Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան կողմից Հայաստանի Հանրապետութեանը օժանդակութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնութեան ակտիւ ներգրաււածութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրոյցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Սերգէյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստի արդիւնքներին:
«alikonline.ir»- Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան կողմից Հայաստանի Հանրապետութեանը օժանդակութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնութեան ակտիւ ներգրաււածութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրոյցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Սերգէյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստի արդիւնքներին:
ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական տւեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարւած աշխատանքներին:
«Ընդհանուր առմամբ, տպաւորութիւնը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանութիւն, բայց յաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինեանը կառավարութեան նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տւել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում:
Նշեմ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը բաւականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահութիւնը: Կարծում եմ՝ սրան աւելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը:
Հարցին, թէ Ռուսաստանը քայլեր կը ձեռնարկի, որպէսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց.
«Այդ աշխատանքը իրականացւում է, եւ այդ աշխատանքը իրականացւում է Ռուսաստանի Դաշնութեան ակտիւ ներգրաււածութեամբ»,- ընդգծեց Կոպիրկինը:
Հարցին՝ թէ արդեօք բաւարար քայլեր ձեռնարկւում ե՞ն ռուսական եւ հայկական կողմից արտաքին մարտահրաւէրները յաղթահարելու ուղղութեամբ եւ որպէսզի հայ-ռուսական յարաբերութիւնները նոյն բարձր մակարդակի վրայ մնան, Կոպիրկինը պատասխանեց.
«Իմ կարծիքով շատ բան է արւում, որպէսզի հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ միայն պահպանւեն, այլեւ ամրապնդւեն եւ յարմարւեն նոր իրողութեանը եւ նոր աշխարհին: Հաւատացէք՝ դա շատ բարդ է, եւ երկու կողմից պահանջում է մեծ համբերութիւն, յամառութիւն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր յատկանիշները յաջողւում է դրսեւորել: Իհարկէ, կայ խնդիր, չէր կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երկկողմ յարաբերութիւնների պահպանման, ամրապնդման եւ զարգացման ուղղութեամբ աշխատանքներն իրականացւում են պատշաճ մակարդակով»,- ասաց Կոպիրկինը: