Հա

Քաղաքական

27/11/2022 - 10:20

Մեր ժողովուրդը շարունակելու է ազատութեան, արդարութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման համար իր պայքարը

Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի ընթացքում, օրակարգի՝ «Խաղաղության ապահովում եւ ժողովրդավարութեան ուժեղացում» թեմայի շրջանակում ելոյթով հանդէս է եկել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրւանին ու Ադրբեջանի շարունակական ագրեսիային:

«alikonline.ir» - Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի ընթացքում, օրակարգի՝ «Խաղաղության ապահովում եւ ժողովրդավարութեան ուժեղացում» թեմայի շրջանակում ելոյթով հանդէս է եկել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրւանին ու Ադրբեջանի շարունակական ագրեսիային:

Ստորեւ ներկայացնում ենք ելոյթը.

Յարգարժան նախագահող, Սոցինտերնի համագումարի յարգելի՛ մասնակիցներ,

Ես իմ ողջոյնի խօսքն եմ ուղղում ձեզ՝ որպէս ՀՅԴ Բիւրոյի անդամ, որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր եւ ազատութեան, արդարութեան եւ մարդկային համերաշխութեան համար պայքարի առաջին գծում կանգնած գաղափարի զինւոր:

Տարիներ առաջ Սոցինտեռնի յարգարժան գլխաւոր քարտուղար ընկեր Այալան, իսկ կազմակերպութեանն անդամակցող կուսակցութիւնների ներկայացուցիչները՝ անցած տասնամեակների ընթացքում, այցելել են իմ հայրենիք Արցախ, իրենց աչքով են տեսել 30 տարիների ընթացքում արիւնով եւ քրտինքով ձեւաւորւած պետութիւնը, որի կազմաւորման գաղափարական հիմքը եղել են ազատութեան ու արդարութեան գաղափարները, սկզբունքներ, որոնք ընկերվարական գաղափարախօսութեան հիմնասիւներն են: Արցախը միշտ եղել է հայկական:

Պատմութեան տարբեր դարաշրջաններում թէեւ փոխւել են ճնշող, հարստահարող համակարգերն ու պետութիւնները, սակայն Արցախը երբեք չի կորցրել իր հայկակականութիւնը, Արցախում միշտ էլ եղել է հայկական կառավարման համակարգ:

18-րդ դարի սկզբներին սկսւած ազգային-ազատագրական պայքարը արցախահայութեան համար ստեղծեց բարենպաստ պայմաններ ու հիմքեր այն շարունակելու 19-րդ եւ 20-րդ դարերի ընթացքում, ձեւաւորել անկախ պետականութեան համար բաւարար նախադրեալներ, ինքնուրոյն ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու քաղաքական կամք: 1917-1921 թւականներին Արցախում արդէն գործում էին պետական միաւորներ, եւ մեր ժողովրդի կամքն էր միաւորւելու մայր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետութեանը:

Քաղաքական խարդաւանքները, բռնապետների միջոցով նենգաբար գծւած քարտէզները պատճառ են դարձել, որ ստալինեան-բոլշեւիկեան բռնապետութեան տարիներին մեր հայրենիքի կարեւոր հատւածներից Նախիջեւանը եւ Արցախը կցւեն Խորհրդային Ադրբեջանին: 1923թ. Խորհրդային Միութեան կոմունիստական կուսակցութեան անհիմն որոշմամբ Արցախը բռնակցւեց Ադրբեջանին:

Իհարկէ, 70 տարիներին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարութիւնը ոչինչ չի խնայել ինչպէս Նախիջեւանում, այնպէս էլ Արցախում իրականացնելու պանթուրքիստական նկրտումներից ելնող ցեղասպանական քաղաքականութիւն՝ բնիկ ժողովրդին զրկելով իր հայրենիքում ազատ ապրելու արդարացի իրաւունքից:

Պէտք է խոստովանել, որ Նախիջեւանի պարագայում Ադրբեջանին յաջողւել է իրականացնել սպիտակ ցեղասպանութիւն: Ինչպէս գիտէք, այնտեղ այսօր հայեր չեն բնակւում, դեռ աւելին, անխնայ ոչնչացւում են հազարամեակների ընթացքում մշակութային համաշխարհային արժէք ունեցող կոթողներ, յուշարձաններ, խաչքարեր՝ նպատակ ունենալով իսպառ ջնջելու հայկական հետքը Նախիջեւանից: Ի դէպ, Ադրբեջանն այսօր էլ շարունակում է նոյն գործելաոճով առաջնորդւել բռնագրաււած Արցախի Հանրապետութեան տարածքներում:

1920-ական թւականներից Արցախը Սովետական Ադրբեջանի մաս կազմելուց յետոյ չդադարեց ազատութեան համար իր պայքարը: Ազգային-ազատագրական պայքարը տարբեր դրսեւորումներով 70 տարի որպէս կրակի մոխիրների տակ մնացած կայծեր պահպանւեց իւրաքանչիւր արցախցու հոգում եւ փոխանցւեց յաջորդ սերունդներին:

Խորհրդային Միութեան փլուզման շեմին, երբ ձեւաւորւում էր ազատութեան ու անկախութեան պայքարի համար համապատասխան մթնոլորտ, Խորհրդային Միութեան համակարգում բռնապետութեան կողմից գծւած սահմանների ջնջման առաջին քայլը կատարեց արցախահայութիւնը:

1988թ. սկսած Խորհրդային Միութեան սահմանադրութեան եւ գործող օրէնքների պահանջով 1991 թ. սեպտեմբերի 2-ին նախ եւ առաջ Արցախը յայտարարւեց որպէս առանձին հանրապետութիւն՝ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս, ապա Հայաստանի եւ Արցախի գերագոյն խորհուրդների միջոցով հաստատւեց երկու հանրապետութիւնների միաւորումը:

Դրանից յետոյ տեղի ունեցաւ Արցախի Հանրապետութեան անկախութեան համար հանրաքւէն, որին առիթ ունէին մասնակցելու նաեւ Արցախի Հանրապետութիւնում ապրող ադրբեջանցիները:

Հանրաքւէի արդիւնքում (աւելի քան 95%) Արցախի ժողովուրդն ինքնորոշւեց՝ ի լուր աշխարհի յայտարարելով անկախ պետականութեան կերտման վճռական կամքը: Արցախի ժողովրդի այս օրինական պահանջը չընդունւեց Ադրբեջանի կողմից, իսկ հակազդեցութիւնը եղաւ դաժան. Սումգայիթում, Բաքւում, Գանձակում եւ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայերի նկատմամբ կրկնւեցին 1915թ. Հայոց ցեղասպանութեան պատկերները: Այդ ժամանակ ես ուսանող էի մայրաքաղաք Ստեփանակերտի պետական համալսարանում: Երբեք չեմ կարող մոռանալ տուն-տեղ կորցրած, հարազատին իր աչքի առաջ դաժանօրէն մորթած կնոջ եւ երեխաների պատկերները, ովքեր, մազապուրծ փախուստի դիմելով, հաւաքւել էին Ստեփանակերտի հրապարակում եւ ապաստան էին որոնում: Մեզ այլ ելք չէր մնում, քան ցեղասպանութիւնից փրկւելու համար կազմակերպելու ինքնապաշտպանութիւն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իմ հարազատ կուսակցութիւնը, առաջինն էր, որ կանգնեց Արցախի ժողովրդի ինքնապաշտպանութեան կողքին:

Ոտքի էր հայ ժողովուրդը, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ձեռնարկւած ագրեսիան չկոտրեց մեր ոգին, մենք կարողացանք հիմնել ու կառուցել օրէնքի գերակայութեան պետութիւն:

Այո՛, մեր նորանկախ միջազգայնօրէն չճանաչւած պետութիւնն ունէր թերութիւններ, սակայն զարգացման ընթացքն անկասելի էր, քանի որ որդեգրել էինք ժողովրդավարական սկզբունքներով ու համաժողովրդական հանրաքւէով անկախութեան ճանապարհը՝ ընդունելով Սահմանադրութիւն, համապետական ընտրութիւններով ձեւաւորելով օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններ, տարեցտարի բիւրեղացնելով դատաիրաւական համակարգ՝ ժողովրդի վստահութեամբ զարգացնելով տեղական ինքնակառավարման ինստիտուտը:

Դժբախտաբար, մեր թշնամիները եւս անգործ նստած չէին. ամէն գնով իրենց չպատկանող երկիրը զաւթելու նկրտումները չէին մարել: 2020թ. սեպտեմբերին օգտւելով միջազգային ասպարէզում առաջացած պատեհ առիթից՝ Թուրքիայի ուղղակի աջակցութեամբ, ծայրայեղ իսլամական խմբաւորումների մասնակցութեամբ Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային նորմերն ու յատկապէս զէնքի ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով հարցերը կարգաւորելու անթոյլատրելիութեան սկզբունքը, դրժելով իր խոստումներն ու պարտաւորութիւնները միջազգային հանրութեան առջեւ, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ուղղակի ագրեսիայի միջոցով սկսեց պատերազմ: Բռնազաւթեց տարածաշրջանում ազատութեան ու արդարութեան համար պայքարի խորհրդանիշ դարձած Արցախի Հանրապետութեան տարածքի աւելի քան 75%-ը: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործւել են արգելւած զինատեսակներ, ֆոսֆորային ռումբեր, դաժանաբար գնդակահարւել եւ մորթւել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաեւ խաղաղ բնակիչներ, խեղւել են հայ զինւորների մարմինները: Այս բոլորը փաստագրւած է եւ զանազան միջոցներով ներկայացւած միջազգային հարթակներում դերակատութիւն ունեցող կազմակերպութիւններին ու անհատներին: Ցաւօք, լուրջ արձագանք չկայ:

Այսօր Արցախի բնակչութեան աւելի քան 20 տոկոսը դարձել են փախստականներ, զրկւել են իրենց հայրենի պապենական օջախներից, ապրում են ծայրայեղ ծանր պայմաններում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններում: Ադրբեջանն իր նախագահի եւ նախարարների միջոցով յայտարարում է հայկական պատմամշակութային արժէքների խեղաթիւրմանը միտւած քաղաքականութեան մասին: Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումները Թուրքիայի հետ համահունչ անհագուրդ են:

Ընդամէնը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, այս անգամ Հայաստանի Հանրապետութեան սահմաններում Ադրբեջանը շարունակում է նոյն գործելաոճը: Դարձեալ զինծառայողների սպանութիւններ, գնդակահարութիւն, դիակապտումներ, խոշտանգումներ, անդամահատումներ: Վերջին հաշւով դարձեալ լռութիւն:

Այստեղ մի անգամ եւս ուզում եմ ամրապնդել, որ մեր ժողովրդի պայքարը՝ յանուն ազատութեան, յանուն արդարութեան եւ յանուն մեր երկրում ինքնիշխան ապրելու, յարատեւ է լինելու եւ վճռականօրէն շարունակւելու է: Մենք դրա համար շատ արիւն ու քրտինք ենք թափել:

Մեզ համար անընդունելի եւ անհասկանալի է մեր գաղափարակից կուսակցութիւնների ու շարժումների երբեմնի լռութիւնը մեր տարածաշրջանում տիրող անարդարութիւնների վերաբերեալ: ՀՅԴ-ն, հաւատարիմ լինելով ընկերվարական գաղափարախօսութեանն ու էութեանը, իր կեցւածքով եւս համամարդկային արժէքների կրողն է եղել, եւ է: Եւ նոյն ակնկալիքն ունենք ընկերվարութեանը հաւատարիմ բոլոր գաղափարակից անհատներից ու կուսակցութիւններից:

Ես՝ որպէս ազատութեան համար պայքարող ժողովրդի ներկայացուցիչ, այս համագումարում հետեւեալ կոչ-մարտահրաւէրը հնչեցնում եմ որպէս SOS ազդանշան. միջազգային անտարբերութիւնը նոր ոճրագործութիւնների պատճառ է դառնալու, որի ականատեսը եղանք 1915թ., եւ որի ուրւականը այժմ տիրական է դառնում մեր տարածաշրջանում:

Ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը տարածաշրջանում փոխւել է. առաջացել են նոր վտանգներ: Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման համար դերակատարները փոխել են իրենց առաքելութեանը միտւած պարտաւորութիւնները: Եթէ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահները անցեալում իրենց յայտարարութիւններով հաստատում էին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի պարտադիր իրաւական ուժ ունեցող հանրաքւէով կամ ժողովրդական կամարտայայտութեամբ, ապա այսօր նրանք կա՛մ լռում են, կա՛մ խօսում են անվտանգութեան եւ ինչ-որ անհասկանալի իրաւունքների մասին՝ փորձելով թաղել կարգավիճակի եւ ինքնորոշման իրաւունքի հարցը:

Ուզում եմ այս բարձր ու պատասխանատու հարթակից հնչեցնել, որ Արցախի հարցը փակւած չէ, եւ մեր ժողովուրդը շարունակելու է ազատութեան, արդարութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման համար իր պայքարը:

Թէեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել իր ճիգերով Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական հանգուցալուծում տալ եւ ապահովել մնայուն խաղաղութիւն, սակայն անցած 25 տարիներին գործադրւած ջանքերը կանխարգելել են ուղղակի ռազմական բախումները:

- Ուզում եմ կատարել մի քանի հաստատումներ.

- ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմէական են, տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացասում:

- Արցախը ինքնորոշւել է միջազգային բոլոր նորմերին ու պահանջներին հետեւելով, հռչակելով անկախ պետութիւն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետութեան մաս չի կազմել:

- Այսքանով հանդերձ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականութիւն, որի արդիւնքում փորձում է ամբողջապէս հայաթափել Արցախի Հանրապետութիւնը:

- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան սպառնալիքները՝ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, էլ աւելի են տեսանելի դարձնում նոր էսկալացիան, որը կարող է վերածւել լուրջ տարածաշրջանային բախման:

- Արցախի օկուպացւած տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն:

- Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարւում է քաղաքական մեկուսացման քաղաքականութիւն՝ ամէն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիւանագիտական եւ քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետութիւն եւ իրավիճակին հաղորդակից լինելու:

- Գրեթէ ամենօրեայ կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձեւաւորում՝ նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:

- Արցախցիները չեն կարողանում լիարժէքօրէն օգտւել միջազգային օրէնքներով նախանշւած հնարաւորութիւններից, մասնաւորապէս Ադրբեջանի կողմից բռնի տեղահանւածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ եւ տեսանելի ապագայում չկայ նաեւ որեւէ հեռանկար:

- Միջազգային հումանիտար կառոյցները բաւարար աշխատանք չեն տանում եւ չեն կարող մուտք գործել Արցախ՝ իրենց առաքելութիւնը լիարժէքօրէն կատարելու:

Ինձ համար մեծ պատիւ է, որ այսօր ելոյթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարութեան համար պայքարող մեծաթիւ յեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագէնի համագումարին: Այդ ժամանակ նաեւ իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կեանք ապահովելու համար:

Շնորհակալութիւն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։