Նիկոլ Փաշինեանը 44-օրեայ պատերազմը եւ մեր պարտութիւնը հռչակեց որպէս բարեբախտութիւն եւ հնարաւորութիւն։ Ասեց՝ վերջապէս հնարաւորութիւն է ստեղծւել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, ճանապարհները բացել, խաղաղ ու լաւ ապրել։
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինեանը 44-օրեայ պատերազմը եւ մեր պարտութիւնը հռչակեց որպէս բարեբախտութիւն եւ հնարաւորութիւն։ Ասեց՝ վերջապէս հնարաւորութիւն է ստեղծւել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, ճանապարհները բացել, խաղաղ ու լաւ ապրել։
Դա, իհարկէ, բլեֆ էր եւ հակապետական քարոզ, քանզի Թուրքիան ու Ադրբեջանն այնպիսի գին են պահանջում լաւ ու խաղաղ ապրելու համար, որ այն վճարելուց յետոյ Արցախն ու Հայաստանը պարզապէս չեն լինի։
Ուշագրաւն այն է, որ բաց ճանապարհները որպէս գլխաւոր ռազմավարութիւն հռչակած փաշինեանական իշխանութեան օրօք գործնականում փակւում են եղած բաց ճանապարհները եւ բեռների տեղափոխումը կանգ է առնում։
Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց հատւածը Ադրբեջանին յանձնելուց յետոյ չունենք համարժէք որակի ու յարմարութեան ճանապարհ, ինչն ազդել է Հայաստան-Իրան բեռնափոխադրումների վրայ։
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ մեր միւս բաց սահմանին, ապա այս ուղղութեամբ վերջին շրջանում լրջագոյն խնդիրներ են առաջացել։ Աւելի քան 2 շաբաթ հայ վարորդների բեռնատարներին թոյլ չեն տալիս տեղաշարժւել։ Թբիլիսիի մատոյցներում կիլոմետրերով աւտոշարասիւն է «բանտարկւել»։ Այսինքն՝ խնդիրներ կան ոչ միայն Վերին Լարսի անցակէտում, այլ նաեւ բուն Վրաստանի տարածքում։
Հայ բիզնեսմեններն այս ամենի արդիւնքում հսկայական վնասներ են ստանում։ «Բանտարկւած» աւտոշարասեան միջավայրում ստեղծւել է նաեւ հումանիտար ճգնաժամ։ Մարդիկ օրերով քնում են վարորդական խցիկներում՝ առանց լողանալու, առանց հիգիենայի նորմալ պայմանների հնարաւորութեան։
Նիկոլական իշխանութիւնը, որն, իբր, սիրում էր բոլորին, անտէրութեան է մատնել ՀՀ քաղաքացիներին։ Գոնէ մէկ չինովնիկ չի այցելել Վրաստանում գտնւող մեր հայրենակիցներին ու չի փորձել որեւէ օգնութիւն առաջարկել։
Ինձ հետ զրոյցում բեռնատարի վարորդները պնդում էին, որ իրենց որեւէ բացատրութիւն չի տրւում, իսկ Հայաստանի իշխանութիւններից որեւէ աջակցութիւն չկայ ու իրենք անտէրութեան են մատնւել։
Փաստօրէն, ՀՀ կառավարութիւնը չի կարողանում կամ չի ցանկանում Վրաստանի իշխանութիւնների հետ նորմալ բանակցել ու լուծում տալ խնդրին։ Սա՛ է «բաց սահմանների» քարոզով մարդկանց կերակրող իշխանութեան իրական դէմքը»։