Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տւել միջազգային RTVI հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխւելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին եւ մի շարք այլ հարցերի:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տւել միջազգային RTVI հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխւելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին եւ մի շարք այլ հարցերի: Այս մասին գրում է Tert.am-ը:
Խօսելով Արցախ տեղափոխւելու եւ պետնախարարի պաշտօնն ստանձնելու որոշման մասին՝ Ռուբէն Վարդանեանը նշել է, որ ուրախ է այդ քայլը կատարելու համար. «Իմ գալով՝ Արցախի թեման, որը Ադրբեջանի համար իդեալական կը լինէր, որ մոռացւէր, աւելի արդիական է դարձել: Այն, ինչ կատարւում է Արցախում, աւելի շատ մարդկանց է սկսել հետաքրքրել: Այդ իմաստով ես ուրախ եմ, որ Արցախում կատարւող ամէն ինչ քննարկման թեմա է դառնում հայկական, ռուսական, ադրբեջանական եւ միջազգային լրատւամիջոցներում: Ես վերջերս հարցազրոյցներ տւեցի ֆրանսիական եւ գերմանական լրատւամիջոցներին եւ զգում եմ մարդկանց իրական հետաքրքրութիւնը հասկանալու, թէ ինչ է այնտեղ կատարւում, ինչպէս են մարդիկ ապրում Արցախում»:
Ռուբէն Վարդանեանը նշել է, որ դեռ 2018 թւականին, Հայաստանի ապագայ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ առաջին հանդիպման ժամանակ է նրան ասել, որ իրեն յուզող միակ թեման, որի համար պատրաստ է փոխել իր կենսակերպը, Արցախն է. «Ես երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունէութեանը, հիմա եւս չեմ պատրաստւում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է... Ես մշտապէս շատ հետեւողականօրէն ասել եւ հրապարակային յայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, եւ այս տեսանկիւնից ես անթոյլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապէս հետեւի, թէ ինչ է տեղի ունենում Արցախում եւ ոչինչ չանի։ ...Որոշումը, որ պէտք է ինչ-որ բան անել, կայացւեց շատ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդիւնքում։ Որոշակի փուլում մենք հասկացանք, որ ժամանակն է որոշում կայացնելու․ կամ դու՝ որպէս մարդ, ով պատրաստ է պատասխանատւութիւն կրել ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաեւ իր ազգի համար, ընդունում ես դա եւ գնում այդ քայլին, կամ ոչ»:
Պատասխանելով ռազմական գործողութիւնների դադարեցման մասին հարցին՝ Ռուբէն Վարդանեանն ասել է, որ պէտք է գիտակցել, որ այս 30 տարւայ ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթէ մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանութիւնը, դա փակուղի է, քանի որ պարբերաբար այս կամ այն երկրում ի յայտ են գալու դրական կամ բացասական հանգամանքներ... Եթէ Ադրբեջանը նաւթ չունենար, եթէ Թուրքիան չորոշէր պատերազմում ներգրաււել այն ծաւալով, որով ներգրաււած էր, եւ բազմաթիւ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծւելու է մէկ այլ իրավիճակ, եւ այդպէս մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պէտք է մտածենք այն մասին, որ այսպէս չի կարող անվերջ շարունակւել: Կարծում եմ՝ նաեւ ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհւեն»:
Խօսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբէն Վարդանեանը նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտութեան կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիւ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաեւ Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիւ եւ ագրեսիւ միջամտում է Ադրբեջանի ղեկավարութեան գործունէութեանը»։
Անդրադառնալով Արցախի կառավարութեան գործունէութեանը՝ Ռուբէն Վարդանեանը նշել է, որ կառավարութեան ծրագիրն ուղղւած է լինելու Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէերների դիմակայմանը. «Առաջինը՝ Արցախի կարգավիճակի հարցն է. ոչ միայն հարցի իրաւական կողմը, այլ նաեւ միջազգային տիրոյթում Արցախի դիրքաւորման հարցը: Արցախն առանձին սուբիեկտ է, որը պէտք է մասնակցի իր ապագայի վերաբերեալ որոշումների կայացմանը: Սա հսկայական աշխատանք է պահանջում։ Երկրորդն անվտանգութիւնն է։ Պէտք է ամէն ինչ անենք, որ Արցախի հայութեան կեանքին վտանգ չսպառնի: Անվտանգութիւնը պէտք է ապահովեն ինչպէս իրենք՝ Արցախի բնակիչները, այնպէս էլ մեր միջազգային գործընկերները՝ նկատի ունեմ ե՛ւ խաղաղապահներին, ե՛ւ ամբողջ միջազգային հանրութիւնը։ Որովհետեւ գործ ունենք նաեւ հումանիտար աղէտի հետ, այլ ոչ միայն ռազմական: Եւ երրորդը, իհարկէ, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»:
Ի պատասխան հարցի, թէ ով եւ ինչպէս է պատրաստ մասնակցել Արցախի զարգացմանը՝ Ռուբէն Վարդանեանը նշել է, որ մեծ թւով մարդիկ են գալիս, եւ ուրախ է, որ ինքն այս հարցում մենակ չէ. «Երախտապարտ եմ, որ մարդիկ գալիս են ոչ միայն աշխատելու, այլեւ բիզնես հիմնելու, ապրելու նպատակով: Սա ցոյց է տալիս, որ մարդիկ հաւատում են եւ ուզում են առաւելագոյնս օգնել Արցախի բնակիչներին, լինել նրանց հետ»:
Նա նշել է, որ աշխարհում աւելի քան 500 հազար հայ արցախեան արմատներ ունի, եւ նրանցից շատերն իսկապէս մտահոգւած են ու ամէն կերպ ցանկանում են օգնել իրենց հայրենքին: «Կարեւոր է, որ ճիշտ պատկերը ունենան այն ամենի, ինչ հիմա մենք անում ենք, պատկերացնեն, ում հետ են համագործակցում: Նրանք պէտք է տեսնեն այդ ծրագրերի իրականացման թափանցիկ համակարգ: Այդ իմաստով նրանք հնարաւորութիւն ունեն մասնակցել ինչպէս անհատապէս, այնպէս էլ փորձագիտական-խորհրդատվական մեխանիզմների միջոցով, կարող են օգնել իրենց կապերով, փորձով, ինչը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է: Որպէսզի փոխենք իրավիճակը, բոլորս պէտք է միաւորւենք:
Արցախի ապագան այսօր կարեւոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկիւնից»,- ընդգծել է Ռուբէն Վարդանեանը։