Տպաւորութիւն է, թե բոլորը մտահոգւած են մեր տարածքային ամբողջականութեան պահպանմամբ եւ մեր տարածքով՝ մեզնից բացի։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ասաց միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը։
«alikonline.ir» - Տպաւորութիւն է, թե բոլորը մտահոգւած են մեր տարածքային ամբողջականութեան պահպանմամբ եւ մեր տարածքով՝ մեզնից բացի։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է ասաց միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը։
Նա յիշեցրել է ՀՀ-ում Իրանի դեսպանի եւ ՀՀ գլխաւոր դատախազի հանդիպումը, որի ընթացքում Իրանի դեսպանը նշել է՝ «Ոչ մի երկիր իրաւունք չունի երազելու Սիւնիքի մասին», ինչը նշանակում է, որ Սիւնիքի անվտանգութեան ապահովումը նաեւ Իրանի համար խնդիր է, սակայն, միջազգայնագէտի դիտարկմամբ, եթէ մենք մեր կողմից քայլեր չենք ձեռնարկում՝ մեր սեփական տարածքը, մեր Սիւնիքը պահելու, ազատագրելու համար, որեւէ մէկի վրայ յոյս դնելու իրաւունք չունենք։
«Ակնյայտ է, որ Իրանը յստակեցնում է իր դիրքորոշումը։ Իհարկէ՝ Իրանի ԱԳ նախարարի յայտարարութիւնը, որ Բաքւի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը մէկը միւսի հաշւին չպէտք է լինի՝ այս տրամաբանութեան մէջ է տեղաւորւում, այսինքն, Իրանը որպէս բարի միջնորդ, բարի կամեցող երկիր՝ տարածաշրջանի պետութիւններին եւ երկիր, որը չունի տարածքային յաւակնութիւններ որեւէ հարեւանից, հանդէս է գալիս յայտարարութեամբ՝ ըստ էութեան այն ուղղելով երրորդ երկրներին եւ Ադրբեջանին, որի զինւած խմբաւորումները գտնւում են Սիւնիքի որոշ հատւածներում եւ անօրինական կերպով խոչընդոտներ ստեղծում Հայաստան-Իրան ցամաքային կապի անխափան գործակցութեան եւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ»,- արձանագրեց Բալասանեանը՝ ընդգծելով, որ Իրանը յստակ նշում է, որ ցանկացած երկիր, որը կարող է երազել Սիւնիքի մասին, հանդիպելու է Իրանի հակազդեցութիւնը.
«Միեւնոյն ժամանակ մենք վստահ ենք, որ Իրանի կողմից ողջունւելու է նաեւ Հայաստանի կողմից ձեռնարկւած կտրուկ քայլերը՝ Սիւնիքը մաքրելու, հայկականութիւնը Սիւնիքում ամբողջութեամբ վերականգնելու, Հայաստան-Իրան անխափան կապը վերականգնելու եւ ցամաքային ճանապարհը բերելու այն տեսքին, որն ունեցել ենք մինչեւ 2020թ. 44-օրեայ պատերազմը»։
Բալասանեանի խօսքով՝ այս ուղղութեամբ Հայաստանը նոյնպէս պէտք է քայլեր ձեռնարկի, սակայն կարեւոր է, որ տարածաշրջանային պետութիւնները կարեւորում են Սիւնիքի հայկական մնալը եւ այն, որ Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութիւն անթոյլատրելի է։