Հա

Քաղաքական

13/11/2022 - 13:50

«Զարմանում եմ, որ նման առաջարկ է հնչել Արցախի իշխանութիւններից, չեմ զարմանում, որ դա ընդունելի է Փաշինեանի համար». Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Արցախի շուրջ ապառազմականացւած գօտի ստեղծելու գաղափարը պարզապէս անիրականանալի է, որովհետեւ Ադրբեջանը դրան երբեք չի գնայ։ Ադրբեջանի համաձայնութիւնը՝ ապառազմականացւած գօտի ստեղծել Արցախի շուրջ, նշանակում է, որ ադրբեջանցիները պէտք է զօրքերը դուրս բերեն Շուշիից, որովհետեւ Շուշին անմիջապէս սահմանային հատւածում է, այնտեղ 3 կմ հեռաւորութիւն էլ չկայ եւ հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հէնց այնպէս ինքնակամ զօրքերը դուրս չի բերի»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը։

«alikonline.ir» - «Արցախի շուրջ ապառազմականացւած գօտի ստեղծելու գաղափարը պարզապէս անիրականանալի է, որովհետեւ Ադրբեջանը դրան երբեք չի գնայ։ Ադրբեջանի համաձայնութիւնը՝ ապառազմականացւած գօտի ստեղծել Արցախի շուրջ, նշանակում է, որ ադրբեջանցիները պէտք է զօրքերը դուրս բերեն Շուշիից, որովհետեւ Շուշին անմիջապէս սահմանային հատւածում է, այնտեղ 3 կմ հեռաւորութիւն էլ չկայ եւ հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հէնց այնպէս ինքնակամ զօրքերը դուրս չի բերի»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը։

Նիկոլ Փաշինեանը ուրբաթ, նոյեմբերի 11-ին Հանրայինին տւած հարցազրոոյցում մեկնաբանեց Արցախի շուրջ ապառազմականացւած գօտի ստեղծելու առաջարկը, որի մասին աւելի վաղ յայտնել էր կառավարութեան նիստին։ Փաշինեանն ասաց, որ հայկական կողմն առաջարկել է նոյնը նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապւած՝ ընդգծելով՝ պէտք է իրականացնել զօրքերի յետքաշում, ստեղծել 3 կմ-անոց ապառազմականացւած գօտի։ Նրա խօսքով, առաջարկը հայկական կողմն առաջին անգամ չէ, որ հնչեցնում է։ Նորութիւնն այն է, որ եթէ սկզբում առաջարկում էին, որ Ռուսաստանն իրականացնի միջազգային մոնիթորինգը, հիմա ներառել են մի քանի տարբերակներ՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, Եւրոմիութիւն եւ այլն։

Մելիք-Շահնազարեանի խօսքով, եթէ անգամ հիպոթետիկ դիտարկենք հնարաւորութիւնը, որ Ադրբեջանը համաձայնում է ստեղծել նման գօտի, ապա այն, եթէ նոյնիս 3 կմ չլինի, այլ 30կմ հեռաւորութեան վրայ լինի, ռազմական գործողութիւններ սկսելու պարագայում 30 կմ-ը ադրբեջանական զօրքերի կողմից ընդամէնը 1-2 ժամւայ ընթացքում կարող է յաղթահարւել։ «Պատկերացրէք՝ լինելու է յարձակում եւ Արցախը ընդհանրապէս պատրաստ չի լինելու դիմակայել այդ յարձակմանը, որովհետեւ համապատասխան թւաքանակով ու համալրւածութեամբ բանակ չի ունենալու։ Զարմանում եմ, որ նման առաջարկ է հնչել Արցախի իշխանութիւնների կողմից, բայց չեմ զարմանում, որ դա ընդունելի է Փաշինեանի համար, որովհետեւ նա դիմել է հակաարցախեան եւ հակահայկական բազում այլ քայլերի եւ առաջ է տարել դրանք ու շարունակում է իր այդ քաղաքանութիւնը»,- ասաց քաղաքագէտը։

Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա Հրանտ Մելիք-Շահնազարեանն ասաց, որ այս պահի դրութեամբ ռուս խաղաղապահներն են իրականացնում արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորման առաքելութիւնը։ Ըստ մասնագէտի, խաղաղապահների գործողութեան մէջ, իհարկէ, խնդիրներ կան եւ Ադրբեջանը խաղաղապահների պատասխանատւութեան շրջանակում գտնւող տարբեր հատւածներում տարածքներ գրաւելով, մարտահրաւէր է նետում ՌԴ-ին կամ սրում է իրավիճակը։ Միեւնոյն ժամանակ, Մելիք-Շահնազարեանն ասում է․

«Պէտք է լաւ գիտակցել որ եթէ ռուս խաղաղապահներին փոխարինում են ցանկացած այլ խաղաղապահներ, դա պէտք է լինի միջազգային, որովհետեւ, այլ երկիր չկայ, որը կարող է միայնակ սեփական զօրքով այնտեղ առաքելութիւն իրակաացնել, իսկ ցանկացած այլ միջազգային ֆորմատում առաջատար դիրքեր է զբաղեցնելու Թուրքիան, որն արդէն իսկ որոշակի քանակութեամբ զօրք է տեղակայել Արցախի՝ օկուպացւած տարածքներում եւ, ըստ էութեան, իր ենթակայութեան տակ է վերցրել ադրբեջանական բանակը, ուստի, երբ խօսում ենք ռուս խաղաղապահներին հեռացնելու մասին, պէտք է հասկանանք, որ այլընտրանքը լինելու են թուրք խաղաղապահներրը»։

Ինչ վերաբերում է մոնիթորինգային ուժերին, ինչի մասին խօսել էր Փաշինեանը, քաղաքագէտը նկատեց, որ դրանք որտեղ ասես՝ կարող են լինել, կարող են օժանդակող լինել, բայց առաջին իսկ բախման դէպքում առաջնագծից յետ են քաշւելու։

«Այո, գուցէ արձանագրեն, թէ ով է կոնֆլիկտ հրահրող կողմը, բայց նրանք չեն մնալու սահմանին, չեն դիմակայելու յարձակմանը եւ չեն պաշտպանելու հայ բնակչութեանը»։

Հարցին, թէ արդեօ՞ք Փաշինեանի՝ վերջին օրերին արած յայտարարութիւնները վկայում են, որ գործընթացը, առհասարակ, փակուղի է մտել եւ նոր բախման վտանգ կայ, Մելիք-Շահնազարեանն ասաց. «Այն, որ կայ հերթական ագրեսիայի վտանգը, միանշանակ է, եւ պայմանաւորւած է բազում գործօններով, այդ թւում` ոչ միայն մեր տարածաշրջանի զարգացումներով։ Օրինակ, ՌԴ-ի անյաջողութիւնները ուկրայինական ճակատում եւս ունեն նշանակութիւն»։

Քաղաքագէտի դիտարկամամբ` Փաշինեանն անպատասխանատու եւ սուտասան քաղաքական գործիչ է, որն անընդհատ իրարամերժ յայտարարութիւններ է անում եւ հէնց այդ քաղաքականութիւնը թշնամիներին առիթ է տալիս անել ագրեսիւ քայլեր եւ դրա հիմնաւորումը գտնել Փաշինեանի խօսքերում՝ կապ չունի, դրանք երէկ են ասւել, թէ նախորդ օրը։

«Այսինքն, եթէ չկայ հետեւողական քաղաքականութիւն եւ ծրագիր, դրանից թշնամին է օգտւում»,- եզրափակեց քաղաքագէտը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։