«Ընդդիմութեան որոշ ներկայացուցիչների՝ մանդատները վայր դնելու կապակցութեամբ ոգեւորութիւնը, որը նաեւ ընդդիմադիր հայեացքներով հատւածի մօտ է նկատելի, իրավիճակին էմոցիոնալ արձագանգ է։ Այդ թեման թէժացնում է հէնց Նիկոլ Փաշինեանի քարոզչամեքենան»,- կարծում է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը։
«alikonline.ir» - «Ընդդիմութեան որոշ ներկայացուցիչների՝ մանդատները վայր դնելու կապակցութեամբ ոգեւորութիւնը, որը նաեւ ընդդիմադիր հայեացքներով հատւածի մօտ է նկատելի, իրավիճակին էմոցիոնալ արձագանգ է։ Այդ թեման թէժացնում է հէնց Նիկոլ Փաշինեանի քարոզչամեքենան»,- կարծում է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնն երէկ յայտարարեց, որ դադարեցնում է գործունէութիւնը ՀՀ Ազգային ժողովում ու իր երեք պատգամաւորները վայր են դնում մանդատները։ Աւելի վաղ՝ մանդատը վայր դնելու մասին յայտարարել էր նաեւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը։
«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում Վրթանէսեանն ասաց՝ որքան էլ Փաշինեանն այսօր վերահսկում է ԱԺ-ն, միեւնոյն է, կը գերադասի ունենալ իրեն առաւել հնազանդ ու պակաս ռիսկային խորհրդարան, ուստի, խորհրդարանական ընդդիմութեան թիւ մէկ խնդիրը պէտք է լինի ԱԺ-ում առաւել ակտիւանալը։
Վրթանէսեանը շեշտում է, որ միայն քւէարկութեամբ եւ խորհրդարանում ունեցած ձայների քանակով չի որոշւում խորհրդարանական գործիքակազմը, որը ունեն ընդդիմադիր պատգամաւորները։ «Այո, ՔՊ-ն այսօր կարող է, առանց հաշւի նստելու ընդդիմութեան հետ, ընդունել օրէնքներ, բայց ըդդիմութիւնը ունի այլ գործիքներ, որոնք կարող է օգտագործել՝ սկսած ձերբակալւած ցուցարարներին բանտերում այցելելուց, մինչեւ հարցապնդումներ իրականացնելը, որոնց իշխանութիւնը պարտաւոր է պատասխանել, մինչեւ միջազգային հարթակներում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու հնարաւորութիւնը։ Օրինակ, նոյն ԵԽԽՎ-ում, այլ կառոյցներում, օտարերկրեայ դեսպանների հետ կամ Հայաստան ժամանած լուրջ քաղաքական գործիչների հետ հանդիպումներում ընդդիմութիւնը կարող է բարձրացնել հայ ժողովրդին յուզող խնդիրները։ Օրինակ, նոյն Նենսի Փելոսիի այցի ժամանակ միայն ընդդիմութիւնն էր բարձրացրել անվտանգութեան հետ կապւած հարցեր, ինչն արտացոլւել էր Փելոսիի պաշտօնական կայքում, մինչդեռ նիկոլական չինովնիկները խօսում էին տարածաշրջանային բարգաւաճումից։ Այո, այս պահին մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինեանն է ուղղորդում խորհրդարանական մեծամասնութեանը, բայց մենք պէտք է հասկանանք, որ ցանկացած պահի կարող են շրջադարձային զարգացումներ լինել եւ հէնց միայն ԱԺ-ում ներկայութեան շնորհիւ, ընդդիմութիւնը օրինական գործիքներ է ստանում նոր թեկնածու առաջ քաշելու»,- ընդգծում է Վրթանէսեանը։
Նա համաձայն չէ, որ այօսր խորհրդարանում ընդդիմութեան ներկայութիւնը լեգիտիմացնում է Փաշինեանի իշխանութեան գործողութիւնները։ «Եթէ օրինակ, որեւէ փաստաթղթի ստորագրման-վաւերացման հարց առաջանայ, բոլորը կարող են մանդատները վայր դնել, թէեւ, կրկնում եմ՝ դա կը լինի էմոցիոնալ քայլ, գուցէ լաւ շոու, բայց որեւէ կերպ օգուտ չի տայ՝ Հայաստանն այս աղէտից փրկելու գործին։ Աւելին, Նիկոլը չի ընդդիմութեանը խորհրդարան տարել եւ նա պարտաւոր է այնտեղ ներկայացնել ժողովրդի շահերը։ Ես՝ որպէս ընդդիմութեան ընտրողներից մէկը, չեմ կարծում, որ ընդդիմութիւնն ԱԺ-ում այլեւս անելիք չունի եւ սպառել է իր բոլոր հնարաւորութիւնները»,- նշում է Կարէն Վրթանէսեանը։
Նրա խօսքով, արտահերթ ընտրութիւններին ընդդիմութեան մասնակցութիւնն, այն ժամանակ ինչ-որ առումով, լեգիտիմացրեց Փաշինեանի ընտրութիւնը, առնւազն արտաքին աշխարհի աչքերում, բայց, այնպէս չէ, որ ընդդիմութեան տարբեր շերտեր գնացին այդ ընտրութեանը հեշտութեամբ կամ Նիկոլ Փաշինեանին լեգիտիմացնելու նպատակով։
Վրթանէսեանը կարծում է՝ դա ամենաքիչ ցնցումներով իշխանափոխութեան հնարաւորութիւն էր, բայց այլ խնդիր է, որ այդ թւում իր սխալների պատճառով, ընդդիմութիւնն այդ հնարաւորութիւնը չկարողացաւ օգտագործել։
«Հեշտ է ասել՝ լեգիտիմացրիք Նիկոլին, բայց պարզ է, որ նպատակը նրան անցնցում հեռացնելն էր, որովհետեւ հակառակ դէպքում էլ, լինելու էր խորհրդարան, որտեղ նստած էին լինելու տիգրանխզմալեաններն ու էդմոնմարուքեանները։ Ընդ որում, նոյն Մարուքեանն ինքն է խոստովանել, որ անգամ պատերազմից յետոյ ինքն սպասարկել է Փաշինեանի օրակարգը, իբր որպէս ընդդիմութեան ներկայացուցիչ քննադատում էր, ամբիոնից յայտարարութիւններ անում, բայց նա դա խոստովանեց՝ անունը դնելով, թէ ամէն ինչ արեցին պետական յեղաշրջումը կանխելու համար, բայց իրականում դա նշանակում է՝ օգնել Փաշինեանին, որ պատերազմից յետոյ իշխանութիւնը պահպանի։ Ա՛յ, այսպիսի գրպանային ընդդիմադիր կերպարների Փաշինեանը պահում է, որ երբ հերթական ճգնաժամը հրահրի ու յաջորդ արտահերթ ընտրութիւնները լինեն, նրանց համար գործ գտնի»,- բացատրում է Կարէն Վրթանէսեանը՝ նկատելով, որ երբ գործող խորհրդարանական ընդդիմութիւնն էր արտախորհրդարանական, չգիտես ինչու, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների ֆորմատ չէր ստեղծւում։
Կարէն Վրթանէսեանն ընդգծում է՝ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինեանը պառլամենտական համակագի տակ քողարկւած բռնապետութիւն է հաստատւել։