Այսօր՝ նոյեմբերի 17-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գեղամ Մանուկեանը եւ Թադէոս Աւետիսեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով։
«alikonline.ir» - Այսօր՝ նոյեմբերի 17-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գեղամ Մանուկեանը եւ Թադէոս Աւետիսեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին շաբաթւայ կարեւորագոյն իրադարձութիւնները եւ պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Վերջին շրջանում աւելի վառ արտայայտւած են դարձել, յատկապէս իշխանական պատգամաւորների, տարբեր պաշտօնեաների կողմից լրատւամիջոցների, լրագրողների նկատմամբ անյարգալից վերաբերմունքը։ Վերջին մի քանի օրերին առաւել խայտառակ դրսեւորում եղաւ, երբ լրագրողներին այլեւս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է»,- ասաց Գեղամ Մանուկեանը։
Նրա խօսքով, անհանգստացնող է նաեւ այն փաստը, որ այս ամենին տարիների շարունակ Հայաստանում խօսքի ազատութեան, մամուլի իրաւունքի պաշտպանութեան գործում անուրանալի ներդրում ունեցած ՀԿ-ների կողմից որոշակի կրաւորական դրսեւորում կայ:
«Ես որպէս լրատւական ոլորտի նախկին աշխատող բոլորին կոչ եմ անում՝ ձեր իրաւունքներին մինչեւ վերջ տէր կանգնէք։ Սա պէտք է կասեցւի, հակառակ դէպքում մենք վաղը կը տեսնենք շատ աւելի խայտառակ դրսեւորումներ»,- ասաց պատգամաւորը։
ՀՅԴ-ական գործիչն անդրադարձաւ նաեւ «Հայաստան» խմբակցութեան` քառօրեային մասնակցելուն, նշելով, որ այս լիագումար նիստին մասնակցելը պայմանաւորւած էր նրանով, որ այն կարեւոր հարցերը որոնք ունէին, որոնք տեղաւորւում էին իրենց օրակարգում, այդ հարցերի շուրջ մասնակցեցին քննարկումներին եւ բարձրաձայնեցին իրենց տեսակէտը։
Խօսելով ՔՊ-ի կողից ներկայացւած 2 նախագծերին` պատգամաւորը նշեց.
«Այդքան գովերգած նախագծերը լոկ փոքր դետալներ են։ 2 տարի է իշխանութիւնը խօսում է ԶՈՒ բարեփոխումների ռազմավարութեան մասին։ 2022 թւականի փետրւարին Սուրէն Պապիկեանը յայտարարեց, որ ռազմավարութիւնը պատրաստ է, բայց արդէն հասել ենք նոյեմբեր ամիս, դեռ գլոբալ ռազմավարութիւնը ներկայաացւած չէ. եւ փոքր դետալներով փորձում են տպաւորութիւն ստեղծել, որ արմատական բարեփոխումներ են իրականանում։ Իրականում այս նախագիծը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը իշխանութիւնն իր հիմնաւորումներում նշում է, որ չի յաջողել, նշանակում է, որ այս իշխանութիւնը՝ իր նշանակած Պաշտպանութեան նախարարներով, զինւորական վերնախաւով տապալել է այդ ծրագիրը եւ նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրայարոյց է»։
Նրա խօսքով՝ այդ պատճառով է, որ «Հայաստան» խմբակցութիւնը ձեռնպահ քւէարկեց 2 ծրագրերին, բայց հարցը մնում է օդում կախւած։
Թադէոս Աւետիսեանը իր խօսքում նշեց, որ հանրութեան համար աւելի պարզ լեզւով պէտք է մի քանի դիտակումներ անել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին մշակել է պետական բիւջէի նախագիծ, որով առաջարկում են բարձրացնել նախարարների աշխատավարձերը յաջորդ տարի 142 000 դրամով, վարչապետի աշխատավարձը բարձրացնել 200,000 դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը՝ 7000 դրամով:
«Այս թիւը ինքնին խօսուն է, էլ կարիք չկայ գնահատելու, միւս բաները, որ խօսում են, դրանք փաթեթաւորումն է, որի մէջ բացելու դէպքում կը տեսնենք, որ վարչապետն իր աշխատավարձը բարձրացրել է 25 տոկոսով, աշխատող աղքատի աշխատավարձը 10 տոկոսով։ Մենք խօսում ենք թւերի մասին, բայց դրանք ոչինչ չեն ասում։ Աղքատների գնողունակութիւնը յարաբերականօրէն աւելի արագ է նւազում, որովհետեւ իրենց եկամուները չեն հերիքում նւազագոյն կարիքները հոգալու համար։ Միւս հանգամքը՝ խօսում են տնտեսութեան ակտիւութիւնից եւ յոյսը դրել են, որ ռուս-ուկրայնինական պատերազմի հետեւանքով ձեւաւորւած այս տնտեսական միջավայրի օգուտները դեռ կը շարունակւեն յաջորդ տարի։ Դա ժամանակաւոր արտաքին գործօն է, որի հետ իրենք կապ չունեն, բայց որի միջոցով մեր տնտեսութիւնը աճում է։ Այդ ակտիւութեան հէնքի վրայ իրենք պլանաւորում են յաջորդ տարւայ բիւջէն»։
Պատգամաւորը նշեց, որ հիմա շատ է խօսւում ժողովրդագրական խնդիրների մասին, եւ այդ խնդիրները գնալով խորանում են, յատկապէս՝ ծնելիութեան մակարդակը, արտագաղթի տեմպերը։ Դրանք որեւէ կերպ չեն բարելաւել, դրա փոխարէն բերել են որոշակի ծրագրեր, որոնք չունեն սոցիալական ազդեցութեան յստակ գնահատումներ, եւ փաստացի այդ ծրագրերի նպատակայնութիւնը դիտարկելու դէպքում, ցուցանիշները չեն լաւանում, այլ՝ գնալով վատանում են։
«Միւս մտահոգիչ փաստը գիւղատնտեսութիւնն է։ Իրական ծաւալները հետեւողականօրէն նւազում են։ Պատճառներից մէկն էլ հէնց սա է, որ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գինը էապէս բարձր է, քան՝ միջին գնաճը։ Սննդամթերքը մէկ ու կէս անգամ աւելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ մեր երկրում ունենք։ Մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018թ.-ից յետոյ այս պահի դրութեամբ, պարենային ապրանքների ապահովւածութեան գործակիցը 65 տոկոսից նւազել է մինչեւ 47 տոկոս։ Մեր երկիրը մինչեւ 2018 թ. պարենային զամբիւղի մէջ գտնւող ապրանքների մասով ունեցել է ներքին ապահովւածութիւն 65 տոկոս, մեզ մնացել էր 35 տոկոս ապահովւածութիւն, որպէսզի ամբողջական կարողանանք ապահովւել այդ զամբիւղը։ Հիմա իջել է, որը լուրջ խնդիր է»,- ասաց նա։
ՀՅԴ-ական գործիչը շեշտում է, որ դրանք խնդիրներ են, բայց դրանց կողքին կայ ահագնացող գնաճի բոլոր գործօնները, կանխատեսւում է, որ դա լինելու է նաեւ յաջորդ տարի, այնպէս որ այն բիւջէն, որը բերել են այսօրւայ իշխանութիւնները, դա խօսում է հետեւեալի մասին, որ ամէն յաջորդ օր մեր քաղաքացիները, աշխատող աղքատները, միայնակ կեսաթոշակառուները, միայնակ մայրերը աւելի վատ են ապրելու քան դրա նախորդ օրը։
«Սրանք խնդիրներ են, որոնք ուղիղ հակասում են մեր երկրի սահմանադրական պահանջներին, մեր երկրի տնտեսական կեանքի հիմքը պէտք է լինի սոցիալականը։ Մի երկու ցուցանիշ բարձրացնելով նւէր չեն անում մեր հասարակութեանը, դա պետութեան պոզիտիւ դրական պարտաւորութիւնն է, եւ ցանկացած կառավարութիւն պէտք է դա կեանքի կոչի»,- ասաց նա։