Հա

Քաղաքական

23/11/2022 - 13:15

Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու ռեսուրս ՀՀ-ն միշտ է ունեցել. այս իշխանութիւնները սպառել են դա

Միշտ պէտք է խօսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին: Դեռեւս Սովետական Միութեան ժամանակից Ադրբեջանը յղում էր կատարում ՍՍՀՄ սահմանադրութեան 78-րդ յօդւածի վրայ՝ տարածքային ամբողջականութիւն, մենք՝ 70-րդ: Եւ ամբողջ ընթացքում մենք շեշտել ենք ազատ ինքնորոշման իրաւունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականութեան: Կոսովոյի պահով Միջազգային արդարադատութեան դատարանի վճիռը յստակ էր՝ տարածքային ամբողջականութեան իրաւունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանիօրէն անկախութիւն հռչակել: 

«alikonline.ir» - «Միշտ պէտք է խօսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին: Դեռեւս Սովետական Միութեան ժամանակից Ադրբեջանը յղում էր կատարում ՍՍՀՄ սահմանադրութեան 78-րդ յօդւածի վրայ՝ տարածքային ամբողջականութիւն, մենք՝ 70-րդ: Եւ ամբողջ ընթացքում մենք շեշտել ենք ազատ ինքնորոշման իրաւունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականութեան: Կոսովոյի պահով Միջազգային արդարադատութեան դատարանի վճիռը յստակ էր՝ տարածքային ամբողջականութեան իրաւունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանիօրէն անկախութիւն հռչակել: Ադրբեջանը դրա դէմ բողոքել էր, բայց շան տեղ չէին դրել իրենց բողոքը: Դա է միջազգային արդարադատութեան դատարանի խորհրդատվական կարծիքը»,- «Առաւօտ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ համեմատելով այսօրւայ քաղաքականութեան հետ:

«Այսօր Փաշինեանը ինքնորոշման իրաւունքը թողնում է մի կողմ, հարցը իջեցնում է տարածքային ամբողջականութեան տիրոյթ, սկսում է Ադրբեջանի թելը թելել, այդտեղ ինքը պարտւում է, ասում է՝ դէ տեսէք, պարտւել եմ: Որովհետեւ ո՛չ Ալմա-Աթայի դեկլարացիան, ո՛չ ՄԱԿ կանոնադրութիւնը, ո՛չ Հելսինկեան եզրափակիչ ակտը չեն արգելում անկախութեան միակողմանի հռչակումը: Աւելին՝ ԱՊՀ-ն կազմելու պահին, որը ստորագրւել է 1991-ի դեկտեմբերի 21-ին, Հայաստանը վաւերացրել է 1992-ի փետրւարի 18-ին, Ադրբեջանը 1993-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն, այդ պահին Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր չէր: Եւ ասել, թէ Հայաստանը, ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, կը ներէք, էլի… Հօ բոլորը ՔՊ-ական չեն ու բոլորը «Հայկական ժամանակ» չեն կարդում եւ Հ1 չեն նայում»:

Նախկին փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը վստահեցնում է, որ Ադրբեջանը ստորագրել է հռչակագիրը, բայց չի վաւերացրել: Նրա խօսքով՝ 1993 թւականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նոյն օրը Հէյդար Ալիեւը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը, այդ նոյն օրը Բաքւում տեղի է ունեցել իրենց Գերագոյն խորհրդի նիստը, որը վաւերացրել է ոչ թէ հռչակագիրը, այլ ընդամէնը ԱՊՀ կանոնադրութիւնը: Արթուր Խաչատրեանը հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանը վաւերացրել է. «Իրենք երկուսը միասին են ընդունել: Կարող եմ հիմա բացել եւ ցոյց տալ»:

Հարցին՝ ՔՊ պատգամաւորներն ասում են՝ լաւ, ուզում ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, բայց չունենք ռեսուրս, ասում են՝ ուզէք, չունենք հնարաւորութիւն, ի՞նչ պիտի անենք՝ Արթուր Խաչատրեանը պատասխանեց. «Այդ ռեսուրսը ՀՀ-ն միշտ ունեցել է: Այդ ռեսուրսը իրենք սպառել են եւ հիմա իրե՛նք չունեն ռեսուրս: Դա չի նշանակում, որ ՀՀ-ն չունի այդ ռեսուրսը: Մարդիկ ասում են՝ ձախողել ենք, բայց դէ մենք պէտք է շարունակենք: Ձախողել են, ուրեմն պէտք է գնան ու գան նրանք, ովքեր ե՛ւ իրենց անցած ճանապարհով, ե՛ւ ներկայ կարողութիւններով ապացուցել են, որ կարող են այդ խնդիրները լուծել: 92 թւականին, երբ Ադրբեջանը գրաւեց Շահումեանը, Մարտակերտի զգալի մասը, ներքեւից Հադրութը, այսինքն, ամբողջ Արցախի շուրջ 50%-ը գրաււած էր, էլի ասում էին՝ տարբերակ չկայ: Բայց ժողովուրդը բռունցքւեց, փոփոխութիւններ եղան Հայաստանում եւ Արցախում, թուրքերին յետ շպրտեցին: 96-ին լիսաբոնեան գագաթաժողովի ժամանակ համաշխարհային կոնսենսուս էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնուրոյնութեան բարձրագոյն կարգավիճակ տալու: Հայաստանը վետօ դրեց: Իշխանութիւնների փոփոխութիւն, կուրսի փոփոխութիւն: Նոյնիսկ այն վերջին փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինեանը ստացել է՝ 2018-ի յունւարի 18-ի Կրակովի, էլի գրած է, որ Արցախի կարգավիճակը որոշւելու է հանրաքւէով, հանրաքւէի օրակարգը ոչնչով սահմանափակւած չի: Այսինքն, աշխարհն ասում էր՝ մենք կը ստեղծենք պայմաններ, որ լինի, որովհետեւ եթէ նայէք Մադրիդեան փաստաթուղթը, Լաքւիլայի յայտարարութիւնը, Կազանի փաստաթուղթը, այնտեղ յետաձգւած հանրաքւէի գաղափարն էր: Ամենավատ ու ամենաքննադատւած փաստաթղթում էլ, իրենք ասում են՝ Լաւրովի պլան, նոյնիսկ այդ պլանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, սեփական ճակատագիրը որոշելու իրաւունքը երաշխաւորւում է: Իսկ իրե՞նք ինչ են առաջարկում՝ Արցախը տանք, Տիգրանաշէնը տանք, ճանապարհը տանք… Երբ թուրքերը հասան Շուռնուխի սահման, իրենք ասում էին՝ ճանապարհի կէսը մերն է, կէսն իրենցն է, կարող է լինել: Հիմա պարզւում է՝ Շուռնուխն «ադրբեջանական» է: Սկզբից ասում էին՝ դա եղել է բանաւոր պայմանաւորւածութիւն, յետոյ ես այդ թուղթը, որպէս պատգամաւոր, պաշտպանութեան նախարարութիւնում տեսել եմ, գրաւոր է եղել եւ երբ անցնի գաղտնիութեան ժամկէտը, չգիտեմ դա երբ կը լինի, ես խորհուրդ կը տամ ուղղակի նայել՝ ինչ են ստորագրել եւ փաստացի ադրբեջանցիք էլ աւելի ինչ են պնդել: Դա Վաղարշակ Յարութիւնեանի ստորագրած փաստաթուղթն է եղել»»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։