Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը։
«alikonline.ir» - Երէկ (նոյեմբերի 15-ին, խմբ.) Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը։
Ի թիւս այլ դրոյթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինւած ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ յարգել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարութեանը, եւրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիւանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացւած ագրեսիան պատժելու նպատակով, այդ թւում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կը թիրախաւորեն Ադրբեջանի իշխանութիւնների ունեցւածքը, ինչպէս նաեւ կը նախատեսեն էմբարգօ կիրառել Ադրբեջանից գազի եւ նաւթի ներկրման հարցում, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութիւնը եւ առաջարկում կառավարութեանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենեակ, առաջարկում է կառավարութեանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողութիւնների ամրապնդմանն աջակցելու հնարաւորութիւնը:
Բանաձեւը ներկայացրել են սենատորներ Բրունօ Ռըտաէոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրւէ Մարսէյը եւ Ժիլբէր-Լիւկ Դըվինազը։
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով այս պատմական բանաձեւի ընդունմանը՝ նշեց, որ սենատորներն ընդունեցին յարձակման ենթարկւած Հայաստանին եւ ագրեսոր Ադրբեջանին սատարող բանաձեւ՝ կրկին պահանջելով ճանաչել Արցախի անկախութիւնը:
«Պայքարը շարունակւում է. նմանատիպ բանաձեւ պատգամաւորների քւէարկութեանը կը ներկայացւի նոյեմբերի 28-ին,- մանրամասնեց Մուրադ Փափազեանը՝ նկատելով, որ այն ողջ Հայոց աշխարհի յաղթանակն է,- Դա յաղթանակ է, որը CCAF-ի կազմում խմբաւորւած Ֆրանսիայի հայկական սփիւռքի միութեան արգասիքն է։ Միասնութիւնն է երաշխաւորում մեր յաղթանակները, եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը։ Դիմում եմ պատասխանատւութեան»: