Ադրբեջանը փորձում է օգտւել Հայաստանում ստեղծւած իրավիճակից, ՀՀ-ում այս իշխանութեան գոյութիւնից, որոնք Ադրբեջանի առաւելագոյնս հնարաւորութիւններ են բացում ադրբեջանական պահանջատիրութիւն ընդլայնելու եւ խնդիրները դիւանագիտական կամ ռազմական ճանապարհով լուծելու համար: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«alikonline.ir» - Ադրբեջանը փորձում է օգտւել Հայաստանում ստեղծւած իրավիճակից, ՀՀ-ում այս իշխանութեան գոյութիւնից, որոնք Ադրբեջանի առաւելագոյնս հնարաւորութիւններ են բացում ադրբեջանական պահանջատիրութիւն ընդլայնելու եւ խնդիրները դիւանագիտական կամ ռազմական ճանապարհով լուծելու համար: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Ինչ վերաբերում է լաչինի միջանցքին, ապա սեպտեմբերի 1-ից, երբ փոխւեց Հայաստանն Արցախին կապող երթուղու միջանցքային տրամաբանութիւնը, այդ ժամանակւանից էլ մտահոգութիւնը եղել է, որ երթուղու փոփոխութիւնը այլեւս չի լինի 5 կմ-անոց նախանշւած բուֆերային զոնայում եւ փաստացի այդ մտահոգութիւնները կեանքի են կոչւել: Այսօր այն ճանապարհը, որը կապում է Հայաստանն Արցախին, ունի ոչ թէ միջանցքի կարգավիճակ, այլ ճանապարհի: Ադրբեջանը այդ 5-կմ-անոց հատւածում ունի տեղակայւած մարտական դիրքեր: Ադրբեջանն ի սկզբանէ, այս թեման դիտարկել է մէկ փաթեթի մէջ Հայաստանով անցնող հնարաւոր երթուղու մասով: Նրա նախապայմանն այն է, որ դրանք պէտք է ունենան միեւնոյն ռեժիմները: Եթէ Հայաստանն այս իրավիճակում միջանցք չի տրամադրում Ադրբեջանին, ապա Ադրբեջանը սպառնում է Հայաստանը Արցախին կապող ճանապարհին անցակէտեր տեղակայել»,- ասաց պատգամաւորը:
Դա, ըստ նրա, նշանակում է բեռների եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակում եւ ստուգում՝ մաքսային, անվտանգային եւ մնացած բոլոր ռեժիմներով. «Սա նշանակում է, որ Արցախի մեծ թւով մեր հայրենակիցներ պարզապէս Արցախում ապրելու հնարաւորութիւն չեն ունենալու, որովհետեւ այն մարդիկ, որոնք մասնակցել են ռազմական գործողութիւններին, որոնք շարժման ակունքներում են կանգնած եղել, որոնք այս կամ այն փուլերում զինւորական կամ այլ ծառայութեան մէջ են եղել, նրանք Ադրբեջանի սեւ ցուցակներում են, նրանց նկատմամբ կայ քրէական հետապնդում: Այսինքն այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների կեանքը վտանգի տակ են:
Էլ չեմ խօսում այն մասին, որ Ադրբեջանի՝ անցակէտ տեղակայելու գլխաւոր նպատակը հէնց Արցախի հայաթափումն է տարբեր մեխանիզմների գործադրմամբ: Դրա մասին Ադրբեջանի նախագահը խօսում է բաւականին բաց տեքստով: Ասում է՝ ովքեր ուզում են ադրբեջանական անձնագրերով մնան որպէս մեր քաղաքացիներ, պէտք է մնան, ովքեր ոչ, պէտք է հեռանան»,- ասաց «Պատիւ ունեմ»-ի պատգամաւորը:
Այս դէպքում, ըստ Աբրահամեանի, կայ երկու տարբերակ, կամ լինելու է մեր հայրենակիցների վերջնական դուրս բերում Արցախից, կամ լինելու են մարտական գործողութիւններ հնարաւոր բոլոր հետեւանքներով:
«Նորմալ պետութեան պայմաններում Հայաստանը պէտք է շարունակէր անվտանգութեան երաշխաւորի իր կարգավիճակը, յետպատերազմեան հատւածում վերականգնէր իր ռազմական ներուժը եւ թոյլ չտար Ադրբեջանին իր հետ խօսել սպառնալիքի լեզւով: Ադրբեջանի այս յայտարարութիւնների սրութիւնը պայմանաւորւած է նրանով, որ իր դէմ կանգնած է Նիկոլ Փաշինեանը, որի իշխանութիւնը հայ ժողովրդի անվտանգային որեւէ խնդիր չի կարողանում լուծել: Դա կապ չունի փողի կամ մէկ այլ բանի հետ: Այստեղ կայ քաղաքական կամք եւ աշխատահայեացքի խնդիր, այս պարագայում այս իշխանութիւնը որեւէ լուրջ օրակարգային հարց, կապւած Հայաստանի ու Արցախի հետ, չի սպասարկում»,- ասաց Աբրահամեանը:
Հարցին, թէ նոր էսկալացիան հնարաւո՞ր է, Աբրահամեանը պատասխանեց. «Ռիսկերը բաւականին բարձր են եւ որեւէ ձեւով ռազմական գործողութիւնների հաւանականութիւնը չենք կարող բացառել»: