Հա

Քաղաքական

19/11/2022 - 14:10

Բոլորս նոյն կաթսայում ենք

Մինչ քաղաքական գործիչների մեծ մասը մրցավազքի մէջ է իշխանութիւն վերցնելու եւ Հայաստանը կառավարելու համար, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը քանդում են երկրի ամբողջ պետական համակարգը՝ աւերակների վերածելով այն ամէնը, ինչ կոչւում է ազգային անվտանգութիւն եւ պետականութիւն։

ՆԱՅԻՐԻ ՅՈԽԻԿԵԱՆ

 

Մինչ քաղաքական գործիչների մեծ մասը մրցավազքի մէջ է իշխանութիւն վերցնելու եւ Հայաստանը կառավարելու համար, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը քանդում են երկրի ամբողջ պետական համակարգը՝ աւերակների վերածելով այն ամէնը, ինչ կոչւում է ազգային անվտանգութիւն եւ պետականութիւն։

Մինչ ազգային մտածողութիւն ունեցող գործիչների մեծ մասը մրցավազքի մէջ է աւելի հայրենասէրի տիտղոս կրելու համար՝ յաճախ փնովելով միմեանց ու մեղադրելով նախկին լեւոնական, նախկին թալանչի, նախկին ԼԳԲՏ աջակից, նախկին նիկոլական ու նմանատիպ բաների համար, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը աւերում են Հայաստանի ազգային ամբողջ արժեհամակարգը, բարոյազրկում հանրային միտքը, մարդկանց զբաղեցնում անբարոյ սկանդալներով ու հայհոյանքով։

Մինչ Արցախի պահպանութեան համար կռիւ տւող գործիչների մեծ մասը մրցավազքի մէջ է, թէ ով է աւելի շատ սիրում Արցախը՝ հրաժարւելով ճանապարհ գնալ ուրիշների հետ, միայն իրեն համարելով առաջամարտիկ ու ծաղրելով մնացած ամէն բան ու ամէն մէկին, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը ոչնչացնում են Արցախի հայկականութեան քաղաքական ու ռազմական բոլոր համակարգերը, իրենց յայտարարութիւններով թշնամու համար ստեղծում են բոլոր նախադրեալները, որ ապացուցեն, թէ Հայաստանն է հրաժարւել Արցախից, ձգտում են փոխել Հայաստանի անկախութեան հռչակագիրը՝ հրաժարւելով ազգային պետականութեան բոլոր հիմքերից։

Մինչ մշակոյթի գործիչների ու գիտնականների մեծ մասը մրցավազքի մէջ է՝ Հայաստանի իշխանութեան հետ աւելի մօտ լինելու եւ վարչապետի կամ մէկ այլ Ճ դասի պաշտօնեայի հետ ժպտերես լուսանկար ունենալու համար, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը աւերում են ամբողջ մշակոյթը եւ գիտութիւնը, փակում են թանգարաններ, համալսարաններ ու գիտական կենտրոններ, ոչնչացնում ամբողջական ուղեղային կենտրոններ։

Մինչ դասախօսների ու դեկանների մեծ մասը մրցավազքի մէջ է ուսանողներին քաղաքական գործընթացներից հեռու պահելու եւ զրկելու քաղաքացիական ու ազգային գիտակցումից՝ որպէս նպատակ ունենալով միայն սեփական աշխատանքի պահպանումը, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը աւերում են ամբողջ բարձրագոյն կրթական համակարգը, փակում են համալսարաններ, ուսանողական առաջին դէմքեր դարձնում բարոյական ու արժէքային ոչ մի գիտակցում չունեցող, մարդկանց վրայ ապօրինի գործ սարքող թոռնիկներով։

Մինչ ուսուցիչների մեծ մասը մրցավազքի մէջ է դպրոցներում Նիկոլ գովելու կամ գոնէ կարծիք չունեցող երեխաների կրթելու համար՝ ոգեւորւելով աշխատավարձի բարձրացումներից, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը աւերում են ամբողջ կրթական համակարգը, դպրոցական դասագրքերից աստիճանաբար հանում ազգային դաստիարակութիւնը՝ ձգտելով ձեւաւորել ամբոխ կամ ուղղակի դդում։

Մինչ գործարարների մեծ մասը մրցավազքի մէջ է աւելի չէզոք երեւալու եւ այդկերպ Հայաստանի իշխանութեան ուշադրութեան կենտրոնում չյայտնւելու, հարկային մարմինների ուղղորդւած ստուգումների ու անօրինական տուգանքների չենթարկւելու եւ աւելորդ գլխացավանքից հեռու մնալու համար, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը քանդում են տնտեսութիւնը, արտաքին յարաբերութիւնները փչացնելու հետեւանքով ոչնչացնում են արտահանումը եւ անվստահելի դարձնում երկիրը ներդրումների համար։

Մինչ հայ գիւղացիների մեծ մասը մրցավազքի մէջ է իրենց գիւղերում առաջին անգամ ասֆալտ լինելու համար աստւածացնելու մերօրեայ նեռին, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը թշնամու զօրքերը մօտեցնում են հայկական գիւղերին այնքան, որ ծնողները վախենում են իրենց երեխաներին տանից դուրս թողնել, իսկ կենդանիները պարբերաբար անհետանում են ու յայտնւում թշնամու մօտ, օրեցօր դատարկւում են հայկական գիւղերը։

Մինչ ոստիկանների մեծ մասը մրցավազքի մէջ է, թէ ով աւելի դաժանաբար կը ծեծի ցուցարարներին, որ կարմիր բերետաւորն աւելի անմարդկային վարքով կը հայհոյի ու կը յարձակւի մարդկանց վրայ՝ յանուն մի քանի հազար դրամ անաղուհաց պարգեւավճարի, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը աւերում են երկրի ամբողջ ներքին անվտանգութիւնը, ստորացնում ոստիկանի պատիւն ու արժանապատւութիւնը, նիկոլական պաշտօնեաները հայհոյում ու պոկում են ոստիկանի ուսադիրները՝ որեւէ կերպ չպատժւելով։

Մինչ զինւորականների մեծ մասը մրցավազքի մէջ է, թէ ով առաջինը պատւի կառնի իրենց զօրամաս այցելող թշնամի վարչապետին ու «ես իմ ծառայութիւնն եմ անում» ասելով՝ կը կատարի բանակի կազմաքանդման հրահանգները, Նիկոլ Փաշինեանն ու նրա աւազակախումբը աւերում են մեր բոլորիս քրտինքով ու արեամբ վերստեղծած ազգային բանակը, քանդում են առաջնագիծը՝ թշնամու առաջ անպաշտպան թողնելով շարքային զինւորին, ամէն ինչ անում են, որ բանակը ձախողի՝ ինչպէս միշտ, դրա համար մեղադրելով ու բանտարկելով իրենց հրահանգները կատարած սպաներին։

Ձեզ տեսնո՞ւմ էք որեւէ խմբում։ Եթէ այո, ապա Նիկոլ Փաշինեանի ու նրա աւազակախմբի չափ մեղաւոր էք հայրենիքի աղէտի համար։ Հնարաւոր է, նաեւ չէք տեսնում, ձեռնտու չէ տեսնել, բայց հոգին միշտ արդար է, հոգին հանգիստ չի տայ։

Յիշէք, որ մեր միակ փրկութիւնը մեր հաւաքական ուժի մէջ է, ես կասէի՝ ինքնազոհողութեան պատրաստ լինելու մէջ։ Զոհաբերէք պաշտօնի, փողի, ասֆալտի, պարգեւավճարի ու միւս բոլոր արատաւոր ամբիցիաները՝ յանուն պետութեան ու հայրենիքի փրկութեան, այլապէս բոլորս միասին նոյն կաթսայում եփւելու ենք որպէս շնագայլերին տրւող միս։

 

Irates.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։