168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան այս յայտարարութիւններին եւ հնարաւոր զարգացումներին, պնդեց՝ անկախ հռետորաբանութիւնից, որն Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում պարբերաբար սրւում է, երբեմն՝ թուլանում, երբեմն էլ՝ տպաւորութիւն է ստեղծւում, թէ յարաբերութիւնները նորմալացել են, միանշանակօրէն Իրանի իշխանութեան բոլոր օղակների եւ իրանցիների համար Ադրբեջանն իր էութեամբ հակաիրանական կազմաւորում է։
«alikonline.ir» - ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան յարաբերութիւններին, պնդել է, որ միանշանակօրէն Իրանի իշխանութեան բոլոր օղակների եւ իրանցիների համար Ադրբեջանն իր էութեամբ հակաիրանական կազմաւորում է։
«Նոյեմբերի 8-ին օկուպացւած Շուշի կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը յայտարարել էր, որ Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանին սկսած զօրավարժութիւններն ուղղւած էին Ադրբեջանի դէմ եւ ի պաշտպանութիւն Հայաստանի։ Յայտարարութիւնից մէկ օր անց Իրանի ԱԳ նախարարարութեան խօսնակ Նասեր Քանանին արձագանգելով Ալիեւի այս յայտարարութեանը՝ ասել էր.
«Մեր սկզբունքային քաղաքականութիւնը հիմնւած է բարիդրացիութեան եւ բոլոր հարեւանների հետ յարաբերութիւնների ընդլայնման վրայ»,- ասել էր Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարեւանի հետ՝ ի վնաս միւսի։
Այս ամենից յետոյ, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադէն հրաւիրւել էր Իրանի արտգործնախարարութիւն: Պատճառն Ադրբեջանում տեւականօրէն տարվող հակաիրանական քարոզչութիւնն էր եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից Թեհրանի հասցէին արւող ոչ բարեկամական յայտարարութիւնները:
Դեսպանին յայտնել էին, որ Իրանն ակնկալում է, որ այդ ամենին հնարաւորինս շուտ վերջ կը դրւի եւ անհրաժեշտ քայլեր կը ձեռնարկւեն նման երեւոյթները հետագայում կանխելու համար։
168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան այս յայտարարութիւններին եւ հնարաւոր զարգացումներին, պնդեց՝ անկախ հռետորաբանութիւնից, որն Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում պարբերաբար սրւում է, երբեմն՝ թուլանում, երբեմն էլ՝ տպաւորութիւն է ստեղծւում, թէ յարաբերութիւնները նորմալացել են, միանշանակօրէն Իրանի իշխանութեան բոլոր օղակների եւ իրանցիների համար Ադրբեջանն իր էութեամբ հակաիրանական կազմաւորում է։
Այսինքն՝ ըստ էութեան Ադրբեջանական Հանրապետութիւն կոչւող արհեստածին կազմաւորման գոյութեան պատճառներից մէկը հակաիրանականութիւնն է, զուգահեռ՝ հակահայկականութիւնն ու հակառուսականութիւնը։
«Իրանում այլեւս որեւէ պատրանք չկայ, որ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորումն, ըստ էութեան, քաղցկեղածին գոյացութիւն է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգութիւնը, ընդ որում, խնդիրներ ունենալով իր բոլոր հարեւանների հետ, պարբերաբար նաեւ սպառնալից հռետորաբանութեամբ, ուժի ցուցադրութեան դրսեւորումներով փորձ է կատարում իր թշնամական վերաբերմունքն ի ցոյց դնել, յատկապէս Իրանի նկատմամբ։ Հետեւաբար՝ իրանական կողմն իր ունեցած ողջ գործիքակազմը կիրառելու է՝ որպէսզի իր ազգային անվտանգութեան համար սպառնալիքները, որոնք բխում են Ադրբեջանի տարածքից՝ չէզոքացնի։ Ընդ որում, կայ մի իւրայատկութիւն՝ Ադրբեջանը ոչ միայն հակաիրանական է իր էութեամբ, բնոյթով՝ երկկողմ յարաբերութիւնների համատեքստում, այլեւ այս կազմաւորման տարածքը դարձել է հակաիրանական գործողութիւնների պլացդարմ երրորդ կողմերի համար։ Մասնաւորապէս՝ գաղտնիք չէ, որ այդ պլացդարմն օգտագործւում է Իսրայէլի կողմից, ՆԱՏՕ-ական այնպիսի պետութիւնների կողմից, ինչպիսին Թուրքիան է, ուստի պարզ է, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ խնդիրները այնքան բարդ ու բազմաշերտ են, որ դրանց լուծումն առնւազն տեսանելի ապագայում ակնկալելն իրատեսական չի կարող լինել։ Հետեւաբար՝ Իրանն իր քաղաքականութիւնը ծրագրելիս ելնում է հէնց այս առանցքային մօտեցումից»,- պարզաբանեց Վարդան Ոսկանեանը։
Իրանագէտի խօսքով՝ դատելով Բաքւի բռնապետի վերջին բարբաջանքներից, խօսքը Արցախի բռնազաւթւած Շուշիում նրա յայտարարութեան մասին է, ակնյայտ է, որ Ադրբեջանում շատ լաւ հասկանում են, որ այսպէս կոչւած, իրենց երազանքը՝ «թուրանական միջանցքը», որեւէ պարագայում չի կարող իրականութիւն դառնալ, նաեւ եւ շատ դէպքերում հաշւի առնելով իրանական կոշտ դիրքորոշումը, ինչն իրանցիներն իրենց համար համարում են «կարմիր գիծ»։
«Ակնյայտ է, որ Բաքւի բռնապետը չի կարող չհասկանալ այն դիրքորոշումը, որը բնորոշ է Իրանին՝ որպէս տարածաշրջանում ՀՀ անվտանգութեան մէկ բաղադրիչ ապահովող կարեւորագոյն բարեկամ երկիր։ Այսինքն՝ պարզ է, որ իր ունեցած բոլոր հնարաւորութիւններով ադրբեջանական կողմը ձգտելու է ամէն կերպ թուլացնել Իրանի դիրքերը մեր տարածաշրջանում, սա վերաբերում է նաեւ քարոզչական տիրոյթին։ Պարզ է, որ ադրբեջանական կողմից փորձ է արւում քարոզչական ճնշում գործադրել Իրանի վրայ, յատկապէս, իրանական թուրքալեզու նահանգների վրայ, որոնք բնակեցւած են ատրպատականցիներով։ Սրանք ադրբեջանցիներ չեն, այս տարածքի բնակչութիւնը իրանական պետականութեանը հաւատարիմ կարեւորագոյն խմբերից մէկն է, բայց փորձ է կատարւում պանթուրքիստական զանազան գործիքակազմերի գործադրմամբ այստեղ որոշակի խժդժութիւններ հրահրել։
Միւս «ուղղութիւնը», որտեղ Արբեջանն ըստ էութեան, ինչպէս ասում են, մինչեւ կոկորդը խրւած է՝ ահաբեկչութեան սատարումն է, նաեւ այդ ահաբեկչութեան ծրագրումը։ Մասնաւորապէս՝ շիայական իսլամի համար կարեւորագոյն սրբավայրերից մէկի՝ Շիրազի «Շահ Չերաղի» մզկիթում տեղի ունեցած ահաբեկչութեան ընթացքում դրան մասնակցել են Ադրբեջանի տարածքից դուրս եկած ծայրայեղականներ, ահաբեկիչներ, եւ սա ըստ էութեան փոխում է Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների համատեքստը։ Իրանում Ադրբեջանն արդէն համարւում է ահաբեկչութեանը սատարող պետութիւն»,- շեշտել է Վարդան Ոսկանեանը։
Ըստ նրա, այս ամէնը հաշւի առնելով՝ նաեւ պարարտ հող է ստեղծվել հայ-իրանական յարաբերութիւնների համար երկու կարեւոր ոլորտներում, թէպէտ այդ ոլորտները բազմաթիւ են, սակայն իրանագէտը երկու կարեւոր ոլորտ առանձնացրեց։ Նախ՝ հնարաւորութիւն է ստեղծվել հայ-իրանական հակաահաբեկչական հարթակ ստեղծելու, եւ երկրորդ՝ Հայաստան-Իրան քարոզչական գործողութիւնները համակարգող հարթակ։ Ընդ որում, այդ երկու հարթակներին էլ Հայաստանը կարող է մասնակից դարձնել նաեւ Ռուսաստանին, քանի որ մարտահրաւէրների եւ սպառնելիքների զգալի մասն ընդհանուր են Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի համար։ Հետեւաբար՝ Հայաստանը կարող է հանդէս գալ մոդերատորի կարգավիճակում նման հարթակներ ստեղծելու առումով։
Զւարթ Խաչատրեան