Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանն երէկ՝ նոյեմբերի 22-ին այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցութիւն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանօթացել առաջնային նշանակութեան խնդիրներին: Խոհրդակցութեանը մասնակցել են նաեւ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Հայկ Խանումեանը եւ քաղաքաշինութեան նախարար Արամ Սարգսեանը:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանն երէկ՝ նոյեմբերի 22-ին այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցութիւն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանօթացել առաջնային նշանակութեան խնդիրներին: Խոհրդակցութեանը մասնակցել են նաեւ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Հայկ Խանումեանը եւ քաղաքաշինութեան նախարար Արամ Սարգսեանը: Տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը:
Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Աւանէսեանն ամենակարեւոր խնդիրների շարքում նշել է բնակարանային ապահովւածութեան հարցը, որը յատկապէս սրւել է 44-օրեայ պատերազմից յետոյ, ինչպէս նաեւ ենթակառուցւածքների, մասնաւորապէս՝ դպրոցների նորոգման հարցը:
Ռուբէն Վարդանեանը հետաքրքրւել է բնակարանաշինական ծրագրերով եւ բնակարանային կարիքների բաւարարման ընթացքով: Նա յատկապէս ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկութեան եւ արդարութեան սկզբունքների պահպանման կարեւորութիւնը:
Խորհրդակցութիւնից յետոյ պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների, վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկութիւնների ղեկավարների հետ:
«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրութիւնը, բայց դուք կարողացել էք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կեանքը շարունակւում է, Մարտունի քաղաքը վերականգնւում է, ու դա ամենամեծ նւաճումն է,- նշել է պետնախարար:- Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետեւ ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թէ ինչպէս էք դուք այստեղ պատկերացնում դրանց լուծումները, որպէսզի որոշումները լինեն հիմնաւորւած ու արդիւնաւէտ»:
Ռուբէն Վարդանեանը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացւած խնդիրները, որոնք վերաբերել են, մասնաւորապէս, ճանապարհաշինութեանը, գիւղտեխնիկայով ապահովւածութեանը, բնակիչների կենսապահովման համար գիւղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Պետնախարարը պատրաստակամութիւն է յայտնել համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հէնց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մօտեցումները: «Որոշումները պէտք է լինեն հիմնաւորւած, իսկ դրանց կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պէտք է իմանան, թէ ինչ չափանիշներով են ընտրւում առաջնահերթ լուծման ենթակայ խնդիրները»,- ընդգծել է Ռ. Վարդանեանը:
Նա տեղեկացրել է, որ բարձրացւած հարցերն ուսումնասիրւելու են, քննարկւելու են դրանց լուծման հնարաւորութիւնները:
Այցի շրջանակում Ռուբէն Վարդանեանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանօթացել պայմաններին, ուսումնական գործընթացին, տնօրէն Արտակ Սարգսեանի հետ քննարկել զարգացման հեռանկարները:
Պետնախարարը ծանօթացել է նաեւ Մարտունի քաղաքում իրականացվող պետական բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:
Ռուբէն Վարդանեանը նաեւ յարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս եւ Հայաստանի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի յիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա յուշարձանին: