Հա

Քաղաքական

16/11/2022 - 14:10

«Հայկական օրակարգ. Երբ կը փոխւի իշխանութիւնը». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը հրապարակել է իր յօդւածի երկրորդ մասը.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը հրապարակել է իր յօդւածի երկրորդ մասը.

«Մաս 2

Լիդերները կամ առաջնորդութեան ձեւաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպէս արդարացում վերջում նշում են հասարակութեան որակը։ Սա կիսաճշմարտութիւն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։

 

Կիսաճշմարտութեան մի կողմը. հանրային որակներ

Այո, արեւելեան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողութիւնը։ Մարդիկ նոյեմբերի 9-ից յետոյ մասնակցում էին ցոյցերի, երթերի՝ մեղադրելով այս իշխանութիւններին ամենածանր մեղքերում, բայց յետոյ մէկ էլ յայտնւում են իշխանութեան մէջ՝ տարբեր պաշտօններում, պատից կախում Նիկոլի նկարը ու գոհ նստում։ Մենք բոլորս, վստահ եմ, նման ցանկ ճանաչում ենք՝ Երեւանի կենտրոնից մինչեւ գիւղապետներ։ Փակ միջավայրերում նրանք շարունակում են վերջին բառերով խօսել իշխանութեան մասին։

Պետական համակարգից, մեծ հաշւով, չեղան հրաժարականներ, բացառութեամբ ԱԳՆ եւ ԱԱԾ համակարգերի, որտեղից մի խումբ բարձրաստիճան պաշտօնեաներ ու ղեկավարներ ուղղակի հնարաւոր չհամարեցին իրենց մնալն այս իշխանութեան մէջ։

Քաղաքական եւ հայեցողական պաշտօններ զբաղեցնողների մեծամասնութիւնը չկարեւորեց սեփական «ես»-ը ու հրաժարականով չսահմանազատւեց այս իշխանութիւնից, թէեւ տանը եւ փակ միջավայրերում նրանք եւս լրիւ այլ բաներ են ասում։

Հաւաքական գիտակցութեան մէջ հայրենիքի եւ մի ամբողջ սերնդի կորուստը չառաջացրեց բնական ռեակցիաներ։

Հայ հասարակութիւնն իր արժանապատւութիւնը չհամարեց վիրաւորւած, իսկ դա նշանակում է, որ նրա/մեզ հետ կարող է պատահել ցանկացած աղէտ։

 

Կիսաճշմարտութեան միւս կողմը. Վերնախաւի որակներ

Մեր իրականութիւնը մտքում պետութիւնը մերժած ժողովրդի վարքագիծ է։ Բայց ես չեմ մեղադրում ժողովրդին։ Իսկ ո՞վ է սարքել առողջ պրոցեսների շարժիչը, ո՞վ է սարքել մեխանիզմը, որ առողջ լաւ սերուցքը լծւի նոյն գործին՝ իշխանութիւն փոխելու, պետութիւն պահելու, ու դառնայ առողջ մագնիս՝ աւելի լայն շերտերի համար, ո՞վ է սարքել 21-րդ դարին յարիր ճիշտ ձեւաչափեր, որոնք կապահովէին լայնօրէն ինտեգրւած աշխատանքի հնարաւորութիւն։

Վիքիպեդիայում հանդիպում ես անկախ Հայաստանի հրապարակային գործիչների մասին մի ձեւակերպման՝ պետական եւ քաղաքական գործիչ։

Անձամբ ճանաչում եմ մի քանի տասնեակ այդպիսինների, որոնք 5-10-15 տարի եղել են պատգամաւոր ու մի ելոյթ չեն ունեցել, ինքնուրոյն մի միտք չեն ձեւակերպել, 5-10-15 տարւայ մէջ մի անգամ ինքնուրոյն չեն քւէարկել, «սկզբունքափոխ» են եղել ամէն յրամար առիթով։ Բա եթէ այս երկրի պետական-քաղաքական գործիչները նրանք էին, էլ ո՞նց ձեւաւորւէր քաղաքացի, ո՞նց ձեւաւորւէր պետական մտածողութեամբ հասարակութիւն։

Ֆրանսիայի հրապարակի բազմամարդ հաւաքների օրերին իշխանական պրոպագանդան մի բան էր ֆիքսել՝ չափազանց թանկ մեքենաներով ու թանկ հագուկապով լիդերութիւնը։ Եւ սրան հակադարձել չստացւեց։

Իսկ իրականութիւն այն է, որ 21-րդ դարում ուղղակի հնարաւոր չէ ապահովել լայն ազգային կոնսոլիդացիա, եթէ դրա յայտ ներկայացրած լիդերութիւնը տեղեակ չէ քաղաքացու օրակարգից՝ չի մտնում խանութ, տեղեակ չէ գներից, չի նստում մետրօ, չի քայլում փողոցներով, չի գնում սովորական պոլիկլինիկա, չգիտի՝ ինչ է մանկապարտէզի հերթը, ուսման վարձի խնդիրը եւ այլն։

Այստեղ առաջանում է ֆալշ եւ Չհամախմբում։ Հետեւաբար՝ Նիկոլի իշխանութեան մնալը։

Այդ պատճառով էլ չհասկացւեց, որ «մեր օրակարգը» պէտք է լինէր հէնց քաղաքացու օրակարգը։ Եթէ քեզ հասկանալի չէ քաղաքացու օրակարգը, դու չես խօսում նրա հետ այդ օրակարգի շուրջ, ապա քաղաքացին երբեք չի կանգնի քո կողքին։

Ամենավատ իշխանութիւնը կարող է միառժամանակ մնալ, նոյնիսկ՝ երկար մնալ, եթէ նրա հեռացման գործը չի կազմակերպւում։

Մենք համակերպւեցինք 5000 զոհի հետ, մի ողջ սերնդի կորստի, Արցախի 2/3-ի կորստի, հիմա մեզ պատրաստում են 150 հազարի արցախաբնակ հայութեան կորստին։ «Իսկ արդեօ՞ք մեզ պէտք է պետութիւն» հարց-վարակը արդէն տարածւում է։

Ո՞նց կանգնեցնենք վարակը, երբ հիմնական գործօնները՝ իշխանութեան տեսակ, ընդդիմութեան անկենսունակութիւն, հասարակութեան որակ, բոլորը դրա օգտին են։

Շարունակելի»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։