Հա

Քաղաքական

19/11/2022 - 13:45

«Պատերազմը չաւարտող թեմա է». Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Յարութիւնեանի փաստաբանը պատերազմի մի քանի դրւագների վերաբերեալ ուշագրաւ յայտարարութիւններ է արել։

Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկւում էր ՊԲ նախկին հրամանատարի՝ պատասխանատւութիւնն ու մեղաւորութիւնը ՀՀ քաղաքական ղեկավարութեամբ եւ անձամբ Փաշինեանին վերագրելու, ինչպէս նաեւ՝ ռազմական գործողութիւնների տապալումը զինւած ուժերի տարբեր օղակների վրայ բարդելու համատեքստում։

Այն, որ Նիկոլ Փաշինեանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիւ մէկ պատասխանատուն եւ մեղաւորը՝ որեւէ կասկած չկայ, իսկ մնացածի հետ կապւած հարցերը՝ իշխանափոխութիւնից յետոյ։

Պատերազմի դրւագներին, ռազմաճակատի տարբեր ուղղութիւններում իրականացւած գործողութիւններին, տապալումներին, սխրանքներին եւ ամենակարեւորը՝ ըստ պատասխանատւութեան փայաբաժնի մեղաւորներին, առաւել օբիեկտիւ հնարաւոր կը լինի անդրադառնալ, պարզել, երբ Հայաստանում քաղաքական փոփոխութիւն կը լինի եւ բարենպաստ դաշտ կը ձեւաւորւի պատերազմի հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի դիտարկումներ այս առումով, այնուամենայնիւ կանեմ։

ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն ասում է, որ հոկտեմբերի 7-ի հակայարձակման օպերացիան (Լելէ-թեփէ) եղել է գործողութիւն, որը համապատասխան փաստաթղթերով նախատեսւել էր տարիներ առաջ։ Ըստ այդմ՝ եղել են փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարաւային հատւածում, առաջխաղացում ունենալու դէպքում մեր քայլը պէտք է լինէր հակայարձակումը։

Նախ, որքան ես եմ տեղեակ, նախնական պլանաւորումներ տեղի են ունեցել միայն պաշտպանողական գործողութիւնների համար որովհետեւ շատ բարդ է կանխատեսել, թէ հակառակորդի հնարաւոր յարձակման պարագայում, որ ուղղութեամբ կը լինի մխրճում, որ ուղղութեամբ բանակը խնդիր չի լուծի, որ հատւածում հնարաւոր կը լինի կանգնեցնել հակառակորդին ու ըստ այդմ՝ անցնել հակայարձակման։

Եթէ նոյնիսկ նախկինից եկող փաստաթղթերով, հրամաններով նախատեսւած էլ լինէր հակայարձակման օպերացիայի սցենարներ, ապա դրանք պատերազմական գործողութիւնների դէպքում՝ իրադրութիւնից ու մեծ թւով գործօններից կախւած, միանշանակ փոփոխութիւնների պէտք է ենթարկւէին։

Եթէ չեմ սխալւում պաշտպանութեան վերաբերեալ օպերատիւ դիրեկտիւներում սահմանւում է կորպուսների, դիւիզիաների, զօրամասերի գործողութիւնները, սակայն հակայարձակւողական գործողութիւնները պլանաւորւում եւ իրականացւում են ըստ իրադրութեան դասաւորութիւնների։

Որպէս կանոն նախապէս պլանաւորւում են նաեւ այն օպերացիաները, որոնք տարբեր սցենարային զարգացումների դէպքում ենթադրում են զօրքերի բարենպաստ դիրքեր դուրս գալը, տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայւելը, անրաժեշտութեան դէպքում՝ թշնամու որոշ ուղղութիւններով նախատեսւած դիրքերը գրոհով վերցնելն ու դիրքաւորւելը, բայց ոչ երբեք հակայարձակւողական գործողութիւնները։

Երկրորդ, ասուլիսում խօսւում էր այն մասին, որ հակայարձակւողական գործողութիւններ սկսելու անհրաժեշտութիւն եւ համապատասխան պայմաններ եղել են։

Սակայն հակայարձակւողական գործողութիւններ սկսելու առաջին նախապայմաններից մէկը՝ գրոհող ուժերին կանգնեցրած լինելու հանգամանք է, որը սակայն հակայարձակման պահին չի եղել։

Այսինքն՝ մեր ուժերը հակայարձակում են սկսել այն դէպքում, երբ հակառակորդը ոչ միայն կանգնեցւած չի եղել, այլ զարգացնում էր իր հարձակւողական գործողութիւնները։

Երկրորդ, հակայարձակում իրականացնելուց առաջ պէտք է համոզւել, որ թշնամու յարձակումը կանգնեցնելուց բացի սպառւած է նրա յարձակւողական հնարաւորութիւնները, ինչը եւս ակնյայտօրէն չի եղել, որովհետեւ Ադրբեջանն այդ ժամանակահատւածում ընդլայնում էր մխրճման ճակատը եւ զարգացնում յաջողութիւնը։

Երրորդ, հակայարձակում սկսելուց առաջ պէտք է համոզւել, որ թշնամու՝ այդ ուղղութեամբ ռեզերւային ուժերը սպառւած են, ինչը ակնյայտօրէն այդպէս չէր, աւելին՝ այդ օրերին, Ադրբեջանը լրացուցիչ ռեզերւներ էր տեղափոխում ռազմաճակատի հարաւային ուղղութիւն, այսինքն՝ ռեզերւները ոչ միայն սպառւած չէին, այլ գնալով համալրւում էին։

ՀՕՊ-ի, Հրետանու, մնացած ուժերի գերակայութեան մասին դեռ չեմ խօսում։

Հակայարձակում իրականացւել է մի փուլում, երբ միայն Ջէբրայիլ-Արա Լեռ հատւածում, Ադրբեջանն արդէն 2 բրիգադ ունէր, որոնք թարմ ուժերով առաջ էր բերւել, դեռ չեմ խօսում այդ բրիգադների եւ, այսպէս կոչւած, ՊԲ հակայարձակման արդիւնքում մեր ուժերի հակառակ հատւածում գտնւող մեծաքանակ ադրբեջանական խմբաւորումների մասին։

Երբ խօսւում է ՊԲ ռեզերվային որոշ ուժերի ժամանակին մատնանշւած վայր չհասնելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների մասին, ապա պէտք է նշել, որ կային զօրամասեր, որոնք մարտի մտցւելուց անմիջապէս առաջ միջինը 80-90կմ շարժ էին արել եւ դրանք միջանկեալ տեխնիկական սպասարկման անհրաժեշտութիւն ունէին։

Այդ ուժերը չէին կարող զրահատանկային ստորաբաժանումներով այդքան երկար շարժ անէին ու առանց նախապատրաստման մտնէին մարտի մէջ։ Եթէ չեմ սխալւում, գործող նորմատիւներով, 20-40 կմ-ի սահմաններում պէտք է լինէր շարժը, որի պայմաններում մարտի մէջ մտնելը նորմալ կը դիտւէր։

Երբ խօսւում է անձնակազմի, հրամանատարների բարոյահոգեբանական վիճակի մասին եւ դրանից բխող տապալումների մասին, ապա յիշեցնեմ, որ ինչպէս անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպէս էլ՝ դրա վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։

Եթէ անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զօրքը մարտի մէջ չպէտք է մտցւէր։

Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատւութեան բաշխում անել՝ նշելով, որ ներքեւի օղակների ձախողումների պատճառով մտայաղացումը չի իրականացւել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստութեան անհրաժեշտ մակարդակի բացակայութեան պատասխանատւութիւնը ներքեւի օղակի հրամանատարներն էին։

Դժւար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքեւ՝ հրամանատարի տեղակալներ, դիւիզիա, զօրամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստութեան պատասխանատուն պաշտպանութեան բանակի հրամանատարն է եւ նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատւութեան դաշտից ուղղակի անհնար է։

Եթէ ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստութեան հարցում պատասխանատւութիւն չունի, այդ դէպքում ինչի համար են ՊԲ բաժինները, ծառայութիւնները, ըստ ուղղութիւնների համակարգող տեղակալները եւ այլն։

Սպառազինութեան մասով երկար կարելի է խօսել, սակայն ասել, թէ ՊԲ հրամանատարը տեղեկացւած չի եղել կամ չպէտք է տիրապետէր զօրամասերի սպառազինութեան վիճակին, ուղղակի լուրջ չէ։

Հէնց միայն այն հանգամանքը, որ ամէն շաբաթ ՊԲ-ում զեկոյցներ են պատրաստւել սպառազինութեան ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստութեան գործակից եւ այլն, արդէն իսկ խօսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչեւ պատերազմն էլ շաբաթական կտրւածքով ստացել է զեկոյցներ եւ ներկայացրել վերադասին։

Ըստ զեկոյցների, կարծես դրանք եղել են նորմալ վիճակում։

Եթէ եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պէտք է լինեն համապատասխան զեկոյցներ։

Պատերազմը չաւարտող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծութիւնների ու եզրայանգումների համար, սակայն թեման ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանութիւն կը փոխւի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։