Վերջին օրերին տարբեր կողմերից հնչող հռետորաբանութեան փոփոխութիւնների, 44-օրեայ պատերազմից երկու տարի անց տարածաշրջանային զարգացումների, խաղաղութեան պայմանագրի եւ դրա կնքման հնարաւորութիւնների մասին 168.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանի հետ:
«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը կառավարութեան հերթական նիստում հերթական յայտարարութիւնն է արել Ադրբեջանի կողմից պայմանաւորւածութիւնների խախտման մասին:
ԼՂ բնակչութեան նկատմամբ ցեղասպան քաղաքականութեան դրսեւորումներին անդրադառնալով՝ նա յիշատակել է 2022 թւականի մարտին աննախադէպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցման դրւագը. «Նոյն ժամանակահատւածում Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսաւորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գիւղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով ՝բնակիչներին՝ կոչ անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդւած իսլամական աղօթքի հրաւէր, «ազան» միացնում գերհզօր բարձրախօսներով: Եւ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մէջ, մինչդեռ իսլամական կրօնի եւ քաղաքակրթութեան նկատմամբ մեր յարգանքն աներկբայ է: Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային յարաբերութիւններ ունի տասնեակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոյիշեալ գործելակերպով յիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդա»-ին եւ «ԴԱԷՇ»:
Յատկանշական է, սակայն, որ այս ամենին զուգահեռ՝ Փաշինեանն ու իր թիմը չեն դադարում խօսել խաղաղութեան պայմանագրի անհրաժեշտութեան մասին:
Վերջին օրերին տարբեր կողմերից հնչող հռետորաբանութեան փոփոխութիւնների, 44-օրեայ պատերազմից երկու տարի անց տարածաշրջանային զարգացումների, խաղաղութեան պայմանագրի եւ դրա կնքման հնարաւորութիւնների մասին 168.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանի հետ:
Արձանագրելով 2020 թւականի 44-օրեայ պատերազմի արդիւնքներով յօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժային հաւասարակշռութեան փոփոխութիւնը՝ փորձագէտը մանրամասնեց.
«Այս փոփոխման դինամիկան շատ աւելի լայն ընթացք ստացաւ փետրւարին մեկնարկած ուկրայինական ճգնաժամի հետեւանքով, երբ ՌԴ-ն իր ուշադրութիւնն ու ռեսուրսները կենտրոնացնելով ուկրայինական ճակատում, իր ներգրաււածութիւնը հեռացրեց Հարաւային Կովկասից: Այս պայմաններում մենք փաստացի ականատես եղանք ՌԴ քաղաքականութեան հետեւանքով առաջացած վակուումը լցնելու պրոցեսին. ընդ որում, դրա համար մրցակցում են ինչպէս տարածաշրջանային դերակատարներ, ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, այնպէս էլ՝ արտատարածաշրջանային՝ ի դէմս Եւրոմիութեան, Միացեալ Նահանգների, մասնակիօրէն՝ նաեւ Հնդկաստանի:
Նման իրավիճակում, բնականաբար, տարածաշրջանը դարձել է շատ աւելի անկայուն, տարածաշրջանային իրավիճակը՝ շատ աւելի տուրբուլենտ եւ պայթիւնավտանգ (մի քանի ուղղութիւններով տեսնում ենք անգամ պատերազմի սպառնալիք ունեցող լարւածութիւններ. աւանդաբար, Հայաստան-Ադրբեջան ուղղութիւնն է, Իրանի ներգրաււածութեամբ որեւէ ռազմական առճակատման հնարաւորութիւնն է)»:
Իսկ ստեղծւած իրավիճակում, ըստ Արմէն Պետրոսեանի, ՀՀ համար առաջնային նպատակը հնարաւոր նոր ռազմական առճակատումից խուսափելու տարաբնոյթ քաղաքական մանեւրներն են՝ պայմանաւորւած ե՛ւ իրանական կողմի հետ համագործակցութեան ակտիւացմամբ, ե՛ւ արեւմտեան ուղղութեան ակտիւացմամբ, ե՛ւ ՌԴ հետ եղած տարբեր ձեւաչափերի խթանման քաղաքականութեամբ: Նա նկատեց, որ հէնց սրա ականատեսն ենք լինում վերջին շրջանում:
«ՀՀ վարչապետի ելոյթն էլ հէնց այդ մասին է վկայում, որ իրավիճակը տարածաշրջանում բաւականին պայթիւնավտանգ է, Ադրբեջանի կողմից կայ նոր էսկալացիայի հնարաւորութիւն՝ նշածս գլոբալ գործընթացների համատեքստում եւս»,- յաւելեց փորձագէտը՝ յիշեցնելով, որ սեպտեմբեր 13-ի ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցաւ, երբ ՌԴ-ն Ուկրայինայում արձանագրեց նահանջ,- Նախօրէին էլ ականատես եղանք, որ ՌԴ-ն թողնում է Խերսոնը: Գնահատելով ներկայ հռետորաբանութիւնը եւ յարակից գործընթացները՝ չի կարելի բացառել հերթական էսկալացիան»:
Այս համատեքստում նա յիշեցրեց Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 8-ի ագրեսիւ սպառնալիքները՝ ուղղւած Հայաստանին, ակնարկները՝ ուղղւած Իրանին, ՌԴ-ին եւ միջազգային հանրութեանը, զուգահեռ՝ իրանական կողմից ակտիւացած քարոզչական ուղերձներն առ Ադրբեջան, ՀՀ վարչապետի ելոյթը եւ Ադրբեջանի կողմից պարբերաբար «հրադադարի ռեժիմի խախտման» վերաբերեալ տեղեկատւութեան տարածումը:
Տարածաշրջանային հարցերով փորձագէտը ներկայ իրողութիւնների պայմաններում խիստ անիրատեսական է համարում «խաղաղութեան պայմանագրի» ստորագրումը. «Տեսնում ենք՝ կողմերի միջեւ շարունակում են մնալ բոլոր խնդրայարոյց ուղղութիւնները՝ ե՛ւ Արցախի կագավիճակի անյստակութիւնը, ե ւ՛ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման առնչութեամբ կողմերի միջեւ պայմանաւորւածութիւնների բացակայութիւնը, ե՛ւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում առկայ խնդիրները, ե՛ւ ադրբեջանական ԶՈՒ ներկայութիւնը ՀՀ ինքնիշխան տարածքում: Դրան գումարած, իհարկէ, աշխարհաքաղաքական մրցակցութիւնը, որը դրսեւորւում է մեր տարածաշրջանում միջնորդական տարբեր հարթակների (ռուսական եւ արեւմտեան) ակտիւութեամբ:
Այս ամէնը թոյլ է տալիս կանխատեսելու, որ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման հեռանկարը բաւականին մշուշոտ է եւ աւելի մեծ է նոր ռազմական առճակատման հնարաւորութիւնը»:
Զարուհի Դիլանեան