ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ԽՎ-ում.
«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ԽՎ-ում.
Սիրելի գործընկերներ,
Այսօր ողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում Ուկրայինայում խաղաղութեան հաստատումն է, կեանքի եւ մարդկային իրաւունքների վերականգնումն ու պաշտպանութիւնը։
Սակայն, մարդու իրաւունքները, ագրեսիան ու պատերազմը նոյն դէմքն ու հետեւանքներն ունեն՝ անկախ ազգութիւնից, դաւանանքից եւ աշխարհագրութիւնից։
Եւրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկւում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների, սակայն միջազգային կառոյցների եւ հէնց մեր կազմակերպութեան կողմից շարունակւում է կրկնակի ստանդարտների քաղաքականութիւնը։
2020թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44 օրեայ լայնամասշտաբ պատերազմից յետոյ կնքւած եռակողմ յայտարարութիւնից յետոյ էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները։
Հակառակ պայմանագրի նախատեսումներին, Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն այսպէս կոչւած խաղաղ ժամանակահատւածում քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերի թիւն անցնում է 180-ը։
Շարունակւում է Ադրբեջանի պաշտօնական դէմքերի ռազմատենչ եւ ահաբեկչականն հռետորիկան, օկուպացւած տարածքներում մշակութային վանդալիզմը։ Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը Ադրբեջանի զինւած ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերէն տարածք, օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 180 քառ կմ։ Ագրեսիա ուղեկցւել է սարսափելի յանցագործութիւններով, մարդու իրաւունքների համատարած խախտութիւններով եւ բռնութիւնն, որոնք փաստւած են եւ արձանագրւած։
Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակւում է։
Կարծում եմ, եթէ Եւրոպական ընտանիքը, միջազգային հանրութիւնը ներառեալ ԵԱՀԿ-ն իրապէս շահագրգռւած է մեր տարածաշրջանում երկարատր խաղաղութեամբ եւ կայունութեամբ, ապա իբրեւ պատերազմական յանցագործի, Ադրբեջանը պէտք է պատասխանատւութեան ենթարկւի ագրեսիայի, քիմիական զէնքի գործածութեան եւ Թուրքիայի աջակցութեամբ ներգրաււած ահաբեկիչների համար։
Ցաւօք, չեմ ուզում հաւատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որն ըստ մի շարք աղբիւրների բաւարարում է եւրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, աւելի թանկ է, քան իրական ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքները եւ իրական եւրոպական այն արժէքները, որոնց հաւատալով շատերս անդամակցել ենք այս կառոյցին։ Յստակ է, որ տարածաշրջանում փոխւել է ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը։ Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին։
Եթէ միջազգային հանրութիւնը, իրապէս շահագրգիռ է մեր տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղութեամբ, ապա Ադրբեջանին պատասխանատւութեան պէտք է ենթարկել իբրեւ պատերազմական յանցագործի՝ միջազգային օրէնքների, ռազմական յանցագործութիւնների, այդ թւում՝ քիմիական զէնքի գործածութեան, մշակութային վանդալիզմի համար։
Սիրելի գործընկերներ,
Հակառակ Ալիեւի ռազմատենչ յայտարարութիւնների, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը հանգուցալուծւած չէ։ Ադրբեջանի հակահայ` արմենոֆոբիկ պահաւածքն ու ցեղասպանական նկրտումներն աւելի են հիմնաւորում, որ Արցախի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի եւ հակամարտութիւնը ագրեսիայով եւ պատերազմով լուծելի չէ։
Վարշաւա, 25 նոյեմբեր, 2022թ.