Ֆրանսիայի Սենատի կողմից երէկ ընդունւած բանաձեւը կարող է վարակիչ օրինակ դառնալ եւ շատ հնարաւոր է, որ Եւրոմիութեան առաջատար երկրի այդ քայլին հետեւեն այլ երկրներ եւս։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ հնչեցրեց Արցախի ԱԺ պատգամաւոր, արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։
«alikonline.ir» - Ֆրանսիայի Սենատի կողմից երէկ ընդունւած բանաձեւը կարող է վարակիչ օրինակ դառնալ եւ շատ հնարաւոր է, որ Եւրոմիութեան առաջատար երկրի այդ քայլին հետեւեն այլ երկրներ եւս։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ հնչեցրեց Արցախի ԱԺ պատգամաւոր, արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։
«Սա նոր դուռ է բացում նաեւ դիւանագիտական դաշտի համար։ Բանաձեւը, բացի հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիան փաստելուց, նաեւ արձանագրում է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնելու ոչ մի պահանջ չկայ։ Այն Ֆրանսիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների որոշումների շարունակութիւնն է եւ կրկին փաստում է Արցախի հիմնախնդրի առկայութեան, լուծւած չլինելու մասին, որքան էլ որ Ադրբեջանը յայտարարի, թէ հարցը փակւած է եւ փորձի հասնել նրան, որ Արցախի կարգավիճակի հարցը փակւի»,- ասաց Բալայեանը։
Արցախի ԱԺ պատգամաւորը չի բացառում, որ տեսանելի ապագայում Ֆրանսիան Արցախում իրօք, հումանիտար գրասենեակ փորձի բացել։
«Եթէ Ֆրանսիական կողմը վճռականութիւն ցուցաբերի, ապա գրասենեակ էլ կարող է բացւել։ Յամենայդէպս, տպաւորութիւն կայ, որ Ֆրանսիան տարածաշրջանում իր ներկայութիւնն ապահովելու յաւակնութիւններ առանձնապէս չունի եւ այս տեսանկիւնից չի հակադրւում Ռուսաստանին, ինչ-որ տեղ անգամ լրացնում է խաղաղութեան պահպանմանն ուղղւած ծրագիրը։ Ըստ այդմ՝ կարծում եմ, որ ռուսական կողմից հակադրութիւն չի լինի»,- նշեց Բալայեանը։
Չթերագնահատելով դիւանագիտական աշխատանքի դերը Սենատի այդ բանաձեւի ընդունման հարցում՝ մեր զրուցակիցը շեշտում է հնարաւոր բոլոր ոլորտներում միջազգային գործընկերների հետ աշխատանքն ակտիւացնելու կարեւորութիւնը։
«Արցախի խորհրդարանում բարեկամական խմբեր են գործում մի շարք երկրների հետ․ Ֆրանսիայի հետ դեռեւս տարիներ առաջ է ստեղծւել նմանատիպ խումբ, որն, աւելի շուտ, շրջանակ է, որում բացի խորհրդարանականներից, ընդգրկւած են նաեւ մտաւորականներ, հասարակական գործիչներ։ Ամենօրեայ ռեժիմով աշխատում ենք միմեանց հետ ու դեռ աւելի ակտիւ ու նախաձեռնող պէտք է լինենք։
Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ասպարէզներն ու հնարաւորութիւնները։ Ի դէպ, Ֆրանսիայի բազմաթիւ քաղաքների հետ Արցախն ունի քոյր քաղաքներ։ Դա եւս սերտացնում է Արցախ-Ֆրանսիա կապը»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։