ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը խորհրդարանից յետ է կանչել Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնաւորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխութեան նախաձեռնութեան իրացման ընթացքում հնչած տարաբնոյթ քաղաքական գնահատականները, ինչպէս նաեւ նախագծի վերաբերեալ հանրութեան շրջանում առաջացած բացասական արձագանգները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարւածութեան հերթական պատճառ դառնալ:
«alikonline.ir» - ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը խորհրդարանից յետ է կանչել Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնաւորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխութեան նախաձեռնութեան իրացման ընթացքում հնչած տարաբնոյթ քաղաքական գնահատականները, ինչպէս նաեւ նախագծի վերաբերեալ հանրութեան շրջանում առաջացած բացասական արձագանգները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարւածութեան հերթական պատճառ դառնալ:
Խորհրդարանում, ընդդիմադիր պատգամաւորների հարցերին ի պատասխան, Արայիկ Յարութիւնեանը յայտարարեց. «Սահմանադրական փոփոխութիւնը մեր երկրի անվտանգութիւնը չի ամրապնդելու, Սահմանադրութիւնը չփոխելով՝ երկիրը չի քանդւելու եւ չի կորցնելու որեւէ բան:
Ընդամէնը, քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամէն ինչ կենտրոնացւած է մէկ անձի ձեռքում՝ դա նախագահն է, իսկ ձեւաւորել նոր իշխանութիւն, պէտք էր գնալ ընտրութիւնների արտահերթ, ինչի համար էլ պէտք էր սահմանադրական փոփոխութիւն, ընտրել եմ այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը բարեբախտաբար չկայ»:
Ըստ Արայիկ Յարութիւնեանի, քանի որ պետնախարարի լիազօրութիւնների վերաբաշխում է եղել, այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչների այդ մտահոգութիւնը չէզոքացել է եւ «սահմանադրական բարեփոխումների վռազելու որեւէ անհրաժեշտութիւն չունենք»: Արայիկ Յարութիւնեանը յաւելեց նաեւ, որ դեռ յայտնի չէ, թէ իր առաջարկած տարբերակն իրացնելու արդիւնքում ի՞նչ խոչընդոտների կը հանդիպէին:
Յիշեցնենք, որ ըստ Արցախի սահմանադրական փոփոխութիւնների հայեցակարգի, նախատեսւում էր փոխել երկրի կառավարման մոդելը՝ սուպերնախագահական կառավարման համակարգից անցում կատարել դէպի կիսանախագահական համակարգ։ Արայիկ Յարութիւնեանի առաջարկով, նախատեսւում էր Ազգային ժողովին տալ լայն լիազօրութիւններ՝ այդ թւում երկրի մայր օրէնքի որոշ դրոյթներում փոփոխութիւններ կատարելու հնարաւորութիւն՝ առանց հանրաքւէի։
Այս եւ այլ հարցերի շուրջ «Առաւօտ»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը:
- Ձեզ համար ընդունելի եւ հասկանալի՞ են սահմանադրական բարեփոխումների նախագծի՝ յետ կանչման առիթով Արայիկ Յարութիւնեանի ներկայացրած պարզաբանումները: Այս գործընթացում բաց հարցեր մնացի՞ն, թէ՞ ոչ. ինչո՞ւ էր գործընթացը նախաձեռնւել եւ ո՞րն էր վերջին պահին մտափոխւելու նպատակը:
- Այդ հարցերը Արայիկ Յարութիւնեանին կարող էք տալ: Ես միայն կարող եմ ասել, որ սահմանադրական փոփոխութիւնների նպատակը՝ պատերազմից յետոյ առաջացած եւ առաջիկայում նկատելի մի շարք հիմնախնդիրներին լուծում տալն էր: Նախ՝ պատերազմից յետոյ, թէ գործող նախագահը, թէ իշխանութիւնը, մասնաւորաբար, գործադիր մարմիններն, աւելի մեծ վստահութեան պաշարի կարիք ունէին եւ դա բոլորը տեսնում էին: Երկրորդ՝ 2025 թւականին աւարտւում է եւ խորհրդարանի, եւ Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման ժամկէտները, այդ նոյն թւականին աւարտւում է նաեւ խաղաղապահների տեղակայման ժամկէտը. մենք գտել ենք, որ ռիսկեր են առաջանում եւ նաեւ, պատերազմից յետոյ, իշխանութեան այդ երկու մարմինների վստահութեան պաշարը հաշւի առնելով, պէտք է գնանք արտահերթ խորհրդարանական եւ արտահերթ նախագահական ընտրութիւնների, 2025 թւականին ընդառաջ՝ ունենանք աւելի մեծ վստահութեան պաշարով եւ գործունէութեան ժամկէտով ԱԺ ու նախագահ: Եւ երրորդն այն է, որ, ընդհանրապէս, ցանկացած սահմանադրական փոփոխութիւն, դա մեր պետականաշինութեան գործընթացում եւս մէկ աւել դրւած քար է եւ ինքնին, դրա կայացումն արդէն կը փաստի, որ Արցախն իր ճանապարհից չի շեղւել ու գնալու է այդ ճանապարհով:
Յաջորդը՝ գործող Սահմանադրութեամբ, կայ պահանջ՝ ԱԺ-ի ու նախագահի միաժամանակեայ գործունէութեան, մէկի հրաժարականի պարագայում, միւս մարմինը ցրւում է. դա վտանգաւոր է յետպատերազմեան շրջանում գտնւող եւ ամէն օր նոր պատերազմի սպասող Արցախի համար: Փոփոխութիւնների նախագծով այդ կապը պէտք էր վերացնել: Սրանք եւ մի շարք այլ խնդիրներ էին պատճառը, որ մենք համաձայնեցինք՝ գնալ սահմանադրական փոփոխութիւնների: Արդէն հայեցակարգային յանձնաժողովը՝ քաղաքական ուժերից բաղկացած, կար, Արայիկ Յարութիւնեանն էլ ձեւաւորեց մասնագիտական յանձնաժողովը: Բոլորն արդէն պատրաստ էին, իր առաջարկով եւ պնդմամբ՝ հիմնաւորումով, որ կան նաեւ անվտանգային այլ խնդիրներ, որոնք հիմա ես չեմ բացի, հնարաւոր է՝ ընտրութիւններում խնդիրներ առաջանան եւ որոշ յօդւածների փոփոխութիւնների լիազօրութիւնը խորհրդարանին պէտք է տալ: Մենք շեշտեցինք, որ դա լաւագոյն տարբերակը չէ, բայց, հաշւի առնելով մեր իրավիճակը եւ սպասւելիք մարտահրաւէրները, քաղաքական ուժերն, այնուամենայնիւ, իր առաջարկին համաձայնեցին՝ յանուն հիմնական խնդրի լուծման: Յետոյ, սկսեցին որոշակի հասարակական կազմակերպութիւնների կողմից խմորումներ, իբր ժողովրդի իրաւունքը տալիս են խորհրդարանին եւ այլն ու այդ պատճառաբանութեամբ, նախագիծը յետ կանչւեց՝ հետագայ լրամշակումների համար: Փաստօրէն, եթէ ժամանակին ԱԺ-ի կողմից խելացի առաջարկներն ինքը լսէր՝ նման իրավիճակի առաջ չէինք յայտնւի: Արայիկ Յարութիւնեանը ամէն օր ստեղծում է խնդիրներ եւ սկսում՝ իբր հերոսաբար, յաղթահարել դրանք: Դա իր գործելու ոճն է: Սա է իրականութիւնը:
- Նա ասաց, որ փակ քննարկման ժամանակ շատ մանրամասների կանդրադառնայ: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունէք, ի՞նչ մանրամասներ հնարաւոր է բացայայտւեն:
- Մեծ ակնկալիքներ, իր պարզաբանումներից, ես երբեւէ չեմ ունեցել եւ չունեմ:
- Հաւանական համարո՞ւմ էք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կասեցումը կապ ունի Ռուբէն Վարդանեանի՝ Արցախ գալու հետ. սահուն իշխանափոխութեան գործընթաց է տեղի ունենում կարծես:
- Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ դրա մասին խօսակցութիւնները եւ այդ ուղղութեամբ աշխատանքները, սկսւել է 2022 թւականի յունւարին, այն ժամանակ Արցախում Ռուբէն Վարդանեան չկար:
- Ողջամի՞տ էք համարում Ռուբէն Վարդանեանի հակընդդէմ առաջարկն Ալիեւին՝ Արցախի անունից բանակցողի դերակատարումը ստանձնելու մասին:
- Ադրբեջանն առաջարկում էր, որին Նիկոլ Փաշինեանն էլ համաձայն է՝ Արցախի ներկայացուցչի՝ նկատի ունի՝ ոչ իշխանութեան ներկայացուցչի, ներգրաւումը բանակցութիւններում ու խնդիրը լինի իբրեւ Ադրբեջանի ներքին գործ: Ռուբէն Վարդանեանի արձագանգը, ես կարծում եմ, որպէս պետնախարար, պէտք է ընդունել այսպէս՝ Արցախն ունի իշխանութիւն եւ պէտք է խօսէք այդ իշխանութեան հետ:
- Դա՞ է պատճառը, որ Ալիեւը, այսպէս ասենք, սրտնեղած է Ռուբէն Վարդանեանի ներկայութիւնից Արցախում, աւելին, հրապարակային նրան անւանեց՝ «Ռուսաստանի դրածոյ»:
- Չեմ կարող ասել՝ դա՞ է պատճառը, թէ՞ այլ աշխարհաքաղաքական պատճառներ էլ կան: Մի բան յստակ կարող եմ ասել՝ Ալիեւը շտապում է ու դրան զուգահեռ պարտւողականութեան դրսեւորումներ է ցոյց տալիս նաեւ Նիկոլ Փաշինեանը:
- Հայաստանի հանրային հեռուստաընկերութեանը տւած իր վերջին հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը խօսեց Արցախի ապառազմականացման մասին՝ ասելով, որ Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարը տեղեկացւած են եղել գործընթացի մասին, աւելին, առաջարկութիւնը հէնց Արցախից է եկել ու ինքը կարծել է, որ ԱՀ խորհրդարանի պատգամաւորներն էլ պէտք է տեղեկացւած լինէին:
- Մենք նման հարցից տեղեկացւած չենք: Նիկոլ Փաշինեանը միշտ մանիպուլեատիւ յայտարարում է, որ ես ներկայացնում են Արայիկ Յարութիւնեանին, Արայիկ Յարութիւնեանն էլ ներկայացնում է… այո, Արայիկ Յարութիւնեանը, ժամանակ առ ժամանակ, մեզ տեղեկութիւն տալիս է. ինչքանո՞վ է Նիկոլ Փաշինեանն ամբողջութեամբ տեղեկացնում Արայիկ Յարութիւնեանին, Արայիկ Յարութիւնեանն էլ մեզ՝ դա, մեղմ ասած, կասկածելի է: Վստահ չեմ, որ ինքն ամբողջութեամբ ինֆորմացիան Արայիկ Յարութիւնեանին է փոխանցում, Արայիկ Յարութիւնեանն էլ ամբողջութեամբ մեզ է փոխանցում:
- Ուշագրաւն այն էր, որ բաւական ուշացումով, Նիկոլ Փաշինեանի այդ յայտարարութեանը Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանեանն արձագանգեց՝ ասելով, որ Արցախի ապառազմականացում չի լինելու եւ որ Արցախի որեւէ պաշտօնեայ նման առաջարկ չի հնչեցրել: Արայիկ Յարութիւնեանը որեւէ կերպ չի արձագանգել Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութեանը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարւում եւ ի՞նչ նպատակով:
- Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ խաղ են խաղում ժողովրդի յետեւում: Յամենայնդէպս, եթէ նկատել էք, Նիկոլ Փաշինեանն ինչ ասում է, Արայիկ Յարութիւնեանը որեւէ կերպ չի հակադարձում նրան: Սա՝ մեզ բոլորիս՝ եւ Հայաստանում, եւ Արցախում, մտորելու կարիք է տալիս:
- Նիկոլ Փաշինեանը օրերս, խորհրդարանում նաեւ յայտարարեց, որ ինքն ընդունել է Արցախի հարցի լուծման, այսպէս ասած, ռուսական տարբերակը ու դա է պատճառը, որ ինքը Արցախի կարգավիճակի մասին չի խօսում: Կարծում էք՝ դա՞ էր պատճառը, որ ընդդիմադիր խմբակցութիւնները վերադարձան խորհրդարան, հարցի լուծման կոնսենսուս կա՞յ:
- Չեմ կարծում: Նախ մէկ տարի չկայ, որ ՌԴ-ն առաջարկ է ներկայացրել. Խովաեւի առաջարկն, իմ տեղեկութիւններով, օգոստոս ամսին է ներկայացւել եւ Նիկոլ Փաշինեանն ինքն էլ յայտարարել է, որ առաջարկն օգոստոսին են ստացել: Իր հերթական մանիպուլեացիաներն են, ուստի, խնդրում եմ, Նիկոլ Փաշինեանից ինձ այլեւս հարցեր մի տւէք. նա մտածում է մի բան, յայտարարում՝ այլ, անում՝ բոլորովին այլ բան, որեւէ բանական մարդ չի կար6ող Նիկոլ Փաշինեանին մեկնաբանել:
Նելլի Գրիգորեան
25.11.2022թ.