես ասել էի նոյեմբերի 10-ի Կառավարութեան նիստում, ես այդ մասին զգուշացրել էի։ Աւելին ասեմ՝ Նիկոլ Փաշինեանը երկու ելոյթ է գրել՝ մէկը՝ կառավարութեան նոյեմբերի 10-ի ելոյթն է, միւսը՝ այն, որը կունենայ արհաւիրքից յետոյ»,- 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Մամիջանեանը՝ շեշտելով՝ Փաշինեանի ելոյթը ներքին սպառման համար էր, մեղաւորներ կարգելու մասին եւ ոչ աւելին։
Խօսելով արհաւիրքների մասին՝ Մամիջանեանը շեշտեց՝ առկայ են մի շարք տեսանելի եւ շօշափելի վտանգներ։
«Անցեալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն արեց մի յայտարարութիւն, որ թէեւ ցնդաբանութիւն է, բայց ցոյց է տալիս նրանց նպատակը. ասելով, թէ Հայաստանը Ղարաբաղ է տեղափոխում սպառազինութիւն՝ հումանիտար օգնութեան անւան տակ, ադրբեջանական կողմը շատ յստակ քարոզչական աշխատանք է տանում Հայաստանն Արցախին կապող Լաչինով միջանցքը փակելու համար. դրա վտանգը խիստ շօշափելի է։
Երկրորդ վտանգը Հայաստանում եւ Արցախում հրադադարի խախտման յաճախականութիւնն է ու դրա թիրախայնութիւնը. Ադրբեջանի կողմից օգտագործւող զինատեսակները, ադրբեջանական կեղծ քարոզչական թէզերը շատ վտանգաւոր արհաւիրքների մասին են խօսում, որովհետեւ քարոզչական ֆոնն առկայ է»,- ասաց Մամիջանեանը։
Փաշինեանի իշխանութեան գործողութիւնների աղէտալի հետեւանքներին անդրադառնալիս Հայկ Մամիջանեանը յիշեցրեց Հայաստանի միջազգային գործընկերների հետ իշխող թիմի պատգամաւորների շփումները ու միջազգային գործընկերներին տրւող իրենց դիրքորոշումները։
«Խորհրդարանում միջազգային գործընկերներից մէկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորին հարցրեց՝ իսկ ինչպէ՞ս են Հայաստանում պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան ապահովումը։ Իշխանական պատգամաւորը հարցին ի պատասխան՝ ասաց՝ մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ԼՂ-ից զօրքի դուրս բերում։
Հարցին, թէ ի՞նչ զօրքի մասին է խօսքը, հետեւեց պատասխանը՝ բոլոր. այսպէս մտածող, սրան հաւատացող մարդիկ ոչ թէ Ազգային ժողովում չպէտք է լինեն, այլ կասկածի տակ պէտք է դնել նրանց՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւնը»,- ասաց Հայկ Մամիջանեանը՝ չհանրայնացնելով այն ՔՊ-ական պատգամաւորի անունը, որը աշխատանքային քննարկման ժամանակ խօսել է ԼՂ-ից բոլոր զօրքերի դուրս բերման անհրաժեշտութեան մասին, այսինքն՝ այն, ինչը ցանկանում եւ իր ելոյթներում շարունակ կրկնում է Ալիեւը։
Ընդդիմադիր պատգամաւորը վստահեցրեց, որ իշխանափոխութեան հոտն առնելուն պէս՝ ՔՊ-ականները Փաշինեանի պէս իրենց մեղքերը բարդելու են ուրիշների վրայ, բայց պէտք է յիշեն՝ Փաշինեանը Նոյը չէ, որ բոլորին կարողանայ տեղաւորել իր տապանում։
«ՔՊ-ում չեն էլ պատկերացնում, թէ ինչ արագութեամբ են դատւելու. բոլորին է դա սպասւում՝ երբ իշխանափոխութեան հոտը գայ. ասելու են՝ մենք չգիտէինք՝ ինքը գաղտնի Ադրբեջանի հետ յարաբերութիւնների մէջ էր, բայց դատւելը բոլորին է սպասում, ով յոյս ունի, որ Փաշինեանի կողքին անվտանգ է լինելու, թող իմանայ, Փաշինեանի կողքն աշխարհի ամենավտանգաւոր տեղն է. Փաշինեանը Նոյը չէ, նրա տապանում ձեր համար տեղ չի լինելու, քանի դեռ մի տոկոս շանս ունէք, դարձի եկէք…»,- ասաց Մամիջանեանը։
Աղաւնի Սուքիասեան