Հա

Քաղաքական

29/11/2022 - 14:50

«Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը դադարեցնում է գործունէութիւնը ՀՀ Ազգային ժողովում

«Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը տարածել է յայտարարութիւն, որտեղ ասւած է. ««Վերածնւող Հայաստան» կուսակցութեան խորհրդի 2022 թւականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցութիւնը դադարեցնում է գործունէութիւնը ՀՀ Ազգային ժողովում։

«alikonline.ir» - «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը տարածել է յայտարարութիւն, որտեղ ասւած է. ««Վերածնւող Հայաստան» կուսակցութեան խորհրդի 2022 թւականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցութիւնը դադարեցնում է գործունէութիւնը ՀՀ Ազգային ժողովում։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Կուսակցութեան անդամ չորս պատգամաւորներից երեքը՝ կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը, փոխնախագահներ Հռիփսիմէ Ստամբուլեանն ու Ելենա Կիրակոսեանը, օրէնքով սահմանւած կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարւելու վերաբերեալ:

«Վերածնւող Հայաստան» կուսակցութեան անդամ Զեմֆիրա Միրզոյեւան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնութիւնների համար նախատեսւած քւոտայով, կը շարունակի պատգամաւորական գործունէութիւնը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակաւորապէս սառեցնելով կուսակցութեանն իր անդամութիւնը։

Կուսակցութեան խորհրդի նման որոշումն արդիւնք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ նպատակ ունի որեւէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնութիւնների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղութեամբ հետեւողականութիւնը, որը Զեմֆիրա Միրզոյեւայի գործունէութեան կարեւոր մաս է։

«Վերածնւող Հայաստան» կուսակցութեան խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցութեան այն անդամները, որոնք ներկայացւած են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամաւորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թէ ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դէպքում տւեալ անձինք պէտք է լքեն կուսակցութեան շարքերը։

«Վերածնւող Հայաստան» կուսակցութեան խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդիւնք է։ Մենք բազմիցս յայտարարել ենք, որ խորհրդարանական գործունէութիւնն ու պատգամաւորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցութեան ներկայացուցիչներն արել են առաւելագոյնը՝ ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս առկայ խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղութեամբ։ Եւ, այնուամենայնիւ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր։

Կուսակցութեան խորհրդի որոշումը նաեւ մեր հանրութեան տարբեր շերտերի հետ շփումների եւ քննարկումների արդիւնք է, եւ առաւել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է։

«Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը շարունակելու է իր գործունէութիւնը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցութեան հռչակած արժէքների ու քաղաքականութեան շրջանակներում։ 

Միաժամանակ շնորհակալութիւն ենք յայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան մեր գործընկերներին՝ անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով յաջողութիւն իրենց գործունէութեան ու պայքարի մէջ։

Վստահ ենք՝ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ փոխգործակցութիւնը շարունակական կը լինի նաեւ ապագայում՝ հիմնւած ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրայ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։