Քաղաքական-հասարակական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Քաղաքական-հասարակական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Երէկ երեկոյեան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հետեւելով Ֆրանսիայի Սենատի երկու շաբաթ առաջ ընդունւած որոշմանը, միաձայն ընդարձակ հայանպաստ բանաձեւ է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւ կոչ անելով սեփական երկրի կառավարութեանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային եւ ապահովելու Հայաստանի ու Արցախի անվտանգութիւնը:
Բանաձեւում յատուկ կարեւորւում է Լեռնային Ղարաբաղի մասով ձեւակերպումը՝ «յորդորում է կառավարութեանը՝ շարունակել իր միջնորդական ջանքերը եւ դիւանագիտական մոբիլիզացիան, որպէսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան անվտանգութեանն առնչւող կայուն լուծում հնարաւոր լինի իրականացնել՝ համաձայն վերը նշւած Ազգային ժողովի թիւ 520 որոշման»: Թէեւ սա համարժէք չէ Լեռնային Ղարաբաղի անկախութեան ուղիղ ճանաչմանը, այն միարժէք հակազդում է թշնամական կողմի այն պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծւած է, եւ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», եւ փաստացի պահանջում է փոխընդունելի երկարաժամկէտ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով:
Ողջունելով այս բանաձեւը, ես ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել այն նախաձեռնած եւ ընդունած պատգամաւորներին, ինչպէս նաեւ բոլոր այն ֆրանսահայ կազմակերպութիւններին, որոնք իրենց հետեւողական աշխատանքով, հնարաւոր են դարձրել այս արդիւնքը՝ սա կարեւոր քայլ է հայկական կողմի դիւանագիտական դիրքերը ամրապնդելու ուղղութեամբ:
Դրանով հանդերձ, պէտք է նշել, որ ինչպէս Սենատի նախորդ բանաձեւը, սա էլ դեռեւս աւելի շատ խորհրդանշական քայլ է Ֆրանսիայի պետութեան կողմից: Այս բանաձեւը իրաւական ուժ կը ստանայ միայն, եթէ այնտեղ ներառւած առաջարկութիւնները գործի դրւեն Ֆրանսիայի գործող կառավարութեան կողմից՝ օրինակ, Հայաստանին կրիտիկական սպառազինութիւն եւ պաշտպանական համակարգեր մատակարարւեն, ընդարձակւի սահմանի վրայ դիտորդական առաքելութիւնը, Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառւեն, եւ վերականգնվի Մինսկի խմբի համանախագահութիւնը, իսկ թշնամու կողմից հետագայ սադրանքների դէպքում Ֆրանսիան նաեւ բացայայտ ճանաչի Արցախի անկախութիւնը:
Որպէսզի սա իրականութիւն դառնայ, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել ներսից հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլեւ բացարձակ կրիտիկական է, որպէսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաեւ Հայաստանի կառավարութիւնը, եւ «ամէն գնով» ագրեսորի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու փոխարէն, հետեւողականօրէն աշխատի Ֆրանսիայի եւ այլ եւրոպական գործընկերների հետ՝ ուժեղացնելու ճնշումը Ալիեւի յանցագործ ռեժիմի նկատմամբ, մասնաւորապէս, պատժամիջոցներ կիրառելու հայութեան դէմ ռազմական յանցագործութիւնների, էթնիկ զտումների եւ մշակոյթային ցեղասպանութեան քաղաքականութեան համար:
Ալիեւի ռեժիմի այս քաղաքականութիւնն արդէն ակնառու է դարձել եւրոպական երկրների հասարակութեանը, կոպտագոյն կերպով հակասում է եւրոպական արժէքներին եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, եւ պէտք է հետեւողական դատապարտման առարկայ դառնայ Եւրոպական բոլոր երկրներում, ոչ թէ փաստացի խրախուսւի Հայաստանի իշխանութիւնների յարմարւողական եւ ապաշնորհ գործողութիւններով: Հիմա ժամանակն է դրա մասին բարձրաձայնել ամէն քայլափոխին, եւ յիշեցնել մեր եւրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտները անընդունելի են, եւ ռուսական գազին այլընտրանք գտնելու մարմաջով, չի կարելի խրախուսել սեփական թեւի տակ ցեղասպան ռեժիմի բարգաւաճումը, եւ մի ամբողջ ժողովրդի տեղահանութիւնը եւ էթնիկ զտումը սեփական պատմական հայրենիքից:
Մինչ այդ, եւս մէկ անգամ շնորհակալութիւն եմ յայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր գործընկերներին, եւ յոյս յայտնում, որ Ֆրանսիական կառավարութիւնը, ունենալով այժմ երկրի օրէնսդիր երկու պալատների անվերապահ աջակցութիւնը, առաջիկայում իրական գործողութիւններով կապացուցի իր նւիրւածութիւնը մեր տարածաշրջանում կայուն, արդարացի եւ ժողովրդների իրական շահերից բխող խաղաղութեան հաստատմանը»։