Հա

Քաղաքական

24/11/2022 - 12:25

Չպէտք է արհեստական խոչընդոտներ ստեղծել եւ յետոյ «հերոսաբար» յաղթահարել դրանք

Նոյեմբերի 23-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի օրակարգից հանւել էր Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի հարցը: «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը պատգամաւորական յայտարարութիւնների շրջանակում մի շարք պարզաբանումներ է տւել հարցի մասին: 

«alikonline.ir» - Նոյեմբերի 23-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի օրակարգից հանւել էր Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի հարցը: «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը պատգամաւորական յայտարարութիւնների շրջանակում մի շարք պարզաբանումներ է տւել հարցի մասին: Գրում է «Ապառաժ»-ը:

«Մտադրւած չէի յայտարարութեան տեքստով հանդէս գալ, բայց այսօրւայ հարցուպատասխանից յետոյ ես կը ցանկանայի մի շարք շեշտադրումներ անել եւ իրականութիւնն ասել, որը, ցաւօք սրտի, թէ հասարակութեան շրջանում, թէ այլ տիրոյթներում միտումնաւոր կամ ոչ աղաւաղւում է։ Խօսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, փաթեթը շրջանառութիւնից հանելուն։ Թիւր կարծիք կայ, որ Ազգային ժողովի խմբակցութիւնները սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել են իրենց լիազօրութիւններն աւելացնելու համար։ Պարոն Յարութիւնյանն իր խօսքում շեշտեց, որ դա անձամբ իր առաջարկութիւնն է եւ, խորհրդակցելով քաղաքական ուժերի հետ, եկել է այդ եզրակացութեանը։ Այո, այդպիսի բան եղել է։

Բայց ինքը շեշտեց, որ իշխանութեան գերկենտրոնացում է եղել, հիմա այդպիսի խնդիր չկայ։ Այո, բայց դրա հետ միասին մի քանի պատճառներ կան։ Քաղաքական կուսակցութիւնների հետ խորհրդակցութիւնների ժամանակ պարոն Յարութիւնեանը նշել է, որ հաշւի առնելով յետպատերազմական իրավիճակը եւ թէ նախագահի, թէ Ազգային ժողովի, առհասարակ իշխանութեան մարմինների նկատմամբ վստահութեան պակասը, ճիշտ կը լինի նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթաց եւ նշւել են մի շարք այլ պատճառներ։ Նախ, գործող Սահմանադրութեան մէջ կան խնդիրներ, որոնց մասին մենք ժամանակին ասել էինք։ ԱՀ նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակեայ ընտրութիւնն ազգային անվտանգութեան առումով վտանգ է պարունակում, քանի որ մէկին ինչ-որ բան լինելու դէպքում, միւսն արձակւում է։

Ուստի պէտք է՝

ա. նախագահականից անցում կատարել կիսանախագահական համակարգի,

բ. ընտրութիւնների միջոցով աւելացնել եւ խորհրդարանի, եւ նախագահի, եւ իշխանութեան միւս մարմինների վստահութեան պաշարը,

գ. բացառել միաժամանակեայ ընտրութիւնը։

Բացի դրանից, 2025թ. նաեւ խաղաղապահների առաջին ժամկէտն է աւարտւում եւ մենք պէտք է ունենանք աւելի երկար ժամկէտով ընտրւած իշխանութիւն։ Սրանք են հիմնական պատճառները եւ բոլոր քաղաքական խմբակցութիւնները եկել են այն եզրակացութեան, որ փոփոխութիւններն անհրաժեշտ են։ Ստեղծւել է մասնագիտական յանձնաժողով, մենք մասնագիտական յանձնաժողովում չկայինք, բայց հայեցակարգային մօտեցումներում մենք մեր առաջարկութիւնները տւել ենք, եղել է համախոհութեան մթնոլորտ՝ յանուն Արցախի վաղւայ օրւայ, յանուն միասնութեան։

Մենք համախոհութեամբ, հաշւի առնելով որոշ անվտանգային եւ այլ բաղադրիչներ, առաջարկութիւն ենք ներկայացրել։ Վերջը ստացւել է այն, ինչ ստացւել է։ Եւ ամենակարեւորը. ցանկացած սահմանադրական հանրաքւէ, անկախ արդիւնքներից, եւս մէկ քար է մեր պետականութեան հիմքին, որն այսօր անորոշ ժամանակով յետաձգւեց։ Իսկ ինչ վերաբերում է այդ առաջարկութիւններին, հասարակական կազմակերպութիւնների մի մասը ես վստահ եմ, որ իրոք մտահոգ է, միւս մասի վերաբերեալ յետոյ կը խօսենք։ Մեր հասարակութիւնը պարտաւոր է իրականութիւնն իմանալ։

Վերջին մի քանի ամիսներին ի դէմս Ազգային ժողովի մենք տեսել ենք միասնականութիւն եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները դիմագրաւելու առումով այդ միասնութիւնը պահպանելը շատ կարեւոր է։ Պէտք չէ արհեստական խոչընդոտներ ստեղծել եւ յետոյ սկսել «հերոսաբար» յաղթահարել դրանք՝ իբր միասնութեան անւան։ Պէտք է վերջ տալ այդ իմպրովիզացիաներին, իսկ խելացի առաջարկութիւնները՝ ժամանակին ընդունել։ Նոյնն էլ եղել է Գերագոյն դատարանի մասով։ Եթէ գործող Սահմանադրութեամբ կարողանում ենք որոշ յօդւածներ փոփոխել, հիմա ընդամէնը թիւն ենք մեծացնում, ի՞նչն է այդտեղ հակասահմանադրական։ Վերջիվերջոյ այդ իրաւունքը տալը կամ մերժելը եւս ժողովրդի կամարտայայտութեամբ է լինելու։

Սա է իրականութիւնը։ Մնացածը մանիպուլեացիա է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։