Հա

Քաղաքական

26/11/2022 - 14:40

«Քաղհասարակութեան յայտարարութեան մէջ, չգիտես ինչու, «մոռացւած» են արդէն ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ նոյն Մնացական Մարտիրոսեանի կողմից քննւող դատական գործերը». Աւետիք Իշխանեան

168.am-ը Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանին խնդրեց գնահատել այս յայտարարութեան տեքստը, յատկապէս, որ խնդրոյ առարկայ դատաւորն իսկապէս հայ հանրութեան մէջ ընկալւում է՝ որպէս պատւէր կատարող դատաւոր:

«alikonline.ir» - Օրեր առաջ Բարձրագոյն դատական խորհուրդը (ԲԴԽ) յայտարարութիւն տարածեց առ այն, որ Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Մնացական Մարտիրոսեանը կը դառնայ Հակակոռուպցիոն դատարանի դատաւոր: Լուրը ռումբի պայթիւնի նշանակութիւն ունեցաւ հայ հանրութեան, յատկապէս՝ իրաւաբանների ու ակնկալելի կերպով նաեւ երբեմնի քաղհասարակութեան համար:

Վերջիններս նաեւ յայտարարութիւն են տարածել ԲԴԽ կողմից կոռուպցիոն յանցագործութիւնների քննութիւն իրականացնող դատաւորի ընտրութեան վերաբերեալ, նշել, որ իրենք խիստ անընդունելի եւ դատապարտելի են համարում Մնացական Մարտիրոսեանի ընտրութիւնը:

«Մնացական Մարտիրոսեանը յայտնի է՝ որպէս քաղաքական հնչեղ գործերով ներգրաււած դատաւոր, ում դատավճիռներով դատապարտւել են քաղաքական բանտարկեալներ, որոնց թւում են՝ 2008թ. մարտի 1-ից յետոյ «7»-ի գործով դատապարտւած Ալեքսանդր Արզումանեանը, Նիկոլ Փաշինեանը եւ այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսեանի վճռով է ազատազրկման դատապարտւել ընդդիմադիր գործունէութիւն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր Արման Բաբաջանեանը, 2007թ.-ին՝ Ժիրայր Սէֆիլեանը, 2017թ.-ին՝ Գէորգ Սաֆարեանը, եւ այլ անձինք: Մնացական Մարտիրոսեանը քննել է նաեւ 2001թ. Պօղոս Պօղոսեանի սպանութեան դէպքի վերաբերեալ քրէական գործը: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռներով հաստատւել են հիմնարար իրաւունքների խախտումները եւ քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդիւնքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացւել են Հայաստանի Հանրապետութեան դատարանների կողմից»,- Մնացական Մարտիրոսեանի քննած գործերն ու դրանց հետեւանքներն էին յիշեցրել նրանք:

Քաղհասարակութեան ներկայացուցիչների պնդմամբ՝ «Մնացական Մարտիրոսեանի ընտրութիւնը ուղղակիօրէն հակասում է 2018 թ. Թաւշեայ յեղափոխութեան արժէքներին ու արժէքային ընտրութեանը՝ հաշւի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատութեան արատաւոր բարքերի, կոռուպցիայի եւ հալածանքների դէմ էր»:

Տեքստից, ինչ խօսք, նկատելի է, որ «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւածը՝ իր բոլոր կործանարար հետեւանքներով, այս կազմակերպութիւնների համար բաւականին նշանակալից իրադարձութիւն էր, եւ ի նշանաւորումն դրա՝ գրել էին մեծատառով:

«Բարեվարքութեան բացասական եզրակացութիւն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնութեան կողմից հակակոռուպցիոն այդ կարեւոր գործիքի անտեսման մասին: Մնացական Մարտիրոսեանի վերջնական նշանակման պարագայում ստիպւած կը լինենք վերագնահատել բարեվարքութեան ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակութեան, ի դէմս «Իրազեկ քաղաքացիների միաւորման», ներկայացուցչի մասնակցութիւնը»,- «սպառնացել էին» քաղհասարակութեան ներկայացուցիչներն ու խստօրէն դատապարտել ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսեանի՝ հակակոռուպցիոն դատարանի դատաւորի պաշտօնում ընտրութիւնը:

Նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանից պահանջել էին չնշանակել Մնացական Մարտիրոսեանին կոռուպցիոն յանցագործութիւններ քննող դատաւորի պաշտօնում եւ նրա թեկնածութիւնը առարկութիւններով վերադարձնել ԲԴԽ-ին:

Յայտարարութիւնը ստորագրել էին՝ «Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,  Հելսինկեան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենեակ, Բաց Հասարակութեան Հիմնադրամներ-Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբ, Իրաւունքի զարգացման եւ պաշտպանութեան հիմնադրամ, «Իրազեկ քաղաքացիների միաւորում» ՀԿ, «Յանուն հաւասար իրաւունքների» ՀԿ:

168.am-ը Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանին խնդրեց գնահատել այս յայտարարութեան տեքստը, յատկապէս, որ խնդրոյ առարկայ դատաւորն իսկապէս հայ հանրութեան մէջ ընկալւում է՝ որպէս պատւէր կատարող դատաւոր:

«Այն, որ Մնացական Մարտիրոսեանը, որպէս դատաւոր, բոլոր ժամանակներում հլու-հնազանդ կատարել է օրւայ իշխանութեան պատւէրները, անվիճելի է։

Յայտարարութեան մէջ թւարկւած են Մնացական Մարտիրոսեանի կողմից նախկին իշխանութիւնների ժամանակ կայացւած դատավճիռները, բայց, չգիտես ինչու, «մոռացւած» են արդէն ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ նոյն դատաւորի կողմից քննւող դատական գործերը»,- ասաց Աւետիք Իշխանեանը:

Իրաւապաշտպանը, որպէս օրինակ՝ յիշեցրեց դրանցից միայն երկուսը՝ Մանւէլ Գրիգորեանի եւ Արմէն Գրիգորեանի դատական քննութիւնները, որոնց արդիւնքում, ըստ նրա, երկուսն էլ սպանւեցին։

«Թէ՞ վերջիններն օրինական էին․․․ Եւս մէկ դիտարկում․ յայտարարութեան մէջ, որպէս քաղաքական դատավարութիւն, նշւում է Արման Բաբաջանեանի գործը։ Փաստօրէն փաստաթղթեր կեղծելն ու բանակից թռնելը քաղհասարակութիւնը համարում է քաղաքական իրաւունք»,- տարակուսեց Աւետիք Իշխանեանը:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ ԲԴԽ-ն ինքնուրո՞յն է այդ որոշումը կայացրել, թէ՞ ոչ, Աւետիք Իշխանեանը նկատեց՝ յայտարարութեան մէջ, որպէս թիրախ, ընտրւել է ԲԴԽ-ն։

«Հարց յայտարարութեան հեղինակներին․ ի՞նչ էք կարծում, հնարաւո՞ր էր, արդեօք, որ Մնացական Մարտիրոսեանն ինքնուրոյն դիմէր հակակոռուպցիոն դատարանի դատաւոր դառնալու համար։ Պարզ չէ՞, որ թեկնածութեան վերաբերեալ ԲԴԽ նախագահ Կարէն Անդրէասեանը կամ հրահանգ է ստացել վարչապետ կոչեցեալից, կամ համաձայնեցրել է նրա հետ։ Յիշեցնենք նաեւ, որ Կարէն Անդրեասեանը «ազնւանում» էր վարչապետ կոչեցեալի նկարին նայելիս։ Այնպէս որ, «հանգիստ» թողէք միայն հրահանգներ կատարող ԲԴԽ-ին։ Չե՞ն գիտակցում արդեօք յայտարարութեան հեղինակները, որ այս նշանակման հեղինակը վարչապետ կոչեցեալն է։ Իհարկէ գիտակցում են, բայց նրանց հրահանգւած է չկպչել վարչապետին, նա դեռ պէտք է, դեռեւս մինչեւ վերջ չի կատարել իր «առաքելութիւնը»»,- ասաց Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահը։

Դիտարկմանը՝ արդեօ՞ք այս տարիների ընթացքում Մնացական Մարտիրոսեանի նշանակումը առաջին դէպքն է, որ կարելի էր նման եզրակացութեան յանգել ու յայտարարութեամբ հանդէս գալ, Աւետիք Իշխանեանը պատասխանեց՝ յայտարարութեան հեղինակները յղում անելով 2018թ․ յեղափոխութեան, իրենց կարծիքով, հռչակւած արժէքների վրայ, տարակուսում են սոյն նշանակումով։

«Սա նոյնպէս որեւէ քննութիւն չի բռնում։ Մի՞թէ յայտարարութեան հեղինակներն այս տարիների ընթացքում չեն նկատել, օրինակ, գործերը մակագրող համակարգիչների առգրաւումը դատարաններից, որի արդիւնքում հէնց շատ գործեր մակագրւեցին Մնացական Մարտիրոսեանին, օրինակ՝ Արմէն Գրիգորեանի գործը,  Գագիկ Ջհանգիրեանին ԲԴԽ նախագահ նշանակելը, Գագիկ Ջհանգիրեան-Ռուբէն Վարդազարեան զրոյցը, Բորիս Բախշիեանի կալանաւորումը եւ բազմաթիւ այլ հարցեր: Այնպէս որ, ինչպէս ասում են, այս յայտարարութիւնը կարելի էր ողջունել, եթէ…»,- եզրափակեց Աւետիք Իշխանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։