Հա

Քաղաքական

27/11/2022 - 14:30

«Մեր լռելը թշնամին դա ընկալում է որպէս թուլութեան նշան ու անցնում գործի». Անդրանիկ Թեւանեան

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, յայտարարութիւն էր ընդունել 44-օրեայ պատերազմի կապակցութեամբ։ Նենգափոխւել է Ղարաբաղեան հակամարտութեան էութիւնը, օգտագործւել է ռազմատենչ հռետորաբանութիւն, Հայաստանին ու Արցախին ներկայացւել են անընդունելի պահանջներ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը։

«alikonline.ir» - Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, յայտարարութիւն էր ընդունել 44-օրեայ պատերազմի կապակցութեամբ։ Նենգափոխւել է Ղարաբաղեան հակամարտութեան էութիւնը, օգտագործւել է ռազմատենչ հռետորաբանութիւն, Հայաստանին ու Արցախին ներկայացւել են անընդունելի պահանջներ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը։

Նա նաեւ նշել է.

«Ադրբեջանի խորհրդարանին պատասխան չտալը, լռելը կարող է մեր թշնամիների ու բարեկամների կողմից ընկալւել որպէս համաձայնութեան նշան։

ՀՀ իշխող մեծամասնութիւնը եւ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինեանը, որպէս կանոն, լռութեան են մատնում մեր դէմ յարձակումները եւ անգամ Ալիեւի անձնական վիրաւորանքները։ Թշնամին դա ընկալում է որպէս թուլութեան նշան ու անցնում գործի։

Յիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնութիւնը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չանդրադարձաւ նաեւ 2021-ի յունիսի 15-ին Շուշիում Ալիեւի ու Էրդողանի ստորագրած հռչակագրին եւ մերժեց խորհրդարանական ընդդիմութեան համապատասխան նախաձեռնութիւնը։ Բացատրութիւնն այն էր, թէ, իբր, Շուշիի հռչակագրի դէմ արւող յայտարարութիւնը կարող է վնասել «խաղաղութեան օրակարգին»։ Ժամանակը ցոյց տւեց, որ դա բլեֆ էր։ Մենք 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ ոչ թէ «խաղաղութեան դարաշրջան», այլ պատերազմի ամենօրեակներ ենք ստացել, ունենք հսկայական զոհեր ու տարածքային նոր կորուստներ։

Օրերս մենք նախաձեռնել ենք ՀՀ խորհրդարանի պատասխան յայտարարութիւն Միլլի Մեջլիսի յայտարարութեանը։ Այս հարցով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենայ դեկտեմբերի 2-ին։ Որպէս նախագծի հիմնական զեկուցող ԱԺ-ում ներկայացնելու եմ հետեւեալ բանաձեւը․

․․․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 2022 ԹՒԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրութեան 103-րդ յօդւածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքի 98-րդ յօդւածը՝

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը

Արձանագրում է.

1. Ադրբեջանը միտումնաւոր խեղաթիւրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էութիւնը, պատմական փաստերը։ Հակամարտութիւնը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ազատ կամքի ճնշման եւ իրաւունքների ոտնահարմանն ուղղւած էթնիկ զտման քաղաքականութեան հետեւանքով, որին յաջորդել է լայնածաւալ ռազմական ագրեսիան` ընդդէմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան:

2. 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի հրամանատարի կողմից ստորագրւել է հրադադարի հաստատման համաձայնութիւն, որով սահմանւած ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

3. Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրաււածութեամբ, 2020 թւականի սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետութեան դէմ՝ խախտելով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից հիմնարար գնահատւած Հելսինկեան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետութիւնների միջեւ յարաբերութիւններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնաւորապէս՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտաւորութիւնը։

4. 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանը եւ այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկութեան դէմ ուղղւած պատերազմական յանցագործութիւններ եւ բարբարոսութիւններ՝ կիրառելով արգելւած զէնքեր, թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը, աւիրելով քաղաքներ եւ գիւղեր։

5. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժէքների ոչնչացման քաղաքականութիւն։ Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային յուշարձաններ, հսկայածաւալ մշակութային ժառանգութիւն, որոնք բացայայտօրէն ոչնչացւում կամ իւրացւում են՝ կեղծելով դրանց պատկանելութիւնը:

6. Կոպտագոյն խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացւած Արցախի շրջաններում եւ 2022 թւականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազաւթւած Հայաստանի Հանրապետութեան տարածքներում անհետ կորածների որոնման աշխատաքները, ինչպէս նաեւ խոչընդոտում է զոհւած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:

7. Ադրբեջանն իր մտադրութիւններով եւ քաղաքականութեամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունութեան աղբիւր, որի ապացոյցներից է 2021 թւականի յունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի եւ դատապարտելի, այսպէս կոչւած, Շուշիի հռչակագիրը:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակւող ագրեսիւ ու միջազգային իրաւունքին հակասող հակահայ քաղաքականութիւնը, որն արտայայտւած է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով

Յայտարարում է.

1. Ադրբեջանը պարտաւոր է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման շրջանակներում անվերապահօրէն կատարել ստանձնած պարտաւորութիւնները, վերջ տալ հայատեացութեանը, ռազմական հռետորաբանութեանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպէս նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականութիւնը:

2. Ադրբեջանական կողմը պարտաւոր է իր զինւած ուժերը անյապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը:

3. Անվերապահօրէն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պէտք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահւող անձանց, զոհւած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման եւ մշակութային արժէքների ոչնչացման, իւրացման քաղաքականութիւնը:

4. Մենք համոզւած ենք, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցութեան բանաձեւ, բայց այն չպէտք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպէտք է ոտնահարի կողմերից որեւէ մէկի իրաւունքները, չպէտք է սպառնայ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը։

5. Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի երկրների համագործակցութեանը, սակայն բացառւում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների եւ ուլտիմատումների լեզուն։

6. Արցախահայութեան իրաւունքներն ու անվտանգութիւնն ապահովելու կարեւորագոյն գործօններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրաւունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։ Արցախի Հանրապետութիւնն ամրագրել է իր անկախութիւնը նախկին ԽՍՀՄ օրէնսդրութեան ու միջազգային իրաւունքի բոլոր նորմերին համապատասխան։

Հայաստանի Հանրապետութիւնը, ՀՀ անկախութեան հռչակագրրի, ՀՀ սահմանադրութեան եւ օրէնքների համաձայն, սատարելու է արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի իրացմանը, անվտանգութեան ապահովմանը եւ Արցախի միջազգային ճանաչմանը։ Արցախը չպէտք է լինի Ադրբեջանի կազմում։

Կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝

- գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, եւ դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազաւթումը,

- պատասխանատւութեան ենթարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ՝ ռազմական յանցագործութիւնների համար,

- նպաստել ՄԱԿ-ի կանոնադրութեան լիարժէք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանը։

Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպութիւններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահւող անձանց վերադարձի հարցում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։