Հա

Քաղաքական

29/11/2022 - 13:15

«Չքնաղ նոր Հայաստանի տօնակատարութիւնը». Վահէ Յովհաննիսեան

Իշխանութիւնն առաջնորդւում է «զանգւածների ուրախութիւնը իմ փրկութիւնն» է բանաձեւով։ Դրա համար բիւջէից ցանկացած գումար դնում է, որ պարտադրւող ուրախութիւնը լինի աւելի զանգւածային։

Ուրախացէք, որ մոռանաք բոլոր զոհերն ու կորուստները, ուրախացէք, որ մոռանաք, որ 150 հազար հայ մեր իշխանութեան օրօք կանգնած է ցեղասպանութեան վտանգի առաջ, եւ ուրախացէք, որ մոռանաք, որ մեր իշխանութեան օրօք ամէն օր կարող է սկսւել նոր պատերազմ՝ նոր զոհերով։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«Առաջներում, երբ դեռ չկար աղէտ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարւում։

Պարտադրւող ուրախութիւնը աւտորիտար եւ կաստայական համակարգերում կարեւոր գործիք է՝ կառավարելիութեան եւ սեփական իշխանութիւնը պահելու համար։

18-19 դարի Ամերիկայում սեւամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից յետոյ ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց հրաժարւելը աւելի կոշտ պատիժ էր առաջացնում։

Նացիստները համակենտրոնացման ճամբարներում ստիպում էին հրեաներին՝ ուրախ թռվռալ, զւարճանալ։

Գուլագներում կին, ամուսին, բարեկամներ ունեցող ընտանիքների միւս անդամները պարտաւոր էին ուրախ եւ զւարթ տեսք ունենալ սովետական համընդհանուր տօներին։

Հաքսլին իր «Նոր չքնաղ աշխարհում» նկարագրում է Ալֆաների վերաբերմունքը մշտական ծանր աշխատանքի մէջ գտնւող եւ աւելիի ոչ մի բանի իրաւունք չունեցող ցածր կաստաների հանդէպ. «Միակ բանը, որը պահանջւում է նրանցից՝ լինել երջանիկ»։

Իշխողների, վերին կաստաների, իշխանութիւնների համար կարեւոր է, որ ամենաանմարդկային պայմաններում անգամ զանգւածները «լինեն երջանիկ»։

Ստիպողական երջանկութիւնն ունի խորքային հոգեբանական նշանակութիւն։ Անմարդկային իշխանութիւնները, աւերածութիւններ բերած կառավարիչները, ստանալով «երջանիկ զանգւածներ», սկսում են մտածել, որ իրենք ճիշտ են, ամէն ինչ նորմալ է, իրենք ոչնչում մեղաւոր չեն, ամէն ինչ բնականոն գնում է։

Երեւանի փողոցներում պարտադրւող նախաամանորեայ եւ նախաեւրատեսիլեան ուրախութիւնը՝ փակւող փողոցներով, գունագեղ լոյսերով, մեծ տօնածառերով, այս շարքից է։

Ամենադժւար պայմաններում անգամ կարելի է կազմակերպել զուսպ տօնակատարութիւն՝ հաշւի առնելով, իրօք, որ կան երեխաներ, կայ ընթացիկ կեանք եւ այլն։

Բայց ընդամէնը սեպտեմբերին 200-ից աւել զոհ տւած երկրում, մի երկրում, որտեղ այդ պահին կան 18-20 տարեկան զինծառայողների չվերադարձւած դիակներ, անմարդկային է նման գռեհիկ պարտադրւող տօնակատարութիւնը։

Իշխանութիւնն առաջնորդւում է «զանգւածների ուրախութիւնը իմ փրկութիւնն» է բանաձեւով։ Դրա համար բիւջէից ցանկացած գումար դնում է, որ պարտադրւող ուրախութիւնը լինի աւելի զանգւածային։

Ուրախացէք, որ մոռանաք բոլոր զոհերն ու կորուստները, ուրախացէք, որ մոռանաք, որ 150 հազար հայ մեր իշխանութեան օրօք կանգնած է ցեղասպանութեան վտանգի առաջ, եւ ուրախացէք, որ մոռանաք, որ մեր իշխանութեան օրօք ամէն օր կարող է սկսւել նոր պատերազմ՝ նոր զոհերով։

Պարտադրւող ուրախութիւնը բերում է հասարակական դեգրադացիոն յարաբերութիւնների. է´լ աւելի են առանձնանում ու տարբերակւում վշտի հանրային շերտը, փուչիկի եւ սալիւտի շերտը, անտարբերների շերտը եւ այլն։ Փոքր Հայաստանում սա շատ գռեհկութեան աստիճանի ցաւոտ է ստացւում։

Բայց արդեօ՞ք մենք հօտ ենք, թէ՞ կարող ենք լինել նորմալ հասարակութիւն, եւ արդեօ՞ք հասարակական մթնոլորտը միայն իշխանութիւնը պիտի ձեւաւորի։

Երբ մենք վերջապէս ձեւաւորենք ազդեցիկ հանրային միաւորներ, կը կարողանանք ազդել նաեւ հանրային ընկալումների վրայ՝ կանգնեցնելով դեգրադացիոն պրոցեսները։

Իսկ այս պահին ունենք միայն մեծ ռեսուրսներով իշխանութիւն՝ կեանքի մասին իր գռեհիկ պատկերացումներով, եւ դրան ի հակակշիռ՝ մի քանի հարիւր անհատների, որոնց ձայնը, սակայն, բացառապէս անհատական է»։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։