Հա

Քաղաքական

25/11/2022 - 19:47

Այսօր ներկայացնելու եմ պատգամաւորի մանդատից հրաժարւելու իմ դիմումը․ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արամ Վարդեւանեան

 

«Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արամ Վարդեւանեանը հրաժարւում է մանդատից։ Նա այս մասին գրառում է արել ֆէյսբուքեան իր էջում․

«alikonline.ir»- «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արամ Վարդեւանեանը հրաժարւում է մանդատից։ Նա այս մասին գրառում է արել ֆէյսբուքեան իր էջում․

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր ներկայացնելու եմ պատգամաւորի մանդատից հրաժարւելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ յարգելով, իհարկէ, գործընկերներիս քայլերն ու գործողութիւնները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամաւոր ընկերներիս եւ մեր գործընկերներին։

Ես չգիտեմ՝ արդեօք հնարաւոր է չափել որեւէ պատգամաւորի գործունէութեան արդիւնաւէտութիւնը, բայց գոնէ խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրւած մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առաւելագոյնս իրացնել գիտելիքս եւ լիազօրութիւններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահաւաքներից մինչեւ ամբիոն, քայլերթերից մինչեւ ազատազրկման վայրեր։

Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելութիւնը մեծագոյն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար:

Մեծ պատասխանատւութիւն եւ պատիւ էր լինել ակտիւ քաղաքականութեան մէջ նախագահ Քոչարեանի եւ մեր թիմակիցների հետ:

Առանձնայատուկ ուզում եմ նշել՝ խոնարհւում եմ մեր այն հազարաւոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը եւ մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի:

Ես պայքարել եմ եւ պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հաւատում եմ, որ այն չի ուշանայ եւ հնարաւոր կը լինի կառուցել իսկապէս անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբւած հասարակութեամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխւել եւ չի փոխւելու:

Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կայ:

Աստւած պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։